< ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
26.04.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

Ամերիկյան գործընկերների հետ քննարկվեցին գյուղատնտեսական կրթության և վերապատրաստման խնդիրներ

Ապրիլի 19-ին Արմավիրի ԳԱՄԿ այցելեցին ԱՄՆ չորս համալսարանների կոնսորցիումի կողմից իրականացվող, Իննովեյթե ծրագրի պատասխանատուներ Թոմ Հեմմեթը, Քիթ Մորը (երկուսն էլ Վիրջինիա Թեք համալսարանից), Նիկի Քերնագհանը (Ֆլորիդայի համալսարան), Նթամ Բահարանյին (Թասքիգիի համալսարան, Ալաբամա նահանգ), Թոմ Գիլը (Փենսիլվանիայի նահանգային համալսարան), ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան կենտրոնական գրասենյակի գիտական քաղաքականության գծով ավագ խորհրդական Կլարա Քոհենը: Վերնոշյալ ծրագիրը նպատակաուղղված է մի շարք զարգացող երկրներում գյուղատնտեսական կրթության և վերապատրաստման կարողությունների զարգացմանը: Ծրագիրը կխթանի նորարարության ու ձեռնարկատիրության զարգացմանը գյուղատնտեսության ոլորտում` նպաստելով սննդապահովությանը, սննդի անվտանգությանը և աղքատության կրճատմանը: Հնգամյա ծրագրի այս նախնական փուլում Հայաստանն առաջին երկիրն է, որ ամերիկյան գործընկերներն այցելել են ծրագրի շրջանակում, իսկ Արմավիրի ԳԱՄԿ-ը` իրենց իսկ ընտրությամբ նախապես մշակված ժամանակացույցով նախատեսված հայաստանյան նպատակային կազմակերպություններից մեկը: ԳԱՄԿ-ի տնօրեն Լևոն Ալեքսանյանի և ԳԱՄԿ-ի առաջատար մասնագետների հետ հանդիպումը, ինչպես նշեցին հյուրերը, շատ արդյունավետ էր և ճանաչողական: Պարոն Ալեքսանյանը ոչ միայն ծանոթացրեց ԳԱՄԿ-ի գործունեությանը, այլև պատասխանեց Հայաստանում գյուղատնտեսական կրթություն և վերապատրաստում իրականացնող բոլոր մակարդակների ուսումնական, գիտական և խորհրդատվական հաստատությունների առջև ծառացած հրատապ խնդիրների վերաբերյալ հյուրերի բազմաթիվ հարցերին` ներկայացնելով ԳԱՄԿ-ի և սեփական տեսակետներն ու պատկերացումները խնդրո առարկայի շուրջ: Նա մասնավորապես անդրադարձավ միջազգային կառույցների կողմից ԳԱՄԿ-երի հետ հետագա գործակցության աշխուժացման կարևորությանը, որը թույլ կտա զարգացնել ԳԱՄԿ-երի` որպես երկրի գյուղատնտեսության և գյուղի զարգացման ոլորտում այսօր արդեն անփոխարինելի դարձած օղակի, կարողունակությունը: Նույն օրը ամերիկյան գոործընկերները ևս մեկ արդյունավետ հանդիպում ունեցան Արմավիրի գյուղատնտեսական քոլեջի կոլեկտիվի հետ:



To top