< Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը
18.11.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Լորի մսի և ձվի բուժիչ հատկությունները

Լորը հավազգիների ընտանիքի ամենափոքր թռչունն է։ Ձմեռում է Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանի հարավ-արևմուտքում։ Ապրիլ-մայիս ամիսներին չվում է դեպի հյուսիս, իսկ օգոստոս-սեպտեմբերին` վերադառնում հարավ։ Բույնը հյուսում է խոտածածկ հողի վրա, ոչ մեծ փոսերի մեջ։ Ամուսնական շրջանում լորի որձը բարձր և բավականին գեղեցիկ ձայնարձակմամբ բացահայտում է իր գտնվելու վայրը. այդ շրջանում հաճախանում են լորերի արյունալի «մարտերը»։ Հնուց լորի որձին պահել են վանդակում` որպես երգեցիկ թռչուն, և կազմակերպել թռչնամարտեր, այդ «սպորտաձևը» հատկապես մեծ տարածում ունի Միջին Ասիայում։ Ի տարբերություն կիվի թռչնի, որն ապրում է նույն կողակցի հետ մինչև կես դար, լորի որձի «հարեմը» բաղկացած է 3-5 էգերից, որոնց կազմը հաստատուն չէ։ Էգը կարող է միաժամանակ տաքացնել 8-20 ձու, հետաքրքիր է, որ տարբեր էգերի ձվերը տարբերվում են իրարից։ Նույն էգի ածած ձվերը միանման են, սակայն, եթե թռչունը փոխի բույնը` կփոխվի նաև ձվերի արտաքին տեսքը։ Ճտերը դուրս են գալիս ձվերից 17-18-րդ օրը, որոնց խնամքով զբաղվում է միայն «մայրը», 6 շաբաթական էգն արդեն կարող է ձվադրել։ Լորի որձի վիզը մուգ շագանակագույն է, էգինը` սպիտակ։ Որքան էլ որ զարմանալի թվա, լորը հեշտությամբ է հարմարվում «վանդակային» կյանքին, սակայն, ի տարբերություն հավի` լորը, որպես օրենք, չի վերադառնում իր վանդակը, եթե հայտնվի ազատության մեջ, նույնիսկ, եթե կյանքին ակնհայտ վտանգ է սպառնում։ Ճապոնացիները լորի տնային տեսակներ բուծելու մոտ մեկ հազարամյակի փորձ ունեն։ Մի շարք երկրներում լորի ձուն շատ մեծ պահանջարկ ունի և սպառվում է աստղաբաշխական քանակությամբ, լորաբուծության մեծ վարպետներ են նաև անգլիացիները, որոնք լոր ճապոնականի մուտացիայի եղանակով ստացել են մի քանի նոր տեսակներ։ Հայտնի է, որ Ճապոնիայում լորի ձու կարելի է գնել ցանկացած առևտրի կետից։ Այդ երկրում բոլոր դպրոցական երեխաներին դասերից առաջ պարտադիր երկու հատ լորի հում ձու են ուտեցնում։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ այդ չափաբաժինը զգալիորեն լավացնում է երեխայի հիշողությունը և նպաստում մտավոր և ֆիզիկական զարգացմանը. երեխան անհամեմատ լավ է յուրացնում դպրոցական ծրագրերը։ Չեռնոբիլի աղետից հետո երեխաներին լորի ձու են տվել` որպես հակաճառագայթային միջոց, և օգնել է։ Լորի ձուն շատ երկար է պահպանվում սենյակային պայմաններում, կարևոր է իմանալ, որ այն երբեք չի վարակվում սալմոնելոզով. այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում խմելուց առաջ հում ձուն 2-3 վայրկյանով ընկղմել եռջրի մեջ և խմել տաք ջրի կամ համապատասխան բուժիչ դեղաբուսային թուրմի (թեյի) հետ։ Լորի բուծումը մեծ թափ է ստանում ողջ աշխարհում, քանի որ թռչնամսի և հատկապես ձվի կանոնավոր ընդգրկումը սննդակարգում զգալիորեն լավացնում է մարդու առողջական վիճակը։ Հավի համեմատությամբ լորի ձուն ունի այն առավելությունը, որ դրանում (նույն զանգվածի դեպքում) մի քանի անգամ ավելի մեծ քանակությամբ օգտակար նյութեր են պարունակվում։ Լորի ձուն աչքի է ընկնում սպիտակուցների և օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուների առատությամբ (մոտ 60 տոկոս), պարունակում է կարոտինային նյութեր, որոնք լավացնում են տեսողությունը։ Լորի մսի էներգետիկ արժեքը 5 անգամ ավելի է, քան հավինը, նաև` ավելի շատ միկրո և մակրոտարրեր կան` կալիում, երկաթ, պղինձ, կոբալտ (և անչափ կարևոր B12 վիտամին), լորի միսն օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուների մատակարար է, պարունակում է մոտ 22 տոկոս սպիտակուցներ և մինչև 4 տոկոս ճարպեր։ Լորի մսի և ձվի օգտակարությունը Լորի միսը բարձրացնում է առնականությունը և ունի դրական ազդեցություն մարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Ձուն և միսը խորհուրդ են տրվում բրոնխների ասթմայի, քրոնիկ թոքաբորբի, թոքախտի, շաքարային դիաբետի, ստամոքսի խոցի դեպքում, ռադիացիայի ենթարկված անձանց։ Լորի ձուն շատ օգտակար է տարեցներին` լավացնում է լսողությունը և տեսողությունը, մեղմացնում է հոդացավերը. կերեք 2-ական հում ձու` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Ձուն ունի նյարդերը հանգստացնող, արյունաստեղծ, լեղամուղ, ճնշումն իջեցնող, վերքամոքիչ հատկություններ։ Հիպերտոնիա. Առաջին երեք օրը կերեք 3-ական հում ձու նախաճաշից առաջ, հաջորդ օրերին` 5-ական։ Շարունակեք 25 օր։ Բրոնխների ասթմա, թոքերի տուբերկուլյոզ. Նույն բուժումը շարունակեք 50 օր։ Այրվածք, կտրվածքներ. Մշակեք վերքը ձվի սպիտակուցով։



To top