< 05.06.2012թ ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
06.06.2012 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ, Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

Արտամետ համայնքում գործարկվեց առաջին հակակարկտային կայանը



ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ Արմավիրի մարզի Արտամետ համայնքում այսօր գործարկվեց առաջին հակակարկտային կայանը, որը կարկուտից կպաշտպանի համայնքի 80-100 հա մշակովի հողատարածք: Հակակարկտային կայանի գործարկմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, «Բարվա» ինովացիոն կենտրոնի նախագահ Արամ Վարդանյանը, Արտամետ համայնքի ղեկավարը, համայնքը սպասարկող "Շենիկ" ՋՕԸ-ի տնօրենը, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ և այլոք:

2008 թվականից մինչ այժմ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն, ընդհանուր առմամբ, 165 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզի տարածքում թվով 23 հակակարկտային կայան տեղադրելու համար: Միայն այս տարի ընկերությունն արդեն 45 մլն դրամի ներդրում է իրականացրել մարզի Բաղրամայանի տարածքի Քարակերտ, Լեռնագոգ, Շենիկ, Արգինա և Արտամետ համայնքներում ութ միավոր հակակարկտային կայանի արտադրման և տեղադրման համար:

Անցյալ տարի վերը նշված համայնքներում կարկուտը վնասել է գյուղատնտեսական ապրանքների շուրջ 60 տոկոսը: Մշակովի հողատարածքները կարկուտից պաշտպանելու ամենաիրատեսական տարբերակը հակակարկտային կայանների տեղադրումն է, որով  նվազագույնի է  հասցվում գյուղացու բերքի կորուստը:

Շնորհակալություն հայտնելով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին մարզին նմանատիպ աջակցություն ցուցաբերելու համար` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ այն լուրջ օգնություն է գյուղացիներին, նրանց տնտեսությունների զարգացմանը, քանզի հակակարկտային կայանների առկայությամբ նրանց բերքն 80-90 տոկոսով պաշտպանվում է կարկտի աղետալի վնասներից: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ թվով 69 հակակարկտային կայան էլ մարզի 19 համայնքում տեղադրվել է պետական ծրագրով: <<Հակակարկտային կայանների առկայությունը փրկություն է մարզի գյուղացիական տնտեսությունների համար, դրանում համոզվել ենք, ևս 4-5-ը  տեղադրելու դեպքում մարզն ամբողջությամբ կպաշտպանենք կարկուտից>>,-ասաց մարզպետ Ղահրամանյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով` հակակարկտային կայանների տեղադրման ծրագիրը ռազմավարական նշանակոթյուն ունի և այն շարունակական է լինելու: <<Ծրագիրը կիրականացվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա, քանի դեռ գյուղացու բերքն ամբողջությամբ ապահովված չէ կարկուտից>>,- իր խոսքում նշեց Ռալֆ Յիրիկյանը:

 


To top