< Հանդիպում Արմավիրում
14.03.2013 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

Մարզպետն այցելեց Հայկավան և Տանձուտ համայնքներ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շարունակում է այցելել մարզի համայնքներ, հանդիպել բնակիչներին և զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ: Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետի ուղեկցությամբ նա այսօր եղավ Հայկավան և Տանձուտ համայնքներում:   Մարզպետի առաջին կանգառը Հայկավան համայնքն էր: 366 հա տարածք, 556 առկա տնտեսություն և շուրջ 1620 բնակիչ ունեցող համայնքում հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։   Ներկայացնելով համայնքի հիմնախնդիրները` բնակիչները մասնաորապես առանձնացրեցին գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման, մանկապարտեզի և մշակույթի տան հիմնանորոգման հարցերը, անդրադարձան հողերի ագրոքիմիական կարգերի ճշգրտմանը: Խոսելով գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների մասին` նախ խնդրեցին մարզպետին հնարավորության սահմաններում ավելացնել պետական ծրագրի շրջանակներում համայնքին հատկացվող ազոտական պարարտանյութի չափաբաժինը, ապա դժգոհություն հայտնեցին գյուղտեխնիկայի, որակյալ սերմացուի բացակայության, մասամբ նաև բերքի իրացան համար:   <<Համայնքներ այցելելու և բնակչության հետ դեմ առ դեմ հանդիպելու մեր նպատակն է հենց համայնքի բնակչից լսելու իր հոգսերն ու խնդիրները և հնարավորության սահմաններում աջակցելու դրանց լուծմանը>>,- իր խոսքում նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և պարզաբանումներ տվեց բարձրացված հարցերի առնչությամբ:   Անդրադառնալով գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման, մանկապարտեզի և մշակույթի տան հիմնանորոգման հարցերին` նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարում այս ուղղությամ աշխատանքներ չեն նախատեսվում, փոխարենը` մարզի հրատապ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով 58 մլն դրամ է հատկացվել համայնքի դպրոցի հիմնանորոգման համար: Իսկ հողերի ագրոքիմիական կարգերի ճշգրտման հարցը ներկայացվել է ՀՀ կառավարություն և առաջիկայում համապատասխան միջոցառումներ կիրականացվեն հարցի լուծման ուղղությամբ:   Մարզզպետի տեղեկացմամբ` պետական ծրագրի շրջանակներում մարզը նախնական 5 հազար, ապա ևս 2 հազար տոննա լրացուցիչ ազոտական պարարտանյութ ձեռք բերելու պահանջարկ է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և այն բավարարվել է ՀՀ կառավարության կողմից: Այժմ Հայկավան համայնքին նախատեսված 36 տոննայից բացի, կհատկացվի ևս 20 լրացուցիչ տոննա ազոտական պարարտանյութ, ինչպես հայտնի է` շուկայականից անհամեմատ ցածր` պարկը 6 հազար դրամ արժողությամբ:   Մարզպետը խոսեց նաև մարզում գյուղտեխնիկայի բազայի թարմացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերի, պետական աջակցությամբ տրամադրվող որոշ սերմացուների և մարզում մթերող կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:   Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հաջորդ կանգառը Տանձուտ համայնքն էր: Շուրջ 657 տնտեսություն և 2200 բնակիչ ունեցող համայնքում ևս հիմնական զբաղմունքը հողագործությունն է, թռչնաբուծությունն ու անասնապահությունը: Բնակչությանը մտահոգող հարցերի բնույթն էլ գրեթե նույն էր:   Այնուամենայնիվ, մարզպետը հանգամանորեն պատասխանեց բնակիչների կողմից բարձրացված բոլոր հարցերին` հավաստիացնելով, որ արվում է առավելագույնը` տարիների ընթացքում կուտակված խնդիրներին օր առաջ լուծում տալու և առաջընթացի նոր ծրագրեր մշակելու ուղղությամբ:



To top