< ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է
03.10.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ԲԵՐՔԻ ՏՈՆՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ




Ամեն տարի հոկտեմբերի 1-ին մարզի տարբեր համայնքներ իրենց բերք ու բարիքով հավաքվում են Արմավիր քաղաքի հրապարակ, որտեղ նշվում է բերքի տոնը: Այստեղ տարբեր համայնքներ ներկայացնում են իրենց գյուղին բնորոշ բերքն ու կազմակերպում հյուրասիրություն: Մարզային իշխանությունների այս նախաձեռնությունը նպատակ ունի ևս մեկ անգամ գնահատել գյուղացու արտադրանքն ու ամփոփել գյուղատնտեսական տարվա բերքատվության արդյունքները:
Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակը տոնական հանդերձանքի և տոնական տրամադրության մեջ էր. ամենուր հնչում էր տոնական երաժշտություն, ելույթ էին ունենում Արմավիր քաղաքի մշակույթի տան սաները, իսկ մարզը ներկայացնող համայնքներն իրենց բերք ու բարիքով ամբողջացրել էին Արարատյան դաշտի կոլորիտը: Յուրաքանչյուր համայնք իր սեղանն էր բացել` լի բերք ու բարիքով, ազգային խոհանոցի ուտեստներով:
Օրվա Առթիվ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանն օրհնեց գյուղացու ստացած բերքը և Հայաստան աշխարհում բերքի առատության համար աղոթք հղեց առ Աստված: Տոնախմբության մասնակիցներին ողջունեց և բարեմաղթանքի խոսք հղեց նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` նշելով, որ մարզի աշխատավոր ժողովուրդը գյուղատնտեսական այս դժվարին ու սակավաջուր տարում մեծ ջանքեր է գործադրել բերք ու բարիք ստեղծելու և իր հանապազօրյա հացը վաստակելու համար: Բարձր գնահատելով գյուղացու քրտնաջան աշխատանքը և քարից հաց քամելու անկոտրուն կամքը` նա վստահեցրեց, որ գյուղացու հոգսով մտահոգ են երկրի բարձրաստիճան այրերը, ոլորտի պատասխանատուները, որոնք անում են հնարավորը հողի մշակի հոգսը թեթևացնելու, գյուղմթերքի իրացման համար նպաստավոր պայմաններ ստեղծոլու նպատակով: Որպես օրինակ` մարզպետը մատնանշեց նախորդ ամիս մարզի Վանանադ համայնքում "Նոյան" պտուղ-բանջարեղենի վերամշակման նոր գործարանի բացումը և գյուղատնտեսական շուկաների թվի ընդլայնումը: Նա իր խսքում կարևորեց նաև ոռոգման համակարգում իրականացված աշխատանքները և այն, որ այս սակավաջուր տարում արվել է հնարավորը գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ քանակությամբ ոռոգման ջուր տրամադրելու համար: Այնուհետև մարզպետը, մարզի հոգևոր առաջնորդը, մարզային իշխանության տարբեր ոլորտների պատասխանատուները մոտեցան բացված սեղաններին, հյուրասիրվեցին ու բարեմաղթեցին հողի լեզուն հասկացող բազմավաստակ մշակներին ու տեղական ինքնակառավարման մարմինների առաջնորդներին:


To top