< Ի գիտություն մարզի բոլոր գյուղացիական տնտեսություններին
04.05.2011 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՔԻՄԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ


    ,,Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի,, հասարակական  կազմակերպությունը, չեխական Արնիկա ասոցիացիայի հետ համատեղ, իրականացնում է  ,,Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով  բնակչության քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում,, ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Արարատի մարզում իրականացվել է հետազոտություն, ուսումնասիրվել է մարզում թունաքիմիկատների կուտակումների քանակական արդյունքները, բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
    Մայիսի 3-ին Արմավիրի ԳԱՄԿ-ում տեղի ունեցավ սեմինար, որը կազմակերպել էր  ,,Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի,, հասարակական  կազմակերպությունը:
    Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների իրավիճակի մասին ներկայացրեց ծրագրի համակարգող, ագրոէկոլոգ Լուսինե Նալբանդյանը: Սեմինարի մասնակիցները ծանոթացան ՀՀ-ում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմանը, մանրամասներ վարքագծի միջազգային կոդեքսը թունաքիմիկատների բաշխման և օգտագործման ոլորտում:
    Թունաքիմիկատների անվտանգ օգտագործման, ընդհանուր նկատառումների,  շրջակա միջավայրի և մարդկանց պաշտպանության անհրաժեշտության մասին  խոսեց էկոլոգիական անվտանգության և հիգիենայի բաժնի վարիչ Լիլիկ Սիմոնյանը: Մանրամասը ներկայացվեց թունաքիմիկատի օգտագործման նպատակահարմարությունը և չափաքանակները, թունաքիմիկատների գնումը, պիտակի կարևորությունը և բովանդակությունը, պաշտպանիչ միջոցառումներ թունաքիմիկատների տեղափոխման, պահպանման և օգտագործման ժամանակ, թունաքիմիկատի հետ աշխատանքի սահմանափակումները, անհատական պաշտպանիչ միջոցներն ու սարքերը, թունավորման ախտանշաններն ու առաջին օգնությունը թունավորման դեպքում:
    Ծրագրերի օգնական Քնարիկ Գրիգորյանն էլ խոսեց վնասատուների ինտեգրացված կառավարման ֆերմերային դպրոցի, այլընտրանքային թունաքիմիկատների մասին: Ընթացքում Լ. Նալբանդյանը ներկաներին պատմեց կայուն գյուղատնտեսության, օրգանական գյուղատնտեսության նպատակների, արտադրանքի մարկետինգի, օրգանական գյուղատնտեսության անցման փուլերի մասին:
    Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում. բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Արմավիրի ԳԱՄԿ-ի գործադիր տնօրեն պրն. Լ. Ալեքսանյանն էլ ողջունեց հասարակական կազմակերպության հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնեց սեմինարի կազմակերպիչներին:


To top