< ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ
25.10.2012 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ՄԱՅԻՍՅԱՆԻ 80 ԱՄՅԱ ԴՊՐՈՑԸ


ՀՀ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցում օրերս  մասնակցեց համայնքի և դպրոցի հիմնադրման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը, որն իրենց ներկայությամբ պատվել էին նաև Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մարզային իշխանության տարբեր ոլորտների պատասխանատուներ: Դպրոցում հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, երգ ու պարով` նրանց հաղորդելով բարձր տրամադրություն և մասնակից դարձնելով տոնական միջոցառմանը: Մայիսյան համայնքի և դպրոցի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառման հանդիսավոր մեկնարկն ազդարարվեց կրթօջախի երկարամյա տնօրեն Ի. Պետրոսյանի բողջույնի խոսքով, որում նա անդրադարձավ համայնքի հիմնադրման ակունքներին` ընդգծելով, որ Մայիսյանում դեռ ապրում են տարեցներ, որոնց աչքի առջև երբեմնի ամայի տարածքը տարիների ընթացքում վերածվել է շեն համայնքի: Կրթօջախի համար Ի. Պետրոսյանը շրջադարձային համարեց 2000 թվականը, երբ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, աշակերտական և ծնողական խորհուրդների հետ համատեղ, շահել է Դպրոցների բարելավման առաջին միջազգային կրթական ծրագիրը, որին հաջորդել են ևս 11 միջազգային և հանրապետական կրթական ծրագրեր:
Դպրոցն այդ ծրագրերի արդյունքում ստացել է լրացուցիչ դրամական միջոցներ, որոնք նպաստել են կրթօջախի նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը և ընթացիկ խնդիրների լուծմանը: Նա անդրադարձավ նաև դպրոցին հասցեգրված պարգևներին, շրջանավարտների հաջողություններին` վստահեցնելով, որ կրթօջախի աշխատանքային կոլեկտիվը լի է վճռականությամբ՝ լուծելու կրթության առջև դրված խնդիրները և կյանք ճանապարհելու հայրենասեր և ՀՀ արժանի քաղաքացիներ: Տոնական օրվա առթիվ մայիսյանցիներին շնորհավորեց նաև մարզպետ Ա. Ղահրամանյանը` ասելով, որ անչափ ուրախ է գտնվելու Մայիսյանում և մասնակցելու համայնքի և դպրոցի հիմնադրման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Այնուհետև մարզպետը դպրոցի տնօրեն Ի. Պետրոսյանին հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի ոսկե մեդալը, որը նա ստացել էր մասնագիտական տոնի առթիվ: Ապա դպրոցի 5 մանկավարժներ արժանացան ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի, ևս 3-ը` ՀՀ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի պատվոգրերին: Տոնական օրվա առթիվ Մայիսյան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի 39 տարեցներ արժանացան դրամական պարգևների, ևս 35-ը` պատվոգրերի և շնորհակալագրերի:


To top