< Լորի մսի և ձվի բուժիչ հատկությունները
20.11.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Եռատոն՝ Այգեշատի Յուրա Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում

ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Յուրա Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում նոյեմբերի 19-ին եռակի տոն էր. նշվում էր դպրոցի հիմնադրման 90-ամյակը, միջնակարգ դառնալու 50-ամյակը և նույն համայնքի արժանավոր զավակ, Արցախյան պատերազմի փառահեղ հերոս Յուրա Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակը:   Տոնական օրվա առթիվ 90-ամյա կրթօջախն իր հյուրըկալ հարկի ներքո էր համախմբել դպրոցի կայացման ակունքներում կանգնած մեծ թվով մանկավարժների, ուսումնական տարբեր տարիների սաներին, այդ թվում՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, մարզում և հանրապետությունում իրենց գործունեությամբ հայտնի այգեշատցիների ու հյուրերի: Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին բացակաների հիշատակը, ապա ծաղիկներ խոնարհեցին Յուրա Հովհաննիսյանի հուշաքարին:   Այգեշատ համայնքի կյանքում կարևոր տոնակատարության առթիվ ներկաներին շնորհավորեց և բարեմաղթեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ ասելով. <<Օրը շատ հուզումնալից է, քանի որ ես ինքս եղել եմ այս դպրոցի սան: Շնորհավորում եմ բոլորին մեր դպրոցի հիմնադրման 90, միջնակարգ դպրոցի` 50 և դպրոցի արժանի զավակներից մեկի`Յուրա Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ:   Մեր գյուղը հպարտանալու շատ առիթներ ունի, որը գալիս է գյուղի բնակիչների միասնական լինելուց, և այս գաղափարը պետք է փոխանցվի մեր երիտասարդներին՝ այդպիսով հավերժացնելով մեր ավանդույթները... Այգեշատցին չպետք է տրտնջա, քանի որ նա ուժեղ, քարից հաց քամող, մարդկանց պահող ժողովուդ է: Եկեք միասին կերտենք մեր երկիրը, քանի որ անկախության 20 տարիներն իրավունք են տալիս գնալ հավերժություն և ապրել արժանապատիվ կյանքով: Շնորհավոր տոնդ, Այգեշատ: Թող այս օրը մեր գյուղի ամենավատ օրը լինի>>:   Օրվա առթիվ այգեշատցիներին շնորհավորանքի խոսք հղեց նաև համայնքի բազմամյա ղեկավար Արամայիս Մխիթարյանը՝ մասնավորապես ընդգծելով, որ եռատոնն իր մեջ ամփոփում է համայնքի պատմության կարևորագույն էջերը, որոնք պսակվել են փառքով ու պատվով. <<Մենք հպարտանում ենք այս կամարների ներքո կրթված, դաստիարակված, բազում ոլորտներ ճանապարհված մեր համագյուղացիներով: Համոզված եմ, որ մեր դպրոցը պատվով շարունակելու է այս ավանդույթը…   Հարգելի ներկաներ, Արցախյան ազատամարտում հերոսացած Յուրա Հովհաննիսյանի ծննդյան հոբելյանը նշելով՝ մենք ամրագրում ենք մեր համայնքի հայրենասիրությունը և կարևոր մասնակցությունն Արցախյան հերոսամարտին: Թող Յու. Հովհաննիսյանի և համայնքի մյուս ազատամարտիկների հերոսական ոգին ուղեկից լինի բոլորիս և դաս՝ մատաղ սերնդին>>,- իր խոսքում նշեց համայնքապետը:   Դպրոցի հիմնադրմանը և գործունեությանն անդրադարձավ տնօրեն Արմենակ Սարդարյանը՝ իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնելով կրթօջախի անունը և պատիվը բարձր պահած մանկավարժներին և սաներին: Յուրա Հովհաննիսյանի մասին կարևոր և հետաքրքրական հիշողություններով կիսվեց նրա մանկության ընկեր Վաչիկ Ղազարյանը: Օրվա առթիվ տեղի ունեցավ նաև տոնական միջոցառում՝ կրթօջախի սաների մասնակցությամբ:



To top