< ԱՐԺԱՆԻ Է ՄԵԾԱՐՄԱՆ
09.04.2013 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

Ծիրանի այգու հիմնարկեք

Էջմիածնի երկրագործության գիտական կենտրոնում շուրջ 5 հա տարածքի վրա հիմնվել է ծիրանի գենետիկական պահպանման կոլեկցիոն այգի, որի առաջին տնկին տնկել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Ծիրանի նոր տեսակների կոլեկցիոն այգին հիմնվել է կառավարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանման և օգտագործման» ծրագիր շրջանակներում 355 հազար դոլար արժողությամբ: Նպատակը ծիրանի արտադրության խթանումն է, գենետիկ ֆոնդերի պահպանումն ու օգտագործումը։ Ծիրանը մեր ազգային հպարտությունն է, հայկական ապրանքանիշը, որն իր յուրահատուկ համային հատկանիշով տարբերվում է և մրգային զամբյուղում առաջին տեղն է զբաղեցնում: Վերջին 15-20 տարվա ընթացքում գիտական որևէ աշխատանք չի կատարվել ծիրանի գենոֆոնդի պահպանման առումով: Ուսումնասիրությունները ցույց են տվել , որ Հայաստանում կա ծիրանի 82 սորտ, որից գրանցված է 11-ը, և ունի անվանում` Երևանի, Սաթենի, Խոսրովի, Նշենի, Ղևոնդի և այլն: Այդ տեսակներն արդեն տեղ են գտել գյուղնախարարության երկրագործության գիտական կենտրոնի փորձադաշտում, որտեղ սելեկցիայի արդյունքում կստանան նոր սորտեր: Եվրոպայից ներկրվել է ծիրանի 12 նոր սորտ, որոնք կպատվաստվեն տեղական սորտերի հետ, իսկ ստացված նոր տեսակը ըստ նախարարի, կլինի ավելի դիմացկուն, կունենա ապրանքային լավ տեսք, տեղափոխման համար ավելի նպատակահարմար կլինի։ Եթե հայկական սորտերը բերքատու են դառնում 7-րդ տարում, ապա եվրոպական սորտերը՝ 3-րդ տարում և ունենում են բարձր բերքատվություն: Բերքը կհասնի մայիսի առաջին տասնօրյակից մինչև սեպտեմբերի 3-րդ տասնօրյակը։ Եվրոպական սորտերի մշակությունը տարբերվում է մեր տեղական սորտերից, դրանք գաճաճ են, տալիս են ավելի շատ բերք, հասունացման շրջանն ավելի երկար է, 1 հա-ից ստացվում են 30-35տ ծիրան, իսկ մեզ մոտ ավելի պակաս է ստացվում: Մեր երկրում 1 հա վրա տնկվում է շուրջ 180 հատ ծիրանի տեղական տնկի, իսկ եվրոպայում տնկվում է 600-2800 տնկի: Գաճաճ ծառերը ավելի հեշտ են մշակվում ինչպես էտի, այնպես էլ մեխանիզացիայի համար: Ծիրանենու սելեկցիայի արդյունքում նոր այգիներ կհիմնվեն նաև Հայաստանի բարձրադիր գոտիներում՝ Լոռու , Գեղարքունիկի և Արարատի մարզերում , որտեղ սելեկցիոն սորտերը կտեղայնացվեն։



To top