< ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ՃԻՇՏ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԲԱՐՁՐ ԲԵՐՔԻ ՍՏԱՑՄԱՆ ՀՈՒՍԱԼԻ ԵՐԱՇԽԻՔ
30.09.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՅԳԵԿՈՒԹԸ

Արմավիրում շարունակվում է խաղողի բերքահավաքը: Մարզում մշակվում են խաղողի սեղանի և տեխնիկական սորտեր, որոնք մթերվում են վերամշակող ձեռնարկություների կողմից, ինչպես նաև իրացվում են շուկաններում և արտահանվում են Հայաստանից դուրս: Չնայած մայիսյան կարկուտը մեծ ավերածություններ էր հասցրել մարզի խաղողի այգիների մեծ մասին, բայց արմավիրցի այգեգործը հպարտությամբ կարող է նշել, որ չնայած անբարեհաճ եղանակին, կարողացել է խաղողի առատ բերք աճեցնել, որը այս տարի առանց խոչընդոտների, կարողանում է իրացնել: Խաղողը այն միակ գյուղատնտեսական մշակաբույսն է, որի իրացման համար արմավիրցի այգեգործը ոչ մի խնդիր չունի: Իրացման խնդիր չունենալն է, որ այսօր վերականգնվել է արմավիրցու հավատը այգեգործության նկատմամբ: Չնայած խաղողի այգիների մշակման գործընթացը շատ աշխատատար է և մեծ ներդրումներ է պահանջում, վերջին տարիներին ոչ միայն վերականգնվել են 90-ականներին ոչնչացված խաղողի այգիները, այլև հիմնվել են նոր այգիններ նախկին անմշակ, ամայի հողատարածքներում: Նախորդ տարվա տվյալներով Արմավիրի մարզում խաղողի այգիները զբաղեցնում են 7033 հա տարածություն, որից բերքատու է 5867,9 հա-ն: Նորատունկ այգիների մեծ մասը գինու և կոնյակի հումք հանդիսացող տեխնիկական սորտի խաղողներ են: Այգետերերը իրենց խաղողի հումքը գրեթե ամբողջությամբ վաճառում են Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղին, 1 կիլոգրամը 145 դրամով: Խաղողի մթերում են կազմակերպում նաև Երևանի գինու և կոնյակի գործարանի և Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի մարզում գործող մթերող ձեռնարկություններում: Խաղողի մթերումը մարզում կշարունակվի մինչև հոկտեմբերի առաջին տասնօրյակը:



To top