< ԱՌՎՈՒՅՏԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
11.06.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Այցելություն Խանջյան գյուղ

Արմավիրի մարզի Խանջյան գյուղը արդեն կես դարից ավել պատմություն ունի: Հիմնվելով անցած դարի 50 ականների վերջին` գյուղում բնակվելու եկան Թալինի շրջանից, Ախլքալակից, արդեն 60-ականների վերջին` սիրահայերն ու պարսկահայերը: Մեկ ընտանիքի նման խանջյանցին լծվեց գյուղը շենացնելու գործին: Կիսանապատային վայրը մեկ տասնամակ անց դարձավ շեն ու բարեբեր գյուղ` դպրոցի նորակառույց շենքով, մանկապարտեզով, ակումբով, ասֆալտապատ ճանապարհներով ու գիշերային լույսերով: Անցած դարի 90 ականները իր հետք թողեց նաև Խանջյան գյուղի վրա: Խանջյանցին 21-րդ դարը մտավ վթարային դպրոցով,քանդված ճանապարհներով և բազմաթիվ այլ խնդիրներով:   Այսօր գյուղում կա 400 տնտեսություն, մշակվում է 900 հա հողատարածք, գյուղում զբաղվում են խաղողի,պտղատու այգիների, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ և անասնապահությամբ: Գյուղում այս օրերին ազատ մարդ քիչ կգտնես, բոլորը զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով: Գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Զաքարյանը հպարտությամբ նշեց, որ Խանջյանը այն եզակի գյուղերից է, որտեղ վերջին տարիներին գրեթե արտագաղթ չկա, հիմնականում գյուղի երիտասարդության մի մասն է գնում սեզոնային աշխատանքների: Գյուղում նույն հիմնախնդիրներն են, ինչպես հանրապետության մյուս գյուղերում` վերանորոգման կարիք ունեցող գյուղամիջյան ճանապարհները, չի գործում գյուղի ակումբը, հաճախակի խանջյանցին կանգնում է ստացված բերքի իրացման խնդրի առջև.<<Միայն խաղողի բերքի իրացման հետ խնդիրներ չունենք, բայց խաղողի եկամուտն էլ աշնանն ենք ստանում: Դա էլ հիմնականոմ հազիվ փակում է տարվա ընթացքում կուտակված բանկերի ու բարեկամների պարտքերը>> ծիծաղելով նշում են խանջյանցիները: 15 տարի շարունակ գյուղի մանկապարտեզում դեգերելուց հետո, անցած ուսումնական տարին, խանջյանցի աշակերտները դիմավորել են արդեն հիմնանորոգված դպրոցում: Այժմ խնդիրը մանկապարտեզ ունենալու մեջ է, այն հիմնովին վերանորոգելու կարիք ունի: Սարգիս Զաքարյանը ասաց, որ տնտեսության քառամյա ծրագրում ներառված է գյուղի մանկապարտեզի վերանորոգման հարցը, վերանորոգման մեջ է նաև գյուղի ակումբը: Հիմնովին վերանորոգվել է գյուղապետարանի շենքը: Խանջյանում արդեն ամբողջովին լուծված է ջրամատակարաման խնդիրը: Եթե մի քանի տարի առաջ ոռոգման և խմելաջրի մատակարարման խնդիրները համարվում էին առաջնային ,այսօր դրանք արդեն շուրջօրյա են մատակարարվում: Այս տարվանից իրականացվում է Խանջյանի հեղեղատարի մաքրման և ափի ամրացման աշխատանքները: Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհային բարելավման ծրագրով վերանորոգվում է Արմավիր-Խանջյան ճանապարահատվածը: Չնայած բազմաթիվ դժվարություններին, խանջյանցին չի ընկճվում, հավատում է , որ կգա ժամանակ ու կլուծվեն գյուղի համար կարևոր շատ ու շատ խնդիրներ: Նորից խանջյանցին կապրի շեն ու բարեբեր գյուղում, ինչպես մեզ ասած գյուղի հնաբնակներից մեկը. <<50 տարի առաջ անապատում, օձերի ու կարիճների մեջ շեն գյուղ ստեղծեցինք, ինչն է մեզ խանգարում այսօր այն նորից ունենալու համար, ուղակի մի քիչ սեր ու հավատ է պետք>>:



To top