< ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
14.03.2011 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ օրերս մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ա. Ասատրյանը տեղեկություններ ներկայացրեց անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացի վերաբերյալ:
Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները` հնարավոր բոլոր շահառուներին համակարգում ներառելու համար, եւ խնդիրը պահել իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Քննարկվեց նաեւ ՙՀազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան՚ ՊՈԱԿ-ի երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրով համայնքների կողմից ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման հարցը: ՙՀՄՀ -Հայաստան՚ ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը մարզպետներին տեղեկություններ ներկայացրեց երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրում ընդգրկված կապալառու ընկերությունների մասին: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց առաջիկա օրերին հանդիպել կապալառու ընկերությունների հետ` աշխատանքների ժամանակացույցը համատեղ կազմելու համար: Նա նաեւ հորդորեց ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների ընթացքը, ինչպես նաեւ աշխատել համաֆինանսավորում չիրականացրած համայնքների հետ` ստանձած պարտավորությունները կատարելու ուղղությամբ:
ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Կ. Գեւորգյանը ներկայացրեց տարվա ընթացքում մարզերում կենտրոնի կողմից իրականացվելիք ծրագրերը` նշելով, որ կենտրոնն ակնկալում է սերտ գործակցություն մարզպետարանների հետ:  Կենտրոնը հնարավորություն ունի ընդհանուր 5,5 մլրդ դրամի չափով մարզերում վարկավորել այն գործարար ծրագրերը, որոնք կիրականացվեն պետության համար գերակա համարվող ոլորտներում: Ա. Գեւորգյանը կենտրոնի ղեկավարին առաջարկեց հստակեցնել մարզերի հետ գործակցության մեխանիզմները եւ դրանք ներկայացնել մարզպետներին` աշխատանքներն ու նախատեսված ծրագրերն ավելի արդյունավետ իրականացնելու համար:
Զարգացման հայկական գործակալության ներկայացուցչի կողմից մարզպետներին ներկայացվեցին ապրիլին Հայաստանում կայանալիք հայ- ռուսական միջռեգիոնալ համաժողովի եւ դրա շրջանակում կազմակերպվելիք արդյունաբերական ինովացիաների ցուցահանդեսի հետ կապված հարցեր:
Քննարկվեց նաեւ քաղաքացիների հաշվառման տվյալների համապատասխանության հարցը: Նշվեց, որ կատարված հասցեափոխությունները թեեւ արձանագրվում են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներում, սակայն քաղաքացիների անձնագրերում համապատասխան փոփոխություններ չեն կատարվում, ինչը հետագայում խնդիրներ է առաջացնելու այս տարի աշնանը անցկացվելիք մարդահամարի համար: Տեղեկացվեց, որ հնարավոր հասցեափոխությունները կարող են իրականացվել մինչեւ հուլիսի 1-ը, որից հետո ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ստորաբաժանումների աշխատակիցները կայցելեն նման խնդիրներ ունեցող համայնքներ` քաղաքացիների հաշվառման տվյալները համապատասխանեցնելու համար:
Տեղեկություններ հաղորդվեց նաեւ Բնակչության պետական ռեգիստրում երեխաների հաշվառման ընթացքի մասին: Նշվեց, որ գործընթացն իրականացվում է հանրապետության ողջ տարածքում, եւ ակնկալվում է, որ մինչեւ նախանշված ժամկետը` մայիսի 30-ը, կավարտվի:
Քննարկվեցին ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարներով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը հանձնարարեց սեղմ ժամկետներում ներկայացնել աշխատանքների կատարման ժամանակացույցերը:  Համապատասխան իրավական ակտերն արդեն ընդունված են, եւ մարզպետները կարող են ձեռնամուխ լինել անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը: Ծրագրով նախատեսված աշխատանքները լինելու են ՏԿՆ անմիջական վերահսկողության ներքո, եւ Ա. Գեւորգյանը հորդորեց դրանք իրականացնել կազմակերպված, որակով եւ սահմանված ժամկետներում:
Ներկայացվեցին նաեւ համայնքներում վարձակալության տրվող գյուղնշանակության հողամասերի ավելացման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ իրականացված համեմատական վերլուծությամբ պարզվել է, որ տարբեր մարզերում վարձակալության տրված հողերի ծավալները տարբեր են, ինչը նշանակում է, որ համայնքային բյուջեն համալրելու այդ ռեսուրսը շատ տեղերում լիարժեք չի օգտագործվում: Մարզպետները տեղեկացրին, որ գյուղացիական տնտեսություններն իրազեկվել են գործընթացի պարզեցման մասին, եւ ակնկալվում է, որ այս տարի վարձակալման տրվող հողամասերի ծավալը նկատելի կավելանա:
Ա. Գեւորգյանը մարզպետներին հանձնարարեց նաեւ առանձնացնել տեղակալներից մեկին` լիազորելով զբաղվել ազգային փոքրամասնությունների հարցերով:
Անդրադարձ եղավ նաեւ միջպետական եւ համայնքային նշանակության ավտոճանապարհների սանիտարական վիճակին: Ա. Գեւորգյանը մարզպետներին հանձնարարեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել ճանապարհամերձ տարածքների սանիտարական մաքրման եւ աղբահանության կազմակերպման հարցերը:


 


To top