< ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ԱՐՄԱՎԻՐ
08.04.2011 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԷՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ


Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցեց Այգեկ համայնքի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցն անվանակոչվել է ազատամարտիկ Մուշեղ Մովսիսյանի անունով, ով ծնունդով այգեկցի է:
Միջոցառմանը ներկա էին նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:
Բարձրաստիճան պաշտոնյաները` նախագահի գլխավորությամբ, շրջեցին դպրոցում, ծանոթացան կատարված աշխատանքներին, աշակերտների համար ստեղծված պայմաններին:
Այգեկի դպրոցի կառուցումն սկսվել է 2007 թվականին` պետական բյուջեի հաշվին, սակայն դպրոցի արտաքին եւ ներքին հարդարման աշխատանքներն իրականացվել են մոսկվաբնակ բարերար Ռուբեն Մանուկյանի միջոցներով: Մ. Մովսիսյանի անվան միջնական դպրոց կհաճախի 183 աշակերտ:
Այնուհետեւ Նախագահ Ս. Սարգսյան ԳՆ Ս. Կարապետյանի հետ այցելեց Արեւաշատ համայնքում գտնվող ,,Արաքս թռչնաֆաբրիկա,, ՓԲԸ, որտեղ արտադրական հզորությունների ավելացման նպատակով կառուցվում է մսատու թռչնի մայրական հոտի աճեցման եւ պահպանման համալիր, իսկ ս.թ. մարտին արդեն շահագործման է հանձնվել ,,Արաքս թռչնաֆաբրիկա,, ՓԲԸ-ի նոր կիսաֆաբրիկատների արտադրամասը:
Հյուրերը եղան նաեւ Էջմիածնի ,,Բիգա,, եւ ,,Ամստեր Ֆլաուերս,, հայ-հոլանդական համատեղ ձեռնարկությունում, ծանոթացան արտադրությանն ու աշխատանքային պայմաններին: ,,Բիգա,, ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին եւ զբաղվում է բարձրորակ սունկի արտադրությամբ: Ընկերությունում օրական հավաքվում է 900-1000 կգ շամպինյոն:  Ընկերությունը առաջիկայում նախատեսում է ընդլայնել արտադրության ծավալները, կառուցել նոր ջերմոցներ` լոլիկի, վարունգի եւ պղպեղի աճեցում կազմակերպելու նպատակով: Այդ կապակցությամբ 2010թվականի դեկտեբերի 21-ին ,,Ամստեր Ֆլաուերս,, ընկերությունը պայմանագիր է կնքել հոլանդական ,,Ամմերլաան Քոնսթրաքշն,, ընկերության հետ: Նախատեսվում է նաեւ մասնագետների վերապատրաստում:
ՙ,,Ամստեր Ֆլաուերս,, հայ-հոլանդական ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին: Ընկերության հիմնական նպատակը Հայաստանում ֆիտոդիզայնի եւ լանդշաֆտային դիզայնի զարգացումն է, ինչպես նաեւ Հայաստանի պայմաններին համապատասխան տնկանյութերի աճեցումն ու բազմացումը:
Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը Գյուղնախարարի հետ եղավ նաեւ Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում` ներկա գտնվելով Շենիկի ինքնահոս համակարգ գործարկմանը: Նախքան ինքնահոս համակարգի վերականգնումը, ոռոգվել է 600 հեկտար հողատարածք, իսկ աշխատանքների ավարտից հետո ոռոգելի հողատարածքները կավելանան եւս 500 հեկտարով` ընդհանուր ոռոգելի հողատարածքները հասցնելով 1100 հեկտարի: Համաշխարհային բանկի եւ Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի վերջին երկու տարիների համագործակցության արդյունքում վերականգնվել են Թալինի մայր ջրանցքի առավել քայքայված հատվածներն ու կառուցվածքները, եւ ներկայումս այն հանդիսանում է Շենիկի ինքնահոս համակարգը սնուցող հիմնական ջրաղբյուրը:
     Արմավիրի մարզ կատարած այցի վերջին կանգառը Արաքս համայնքն էր: Արաքսում հյուրերն այցելեց Արմավիրի մայր ջրանցքի տեղամաս, ծանոթացան կատարված աշխատանքներին: Նշենք, որ ջրաղբյուրը Արաքս գետն է, իսկ ջրընդունիչի գլխամասային կառույցը, որը կառուցվել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորված Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում, ունի միջպետական նշանակություն: Արմավիրի ոռոգման համակարգի տակ ընկած հաշվարկային սպասարկման տարածքը կազմում է 23.900 հեկտար: Շուրջ 5.000 հա սեփականաշնորհված գյուղատնտեսական հողեր չէին ոռոգվում տարբեր պատճառներով, որոնցից մեկն էլ ջրի կորուստներն էին մայր ջրանցքներում: Այդ հողերից 2.300 հա հնարավոր կլինի ոռոգել հիշյալ ծրագրի շրջանակներում` Արմավիրի ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքների իրականացումից հետո:


To top