< ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍ
26.11.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ

Նոյեմբերի 22-ին Արմավիրում կայացավ Հարևանության և գործընկերության եվրոպական մեխանիզմի կողմից ֆինանսավորվող Սև ծովի տարածաշրջանի երկրների համագործակցության համատեղ ծրագրի շրջանակներում կատարվող ,,Հետազոտողների կոլեկտիվ փորձի փոխանցում Ֆերմերներին,, շրջակա միջավայրի պահպանման, գյուղատնտեսության կայուն և էկոլոգիական կազմակերպմանը միտված (ECO AGRI) նախագծի երկրորդ դասընթացները: Հանդիպմանը ներկա էր Արմավիրի ԳԱՄԿ-ի աշխատակազմը, կոոպերատիվների ներկայացուցիչներ, մարզի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության ներկայացուցիչներ, շահագրգիռ գյուղացիական տնտեսություններ: Ներկաներին ողջունեց նախագծի հայկական մասի համակարգող Գ. Ալեքսանյանը՝ շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ներկա գտնվելու համար, նա նշեց, որ դասընթացի նպատակն է արմավիրցի հողօգտագործողներին ներկայացնել սևծովյան ավազանի երկրներում` Ռումինիա,Մոլդավիա,Թուրքիա և Հայաստան մինչ այժմ օգտագործվող պարարտանյութերը, դրանց ազդեցությունը, էկոլոգիական գյուղատնտեսության յուրահատկությունները և նրա լավագույն փորձերը: Այնուհետև հյուրերին ողջունեց Արմավիրի ԳԱՄԿ-ի տնօրեն Լ. Ալեքսանյանը՝ կարևորելով հանդիպումն ու շարունակական համագործակցությունը: Դասընթացի ընթացքում Թուրքիայի Տրաբզոնի գյուղատնտեսական պալատի նախագահ Մ. Յուկշելը ներկայացրեց օրգանական գյուղատնտեսության վարման փորձը, մանրամասնեց օրգանական պարարտանյութերի դերն ու նշանակությունը գյուղատնտեսության մեջ: Դասընթացի սկզբում բոլոր մասնակիցները լրացրեցին հարցաշար, որը վերաբերվում էր գյուղատնտեսության կազմակերպման էկոլոգիական մեթոդների և դրանց մասին ունեցած գիտելիքների մակարդակին: Այսինքն՝ թե ինչ չափով է կիրառվում էկոլոգիական գյուղատնտեսությունը, արտադրվող գյուղմթերքների որ մասն է էկոլոգիապես մաքուր, ինչպիսին է քիմիական և օրգանական պարարտանյութերի արդյունավետությունը, ինչպես նաև ինչ գիտելիքներ ունի մասնակիցը էկոլոգիական գյուղատնտեսության վերաբերյալ: Էրզրումի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի պարտեզամշակման ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր, (ECO AGRI) նախագծի փորձագետ Ս. Էրիշլին ներկայացրեց ,,Թուրքիայի գյուղատնտեսության արդի վիճակն ու այլընտրանքային կիրառությունները քիմիական պարարտանյութերի փոխարեն,, թեման: Դասընթացների ընթացքում մասնակիցները լսեցին նաև ,,Կենսապարարտանյութերի լավագույն փորձի ուսումնասիրությունն և օրինակները Թուրքիայում,,զեկույցը, որը ներկայացնում էր Նարմանի մասնագիտական կրթական ուսումնարանի դոկտոր, պրոֆեսորի ասիստենտ, (ECO AGRI) նախագծի փորձագետ, տիկիկն Ա. Էսռինգուն: Կենսաբանական գիտությունների թեկնածու Կ. Ղազարյանն և Հ. Մովսիսյանը ներկայացրին ,,Ռումինիայում, Հայաստանում, Մոլդովայում և Թուրքիայում մինչ այժմ օգտագործվող պարարանյութերը, Սև ծովի ավազանի վրա (հողեր, ստորգետնյա ջրեր և Սև ծով) դրանց ազդեցությունը, էկոլոգիական գյուղատնտեսության յուրահատկությունները, լավագույն փորձերը,, թեման: Դասընթացի մասնակիցները տեղեկացան Ռումինիայի գյուղատնտեսությունում օգտագործվող պարարտանյութերի տեսակներին, պարարտանյութերի կիրառման հետևանքներին և փոխակերպումներին, քիմիական պարարտանյութերի փոխարեն այլընտրանքային կիրառություններին, Մոլդովայում կիրառվող պարարտանյութերին տեսակներին, համալիր պարարտանյութերին ու մեծաքանակ սննդատարրերին, պարարտանյութերի արդյունավետ օգտագործման փորձի ուսումնասիրություններին: Դասընթացի ընթացքում փորձագետները ցուցադրեցին հոլովակներ, որոնք վերաբերվում էին օրգանական գյուղատնտեսության վարման հայկական և այլ երկրների փորձին: Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին հայկական պարարտանյութերի շուկան, որտեղ հիմնականում գերիշխում է ազոտական պարարտանյութը, որը ֆոսֆորական կամ կալիումական պարարտանյութից գնային առումով ավելի մատչելի է: Հողի կատարված անալիզները ցույց են տվել, որ ՀՀ տարբեր մարզերում քիմիական պարարտանյութերը, հատկապես լայնորեն տարածված և հաճախ օգտագործվող ազոտ պարունակողները, հանգեցրել են աղետալի վիճակի՝ մասնավորապես հողի լրիվ աղքատացման, նիտրատների ու նիտրիտների կրիտիկական խտության բազմակի գերազանցմանը: Իսկ հանրապետության համար արդիական հիմնական խնդիր է համարվում ոչ միայն հողերի բերրիության պահպանումը, այլև դրանցում վնասակար տարրերի խտությունների նվազեցումը: Հանդիպման ավարտին հարց ու պատասխանների միջոցով տեղի ունեցան քննարկումներ և խորհրդատվություն: Ներկաները լրացրեցին դասընթացի ընթացքի վերաբերյալ հարցաշարը:



To top