< ՍԱԹԵՆԻ՚
06.09.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԴԵՂՁԵՆԻ

Դեղձենու հայրենիքը հյուսիսային Չինաստանն է, որտեղ հանդիպում են բնության մեջ աճող բոլոր տեսակները։ Ըստ ավանդազրույցի` դեղձենին աճել է դրախտային այգիներում և պտղաբերել է երեք հազար տարին մեկ անգամ։ Պտուղները նախատեսված են եղել միայն անմահ աստվածների համար։ Մի այլ ավանդազրույցից տեղեկանում ենք, որ Երկնքի աստված Էնլիլը բերել է դեղձենին ոսկյա նավով և նվիրել իմաստնութան քաղաքի բնակիչներին։ Ըստ բուսահնէաբանների` դեղձենին մշակվել է Չինաստանում ավելի քան 3000 տարի առաջ։ Այդ երկրում դեղձը համարվում է առողջության և երկարակեցության խորհրդանիշ, թեև դեղձենու կյանքը շատ կարճ է` ընդամենը 10-15 տարի։ Դեղձենին, ծիրանենին և նշենին պատկանում են վարդազգիների ընտանիքի սալորայինների ենթաընտանիքին։ Դեղձենու հայկական տեսակներն աչքի են ընկնում բարձր համային որակներով, խոշոր չափերով, օգտակար նյութերի բազմազանությամբ։ Մեր հարենիքում աճող տեսակներն ունեն որոշակի առանձնահատկություններ. շաքարների պարունակությունը տատանվում է 10-11 տոկոսի սահմաններում, պարունակում են 30-40 մգ (100 գ հումքի մեջ) P-ակտիվություն ունեցող պոլիֆենոլներ։ Այս երկու հայտանիշներով «նարնջենի» և «զաֆրանի» տեսակների պտուղները մոտ են նեկտարինին։ Ըստ 1960թ. լույս տեսած «Армянская кулинария» գրքի` դեղձի հայկական տեսակները պարունակում են 0,35-0,54 տոկոս օրգանական թթուներ։ Ջ. Հովհաննիսյանը (Կանաչ դեղատուփ, 2005թ.) ներկայացնում է այլ թվեր՝ մինչև 0,8-1 տոկոս (հատկապես խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու)։ Դեղձի պտղամսում պարունակվող օգտակար նյութերի քանակային չափերը կախված են բնակլիմայական պայմաններից։ Հայաստանյան տեսակներում համեմատաբար ավելի շատ են` C (9,4-20 մգ) և E (0,75-1,5 մգ) վիտամինները և բետտա կարոտինը (Հովհաննիսյանը նշում է մինչև 6 մգ)։ Դեղձի պտղամիսը պարունակում է 0,9 տոկոս սպիտակուցներ, 0,3 տոկոս ճարպային թթուներ, 6-14 տոկոս շաքարներ, 0,6-1,3 տոկոս պեկտինային միացություններ, B1, B2 (մինչև 0,2 մգ), B5, B6, նիացին վիտամիններ, ֆոլիաթթու (B9 մինչև 10 մկգ), եթերային յուղեր, խինինի և քլորագենի թթուներ, ներկող և բուրավետ նյութեր։ Դեղձը հարուստ է կալիումով (մինչև 200 մգ 100 գ հումքի մեջ), երկաթով (որոշ տեսակներում՝ 3-4 մգ), պարունակում է նաև կալցիում, մագնիում, ֆոսֆոր, մարգանեց, պղինձ, ցինկ, ֆտոր, սելեն։ Բարձր սննդային արժեքի շնորհիվ խորհուրդ է տրվում դեղձը ընդգրկել սննդակարգում բազմաթիվ հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է միայն շաքարային դիաբետով հիվանդներին, գիրության դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։ Դեղձն ունի միզամուղ, լեղամուղ, ստամոքսահյութի արտազատումը խթանող, մարսողությունը լավացնող, արյունաստեղծ, սրտի ռիթմերը կարգավորող, հիպոտենզիվ հատկություններ։ Դեղձի պտղամիսը հրաշալի ադապտոգեն է. օգնում է օրգանիզմին հարմարվել ոչ բարենպաստ արտաքին ազդեցություններին։ Այս հրաշալի պտուղը օգտակար է կանանց դաշտանադադարի ընթացքում, պտղամսով դիմակները պահպանում են մաշկի թարմությունը, առաձգականությունը։ Դեղձի հյութը պահպանում է պտղամսի օգտակար հատկությունները, պետք է խմել թարմ վիճակում, քամելուց հետո` 5-10 րոպեի ընթացքում։ Համարվում է, որ հյութը կանխարգելում է ծերացումը։ Սրտի ռիթմերի խանգարում, աթերոսկլերոզ, խոլեցիստիտ. Խմեք 50-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Հիպերտոնիա. Խառնեք 35 մլ դեղձի, 25-ական մլ սոխի (սոխուկը) և արոսենի (սևի) հյութեր, կես թ/գ մեղր։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 5 անգամ։ Պահեք սառնարանում։ Խմեք 50-ական մլ դեղձի հյութ` ուտելուց առաջ։ Լյարդի, երիկամների, սրտի հիվանդություններ. Հեռացրեք պտղակեղևը, տրորեք պտղամիսը։ Կերեք 100-ական գրամ` օրը 2 անգամ, ուտելուց 30 րոպե հետո։ Դեղձի չիրը 15 րոպե թրմեք գոլ ջրում։ Կերեք 50-ական գրամ` օրը 2 անգամ, ուտելուց առաջ։ Ստամոքսաբորբ, էնտերոկոլիտ. 200 գ պտղամիսը (առանց կեղևի) 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, տրորեք քամիչով։ Կերեք 50-ական գրամ՝ ուտելու ընթացքում։ Ճարպոտ մաշկ. Տրորեք պտղամիսը, 2 թ/գ հարեք 1 ձվի սպիտակուցի հետ։ Քսեք մաշկին, 15 րոպե հետո լվացեք ծորակի ջրով։ Զգայուն մաշկ. Տրորեք պտղամիսը, 100 գ հումքը խառնեք 1-ական ճ/գ թթվասերի և ձիթապտղի յուղի հետ։ Քսեք մաշկին, 10 րոպե հետո մաքրեք։ Խոնավացնող դիմակ. Խառնեք 50-ական մլ թարմ հյութ և կաթ, թրջոց դրեք դեմքին, պարբերաբար թարմացրեք։ Գործողության տևողությունը 20 րոպե է։ Մանր կնճիռներ.Տրորեք պտղամիսը, 1 ճ/գ խառնեք 1 թ/գ գոլ մեղրի հետ (ոչ բարձր 40 աստիճան C-ից)։ Քսեք դեմքին, 15 րոպեից լվացեք սենյակի ջերմաստիճանի ջրով։ Ժողովրդական դեղատոմսեր դեղձի տերևով Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Դեղձի ծառի տերևների հյութն օժտված է ճիճվասպան հատկությամբ, սպանում է նաև ականջի որդերին։ իջեցնում է ջերմությունը, հագեցնում է ծարավը։ Դրա հյութը օգնում է այրող դողէրոցքի դեպքում»։ Էկզեմա, նեյրոդերմիտ. Մանրացրեք, խառնեք 1-ական ճ/գ դեղձի չորացրած ծաղիկ և տերև, 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, տաք տեղում, քամեք։ Օրը 3 անգամ մշակեք մաշկի հիվանդ մասերը։ Ռևմատիզմ, դժվար միզարձակություն. Խմեք 1 թ/գ դեղձի մատղաշ տերևի հյութ` օրը 1 անգամ։ Օգտակար է նաև փորկապության և գազերի կուտակման դեպքում։ Ճիճվաթափ. 30 գ դեղձի թարմ տերևը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 5 մլ սխտորի հյութ։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 5 օր։ Միզապարկի, շագանակագեղձի բորբոքում. 2 թ/գ դեղձի չոր տերևը 1 ժամ թրմեք 400 մլ տաք ջրում (60-70 աստիճան C), քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։ Թուրմն ունի նաև լուծողական, ցավազրկող հատկություն։ Ինչպես չորացնել և պահպանել դեղձենու տերևները Հավաքեք տերևները բույսի ծաղկման շրջանում։ Կաթսայի մեջ լցրեք սառույց և դրեք մի կողմ։ Հումքը տեղավորեք թանզիֆե պարկի մեջ և 10 րոպե պահեք գոլորոշու վրա (կախեք եռացող ջրից վեր)։ Պարկիկը դրեք հերմետիկ փակվող տարայի մեջ և ընկղմեք սառցաջրում 10-15 րոպե։ Հովացրած տերևները փռեք թղթի վրա և ծածկեք անձեռոցիկով, տեղավորեք հերմետիկ փակվող տարայի մեջ, պահեք սառնարանում։



To top