< ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ
17.03.2011 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ՄԱՐԶԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ



Օրերս շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և մարզպետների մասնակցությամբ փոխվարչապետի մոտ քննարկվել են գարնանային հեղեղումների ժամանակ հնարավոր խնդիրներն ու դրանք կանխելու հետ կապված հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը տեղեկացրեց, որ Արարատի և Արմավիրի մարզերում արդեն սկսվել են Արաքս գետի վթարային արգելաթմբերի և ափապաշտպան պատնեշների վերակառուցման աշխատանքները, որոնք սահմանված ժամկետներում կավարտվեն:
Իսկ Հայպետհիդրոմետի տնօրեն Լ. Վարդանյանը, ներկայացնելով եղանակային կանխատեսումները, նշեց, որ գետերի մակարդակն այս գարնանը նորմայից փոքր-ինչ բարձր կլինի, ջերմաստիճանի կտրուկ բարձրացումների դեպքում առանձին հատվածներում հնարավոր են լարված իրավիճակներ:
Քննարկման ժամանակ մարզպետները ներկայացրին այն հնարավոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ իրենց մարզերում:
ՀՀ փոխվարչապետը հանձնարարեց, որպեսզի ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարությունների, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, մարզպետարանների ներկայացուցիչները համատեղ ուսումնասիրեն Արմավիրի մարզի, Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի սելավատարների, Գավառագետի, Ախուրյանի, Աղստեւի խնդրահարույց հատվածները և տասնօրյա ժամկետում ներկայացնեն առաջարկություններ` առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների, դրանց համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ:
Խորհրդակցությանը քննարկվեց ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում Արաքս գետի հունից ավազի արդյունահանման և ափապաշտպան կառույցների վերականգնման կարգի նախագիծը: Հաշվի առնելով, որ ներկայումս առավել հրատապ է ափապաշտպան միջոցառումների իրականացումը, իսկ նոր կարգի ընդունումն ավելի երկարատև գործընթաց է, փոխվարչապետն էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ մշակել և  կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ, որով ավազի արդյունահանում կթույլատրվի ափապաշտպան կառույցները վերականգնող ընկերություններին:


To top