< Ավագ գործընկերոջ իրավունքով
19.12.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից


Լույս ընծայվեց Արմավիրի  ԳԱՄԿ-ի ՙՀայֆերմեր՚ թերթի 100-րդ հոբելյանական համարը: Թերթը, որը լինելով մարզում իր բնույթով ու առաքելությամբ միակը, անցած տարիների իր ողջ գործունեությամբ նպատակ է ունեցել Ձեզ ապահովելու  մասնագիտական խորհրդատվական, տեղեկատվական օգտակար նյութերով:
Կարծում եմ, գյուղատնտեսության բոլոր ճյուղերի վերաբերյալ թերթի էջերում հրապարակված գիտական նորույթները, ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաները, աշխատանքի առաջավոր փորձի նյութերն օգնել են Ձեզ Ձեր գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների վարման արդյունավետության բարձրացման, գյուղմթերքների արտադրության ծավալների ընդլայնման, որակի բարելավման, եկամուտների ավելացման գործում:
 Այն միաժամանակ, բացահայտել ու հրապարակ է հանել մարզի գյուղատնտեսության բնագավառի առկա  հիմնախնդիրները, կնճռոտ ու չլուծված հարցերը, ականջալուր եղել Ձեր մտահոգություններին, աջակցել դրանց լուծմանը: Համոզված եմ, որ թերթը դարձել է  Ձեր  լուռ  գործընկերը, Ձեր գործերի ակտիվ մասնակիցը:
    Հարգելի բարեկամներ, պատմության  գիրկն է անցնում 2012 թվականը:
Ձեր աշխատասիրության, դժվարությունների հաղթահարման գործում դրսևորված անկոտրում կամքի ու համառության շնորհիվ մարզի գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվեցին զգալի հաջողություններ:
    Մի քանի օրից բոլորս նշելու ենք 2013 թվականի գալուստը:
Այդ կապակցությամբ Արմավիրի ԳԱՄԿ-ի աշխատանքային կոլեկտիվի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում Ձեզ քաջ առողջություն, աշխատանքային նորանոր հաջողություններ ու ընտանեկան երջանկություն:
    Թող գալիք` 2013 թվականը, դառնա խաղաղության, բերքի ու բարիքի առատության, խինդ ու բերկրանքի, Ձեր նպատակների ու ակնկալիքների իրականացման տարի:


Լ. Ալեքսանյան
Արմավիրի  ԳԱՄԿ-ի գործադիր տնօրեն



To top