< ԶԳՈՒՇԱՑԵՔ ԴԱԲԱՂԻՑ
30.10.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՍԻԲԻՐԱԽՏ

Սիբիրախտը գյուղատնտեսական կենդանիների սուր ընթացող վարակիչ հիվանդություն է: Սիբիրախտով հիվանդանում են գյուղատնտեսական բոլոր կենդանիները: Հիվանդության նկատմամբ զգայունակ է նաև մարդը: Հարուցիչը աերոբ, ուղիղ, անշարժ, համեմատաբար խոշոր ցուպիկ է, որն արտաքին միջավայրում օդի հետ շփվելիս, ջերմության 12-42.5 աստիճանի պայմաններում սպորավորվում է, իսկ օրգանիզմում պատիճ է առաջանում: Սպորները քիմիական և ֆիզիկական ազդակների նկատմամբ խիստ դիմացկուն են: Հիվանդության հարուցիչների աղբյուրը և վարակումը: Հիվանդության հարուցիչների աղբյուրը հիվանդ կենդանին է: Դիակը, վարակված հողը, ջուրը, կերերը հանդիսանում են վարակի աղբյուր, իսկ վայրի կենդանիները, արյունարբու միջատները և տարբեր առարկաներ` տարածման գործոններ: Վարակումը տեղի է ունենում ալիմենտար ճանապարհով և մաշկի միջոցով: Կլինիկական նշանները: Գաղտնի շրջանը 1-2 օր է: Հիվանդությունն ունի շանթահար, սուր /հաճախ/, ենթասուր և խրոնիկական ընթացք: Ըստ պրոցեսի տեղակայման տարբերում են հիվանդության ընդհանուր, աղիքային և պալարային ձևերը: Շանթահար ընթացքի դեպքում, կենդանին օրորվում է, վայր ընկնում, դժվարությամբ շնչում, բերանից, քթից, երբեմն էլ հետանցքից փրփրախառն արյուն է հոսում: Սուր ընթացքը բնորոշ է ջերմության բարձրացումով: Կենդանին ընկճված է, կեր չի ուտում, դողում է, մազերը փշաքաղվում են: Խոշոր եղջերավորների մոտ նկատվում է փքանք: Հիվանդությունը տևում է 1-2 օր և վերջանում մահով: Ենթասուր խրոնիկական ընթացքի դեպքում տավարի մաշկի տակ առաջանում են պալարներ /ուռուցք, կարբունկուլ/: Սկզբում սրանք պինդ են, տաք, ապա դառնում են խմորանման և ցավազգաց: Տավարի և ոչխարների մոտ հաճախ գրգռված ընթացք ունի: Անկումները միջին հաշվով 85% են կազմում: Ախտաանատոմիական փոփոխություններ: Դիակը փքված է, քիչ փայտացած: Բնական անցքերից արյունախառն հեղուկ է հոսում: Արյունը մուգ է և չի մակարդվում: Միսը կարծես խաշած լինի: Դիակը հերձելը ընդհանրապես արգելվում է: Ախտորոշումը: Հաստատում են կլինիկական և համաճարակային տվյալների հիման վրա, բակտերեոլոգիական /ուղարկում են ականջի կտոր կամ արյան քսուկ/ և բիոլոգիական եղանակով:   Բուժումը: Արդյունավետ է գերիմուն շիճուկի և միևնույն ժամանակ անտիբիոտիկների օգտագործումը /պենիցիլին, նիտոքս, ստրեպտոմիցին/: 38% գոլացրած շիճուկը տալիս են տավարին 100-200մլ, ոչխարներին և խեզերին 50-100մլ /ներերակային/: Կարիքի դեպքում շիճուկը կարելի է ներարկել երկրորդ անգամ 6-12 ժամ հետո: Անտիբիոտիկներ ներարկում են ներմկանային, օրը 3 անգամ` 4 ժամ ընդմիջումով: Պալարների շրջապատը ներարկում են բյուրեղային կարբոլաթթվի 3-5% լուծույթով: Աղիքային ձևի ժամանակ կարելի է տալ 4% կրեոլինի լուծույթ:   Պատվաստումներ: Պրոֆիլակտիկ նպատակով աշնանը կատարվում է կենդանիների իմունացում` ենթամաշկային ձևով ներարկելով վակցինա` տավարին 1մլ, ոչխարներին, այծերին` 0.5մլ և խոզերին` 1մլ: Վակցինացման ենթակա չեն հիվանդ, թույլ և հյուծված կենդանիները, մինչև 3 ամսական մատղաշը, իսկ կենդանիները ծնից 2 ամիս առաջ և դրանից 15 օր հետո:   Պայքարի միջոցառումները: Հայտարարում են կարանտին` արgելելով զgայուն կենդանիների ելքը և մուտքը, կենդանիների սպանդը, նրանց մթերքների և կենդանական հումույթի մթերումները: Կարանտինը վերացնում են վերջին հիվանդի անկումից կամ առողջանալուց 15 օր հետո: Դիակները հավաքում և այրում են: Ախտահանում են քլորակրի 4-5% ակտիվ քլոր պարունակող լուծույթով, ֆորմալդեհիդի 4% կամ կծու նատրիումի 10% տաք լուծույթով: Ախտահանությունը կրկնում են 3 անգամ` մեկ ժամ ընդմիջումներով: Հիվանդության նշանների առկայության դեպքում անհապաղ տեղեկացնել անասնաբուժական ծառայությանը:



To top