< ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
06.06.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԱՌՎՈՒՅՏԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Անասնապահության բնագավառում մասնագիտացած գյուղացիական տնտեսությունների համար առաջնահերթ խնդիր է կերի բազայի ապահովումը, որի կարևոր բաղադրիչներից մեկը բազմամյա բակլազգի խոտաբույսերից առվույտի մշակությունն է: Այն պայմանավորված է հետևյալ կարևոր գործոններով` բակլազգի խոտաբույսերի ընտանիքում առվույտն աչքի է ընկնում բարձր բերքատվությամբ և կերային արժեքով, առվույտի մշակությունը նպաստում է հողերի բերրիության պահպանմանը և լավացմանը, առվույտը միավոր տարածությունից ապահովում է բարձր շահութաբերություն և հողը հարստացնում ազոտով` շնորհիվ արմատների հետ սիմբիոզի մեջ գտնվող պալարաբակտերիաների: Առվույտի 100 կգ խոտը պարունակում է մինչև 53.4 կերամիավոր և 11.6 կգ մարսելի պրոտեին, հարուստ է անփոխարինելի ամինաթթուներով, հանքային նյութերով, հատկապես կալցիումով (1.49%) և ֆոսֆորով (0.24%), պարունակում է A, B, C, D, E, K, P, PP վիտամիններ և կարոտին: Մեկ կգ կանաչ զանգվածը պարունակում է 50 մգ, իսկ խոտը` 45 մգ կարոտին: Հողի ընտրությունը: Առվույտը կարելի է մշակել գրեթե բոլոր տիպի հողատեսքերում, սակայն լավագույն են համարվում սևահողերը և շագանակագույն հողերը, որոնք փխրուն են և հարուստ բավարար քանակությամբ սննդանյութերով: Նախորդները: Լավագույն նախորդը կանաչ կերի և սիլոսի համար մշակվող եգիպտացորենն է, վաղահաս կարտոֆիլը, վաղահաս բանջարեղենը, աշնանացան և գարնանացան հացահատիկները, հատիկաընդեղենները, կերի արմատապտուղները: Հողի մշակությունը: Սկսել նախորդ մշակաբույսի բերքահավաքից անմիջապես հետո: Կատարել խոզանի երեսվար` 5-6 սմ խորությամբ: Ջրովի շրջաններում, եթե հողի վերին շերտը չորացել է, անհրաժեշտ է իրականացնել խոնավացնող ջրում 400մ3/հ նորմայով և ցրտավար քեշի ժամանակ: Առվույտը զգայուն է հողի խորության նկատմամբ: Խորը վարի դեպքում` առվույտն առաջացնում է արմատային ուժեղ համակարգ, վարելաշերտում պալարիկների մեծ քանակ, ուժեղ թփակալում, բարձր ցողուններ, խիտ բուսածածկ, միջհարային կարճ ժամկետներ տալիս, բարձր ու լավորակ խոտի և սերմի բերք: Ցրտահերկը կատարվում է 27-30 սմ խորությամբ: Ցրտահերկում խոնավություն կուտակելու նպատակով` ձյան թմբերի և ձնապատնեշների ստեղծման եղանակով լեռնային և նախալեռնային շրջաններում կուտակել ձյուն, ձնաշերտը վարել: Գարնանը` առվույտի ցանքից առաջ, կատարել հողի նախացանքային մշակություն, որը սկսվում է ցրտահերկը փոցխելով, հարթեցնելով և մարգեր կամ ակոսներ հանելով: Անծածկոց ցանքի դեպքում` անհրաժեշտ է ստեղծել մանրահատիկ, լավ սեղմված 1-2 սմ հաստությամբ հողի շերտ: Պարարտացում: Առվույտը պահանջկոտ է օրգանական և հանքային պարարտանյութերի նկատմամբ: 100ց խոտը հողից վերցնում է մոտ 260կգ ազոտ, 270կգ ֆոսֆոր, 150 կգ կալիում և 290 կգ կալցիում: Հողում ազոտի պակասն ազդում է առվույտի ինչպես վեգետատիվ, այնպես էլ գեներատիվ օրգանների սկզբնական ձևավորման վրա: Ֆոսֆորն արագացնում է բույսերի զարգացումը, նպաստում ինտենսիվ ծաղկմանը և պտղագոյացմանը: Կալիումական պարարտանյութերն ուժեղացնում են բույսերի աճի տեմպը, նպաստում ցողունների ճյուղավորմանը, ողկույզների ու ծաղիկների քանակի ավելացմանը, նվազեցնում ծաղկավիժման տոկոսը: Ուսումնասիրություններով պարզվել է, որ առվույտի 100-120ց/հ բերք ապահովելու նպատակով` անհրաժեշտ է հողերը պարարտացնել` գոմաղբով 20-25 տ/հ, N90P60-90K60-90 նորմաներով: Գոմաղբը և կալիումը տրվում են ամբողջությամբ, ֆոսֆորի 2/3-ը` խոր վարի տակ: Ֆոսֆորի մնացած չափաբաժինը` ցանքակից: Ազոտական պարարտանյութերը տրվում են սնուցումների ձևով, որից առաջին սնուցումը վաղ գարնանը` N30 նորմայով, մնացածը` N20 նորմայով, յուրաքանչյուր քաղից հետո: Ցանկալի է` վաղ գարնանը, բույսերի վերաճից առաջ, հող մտցնել 2-3 կգ/հ նորմայով բոր և մոլիբդեն (ազդող նյութի հաշվով): Եթե նախատեսվում է երկու միկրոտարրերը միասին օտագործել, ապա յուրաքանչյուրը տրվում է նախատեսված նորմայի կեսի չափով: Միկրոտարրերը կարելի է տալ նաև կոկոնակալման փուլում` արտաարմատային սնուցման ձևով` 100-150 գ/հ նորմայով, 600-800 լ/հ բանվորական լուծույթով: Լավ արդյունք է ստացվում, երբ ցանքից անմիջապես առաջ սերմերը մշակվում են ռիզոտորֆին բակտերիալ պատրաստուկով: Մեկ հեկտարի սերմ մշակելու համար անհրաժեշտ է օտագործել 200գ ռիզոտորֆեն: Սերմերը նախապես խոնավեցնում են ջրով (5-10 լ/տ սերմի հաշվով), անմիջապես ավելացնում ռիզոտորֆին և լավ խառնում: Ինոկուլյացիան կատարվում է ստվերի տակ, քանի որ արևի ճառագայթների ազդեցությունից բակտերիաները ոչնչանում են: Սերմերի նախապատրաստումը ցանքին: Օգտագործել առաջին և երկրորդ դասի սերմեր, որոնք զերծ են կարանտին մոլախոտերից, հիվանդություններից և վնասատուներից, ինչպես նաև գաղձի սերմերից: Ցանքի ժամկետը եւ նորմաները: Ցանքի լավագույն ժամանակն այն է, երբ հողի 8-10 սմ խորությունում ջերմությունը 5-6 0C է: Նախալեռնային և լեռնային շրջաններում ցանքը կատարել գարնանը կամ ամռանը, քանի որ աշնան ցանքի դեպքում` բույսերը չեն հասցնում թփակալել, արմատավզիկում կուտակել շաքարներ և ձմռան ընթացքում ցրտահարվում են: Գարնանային ցանքը կատարվում է ինչպես ծածկոցով, այնպես էլ` առանց ծածկոցի, իսկ ամառային ցանքը` առանց ծածկոցի: Ցանքը կատարվում է նեղաշար` 7,5 սմ միջշարային տարածությամբ: Ծածկող մշակաբույսի ցանքի նորման իջեցվում է 25-30, իսկ առվույտինը բարձրացվում է 15-20 %-ով: Սկզբում ցանվում է ծածկող մշակաբույսը, այնուհետև` առվույտը: Աշնանացան ծածկոցի դեպքում` առվույտը ցանվում է աշնանացանի վաղ գարնանային փոցխման ժամկետում` շարքերի նկատմամբ ընդլայնական ուղղությամբ: Առվույտի լիարժեք խոտածածկ ստանալու համար ցանքը կատարել 18-20 կգ/հ նորմայով: Թեթև մեխանիկական կազմ ունեցող հողերում ցանքը կատարվում է 2-3 սմ, ծանր կավային հողերում` 1-2 սմ, սևահողերում և շագանակագույն հողերում` 2-3 սմ խորությամբ: Առվույտի խնամքը եւ բերքահավաքը Կյանքի երկրորդ և հետագա տարիներին անհրաժեշտ է վաղ գարնանը և յուրաքանչյուր հարից հետո կատարել ազոտական պարարտանյութերով սնուցում և անպայման դաշտը փոցխել, որի միջոցով խախտվում է հողի մազականությունը, լավացվում է օդա- և ջրաթափանցելիությունը: Փոցխել շարքերին հակառակ ուղղությամբ: Ծածկոց հանդիսացող հացաբույսերը հնձել 15-20 սմ բարձրությամբ, որից հետո դաշտը փոցխել: Խստիվ արգելվում է, հատկապես առաջին տարում, կենդանիների արածեցումը,որովհետև խիստ վնասվում են բույսերի արմատավզիկները: Ջրովի պայմաններում հարերի միջև ընկած ժամանակաշրջանում առվույտը ջրում են 1-3 անգամ` 700-800մ3 /հ նորմայով: Առվույտը կանաչ զանգվածի, խոտի, սենաժի, խոտալյուրի համար պետք է հնձել բույսերի կոկոնակալման շրջանում, երբ դաշտում նկատվում են հատուկենտ ծաղիկներ: Հնձված կանաչ զանգվածը չպետք է թողնել շատ չորանա: Հակավորել վաղ առավոտյան և երեկոյան ուշ ժամերին, երբ որոշ չափով խոտը խոնավանում է, կորուստ չի լինում: Առվույտի հաջող ձմեռումն ապահովելու նպատակով` վերջին հարը կատարվում է տևական ցրտերի սկսվելուց 25-30 օր առաջ: Առվույտի եւ բազմամյա խոտաբույսերի խառը ցանքեր Հողի բերրիության բարձրացման և ստրուկտուրայի լավացման գործում լավ արդյունք է ստացվում, երբ առվույտը ցանվում է բազմամյա հացազգի խոտաբույսերի հետ խառը: Հացազգիներից առվույտի համար լավաույնս զուգակցվում են բազմահար և բարձր ռայգրասները, ոզնախոտը, մարգագետնային շյուղախոտը, տիմոֆեևկան: Խոտախառնուրդները բարձր և որակով բերք են ապահովում հատկապես կյանքի երկրորդ տարում: Ելնելով խոտաբույսերի կենսաբանական առանձնահատկություններից, նպատակահարմար է հացազգիների ցանքը կատարել աշնանը` սեպտեմբերի սկզբին, իսկ առվույտինը` գարնանը: Խոտախառնուրդներում ցանքի նորմաները որոշելիս` պետք է ելնել դրանց մաքուր վիճակում ցանելու ցանքի նորմաներից: Առվույտի, ոզնախոտի և բազմահար ռայգրասի խոտախառնուրդների դեպքում` ցանքի նորման պետք է սահմանել, ելնելով դրանց ծլունակ սերմերի 1:0,5:0,5 հարաբերությունից, առվույտի և ոզնախոտի համար պահպանել 1:1 հարաբերությունը: Առվույտը բարձր ռայգրասի կամ բազմահար ռայգրասի հետ ցանելու դեպքում` վերցվում է մեկ հեկտարին 12կգ առվույտի սերմ, բարձր ռայգրասը 16 կգ, իսկ բազմահար ռայգրասը 18 կգ: Առվուտի հիվանդությունները եւ պայքարի միջոցառումները Հիվանդություններից լայն տարածում ունեն առվույտի ժանգը, գորշ բծավորությունը, ասկոխիտոզը, դեղին բծավորությունը, ալրացողը, կեղծ ալրացողը, ֆուզարիոզային թառամումը, բակտերիլ թառամումը: Լավ արդյունք է ստացվում ծծմբի պատրաստուկների օգտագործումով` 40-45 կ•/հ նորմայով, 1%-ոց բորդոյան հեղուկ:   Առվույտի վնասատուները եւ պայքարի միջոցառումները Առվույտին մեծ վնաս են հասցնում տերևակեր երկարակնճիթը (ֆիտոնոմուս), առվույտի սերմակերը, առվույտի մլուկը, որոնց դեմ պայքարելու համար կարելի է օգտագործել հետևյալ պատրաստուկներից որևիցե մեկը` Ակտելիկ` 1,0, Դեցիս 0,5, Դեցիս պրոֆի 0,05-0,1, Դուրսբան` 1,5, կարատե` 0,15, ֆյուրի 0,15 լ/հա նորմաներով:



To top