< ՊԱՅՔԱՐ ՀՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԴԵՄ
10.05.2017 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՎԵՐՏԻՑԻԼՅՈԶԱՅԻՆ ԹԱՌԱՄՈՒՄ

ՎԵՐՏԻՑԻԼՅՈԶԱՅԻՆ ԹԱՌԱՄՈՒՄ Հիվանդությամբ հատկապես ուժեղ են վարակվում ծիրանենու, սալորենու և կեռասենու երիտասարդ տնկիները: Հիվանդության հարուցիչը հողաբնակ սնկերն են (Verticilium albo-atrum և verticilium dahliae): Այս հարուցիչները վարակում են նաև մոտ 400 ամենատարբեր տեսակի բույսերի, սկսած բանջարային մշակաբույսերից մինչև ծառատեսակները: Հիվանդությունը հատկապես շատ է նկատվում այն այգիներում, որտեղ միջշարքային տարածությունները զբաղեցվում են բանջար-բոստանային (պղպեղ, լոլիկ, բադրիջան, վարունգ, սեխ, ձմերուկ և այլն) մշակաբույսերով: Վարակված ծառերի տերևները ամռան կեսին` հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբը, սկսում են դեղնել, թափվել, ըստ որում սկզբում դեղնում ու թափվում են սաղարթի միջին մասի տերևները: Հետագայում քլորոզը տարածվում է երիտասարդ վերաճի վրա, ապա ամբողջ սաղարթի: Հարուցիչները զարգանում են միայն ջրատար անոթներում: Հիվանդության ախտորոշման համար բնորոշ է փայտանյութի նեկրոզը, որը լավ նկատելի է լայնակի կտրվածքի դեպքում: Երբեմն նեկրոզն ընդգրկում է ոչ միայն փայտանյութի տարեկան օղակները, այլև միջուկը: Երկայնակի կտրվածքում փայտանյութի նեկրոզը մի տեսակ գլանի տեսք ունի, նեկրոզը անցնում է նաև բնի և արմատի մեջ: Չորացումը ոչ միայն ջրատար անոթների խցանման արդյունք է, այլև սնկի կողմից արտադրվող թունավոր նյութերի հետևանքն է: Հարուցիչը վարակված, վնասված բուսական մնացորդների միջոցով անցնում է հող և իր կենսունակությունը կարող է պահպանել 8-10 տարի: Ծառերը այս հիվանդւթյամբ վարակվում են կյանքի բոլոր տարինեում, սակայն ավելի վարակաընկալ են 2-5 տարեկան տնկիները: Հիվանդության զարգացմանը նպաստում են հողի բարձր խոնավությունը (լճացումը, կավային ծանր հողերը), ազոտական միակողմանի պարարտացումը: Պայքարի միջոցառումները Վերտիցիլյոզով վարակված բույսերի բուժումը գործնականում անհնար է, այդ առումով կարևոր նշանակություն են ստանում նախազգուշական միջոցառումները. այգու հիմնումը այնպիսի հողերում, որտեղ գոնե 4-5 տարի չեն մշակվել մորմազգի, դդմազգի մշակաբույսեր, ելակ, բամբակ և այլն: Բացառվում, կտրականապես արգելվում է միջշարքային տարածություններում լոլիկի, պղպեղի, բադրիջանի, կարտոֆիլի, ելակի, սեխի, ձմերուկի, վարունգի, բամբակի մշակումը, բույսեր,որոնք թառամումով շատ ուժեղ են վարակվում: Այգին պարարտացնել ոչ միայն ազոտական, այլև կալիումական և ֆոսֆորական պարարտանյութերով: Ցանկալի է նույնիսկ, որ կալիումականը մի քիչ էլ գերակշռի, քանի որ այն մեծացնում է բույսերի դիմացկունությունը այս հիվանդության նկատմամբ, նպաստում է արմատային հզոր համակարգի առաջանալուն: Կարգավորել ջրումները, ոռոգումը, անթույլատրելի է լճացումը, չափից ավելի ջրումը: Լավ կլինի ջրել ֆիլտրացման եղանակով, որպեսզի ծառի բունը չթջվի, ջուր չկպչի արմատավզիկին, պատվաստի հանգույցին: Չափազանց մեծ նշանակություն ունի հիվանդության կանխման տեսակետից կաթիլային ջրումը, որի նախնական փորձերը հանրապետությունում արդեն կան: Բավականին արդյունավետ է նաև տնկարաններում և երիտասարդ տնկարկներում վեգետացիայի ընթացքում 1-2 անգամ ֆունդազոլի 0.2%-ոց լուծույթով անմիջապես արմատամերձ ջրումը: ՍԱԼՈՐԵՆՈՒ ՏԵՐԵՎՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԲԾԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՊՈԼԻՍՏԻԳՄՈԶ Հարուցիչը սունկ է (Poliystygma rubrum): Հիվանդութայան վարակն արտահայտվում է տերևների վրա, սկզբում դեղնավուն և բաց կարմրավուն, ապա դեղնակարմրավուն բծերի ձևով: Տերևները վերևի մակերեսի կողմից մի փոքր փքված, ուռած, հակառակ երեսից մի փոքր ներս ընկած բծերի ձևով: Երբեմն տերևները այնքան ուժեղ են վարակվում, որ վաղաժամկետ թափվում են, բերքը խիստ ընկնում է, ծառերը դառնում են խիստ զգայուն ձմռան ցրտերի նկատմամբ: Հիվանդության համար նպաստավոր տարիներին,կարող է վարակվել նաև պտուղը, որի վրա առաջացած բծերը շատ նման են տերևի բծերին, սակայն իրենց չափերով ավելի մեծ են: Հանրապետությունում հիվանդությունը տարածված է ամենուրեք, սակայն առավել մեծ վնաս է պատճառում Տավուշի մարզում (Պառավաքար, Վարագավան, Ներքին և Վերին կարմիր աղբյուր, Կողբ, Բերդավան, Ոսկեպար, Սարի գյուղ, Սևքար, Լուսաձոր և այլն), Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Հարթավան, Օշական, Ագարակ, Կոշ և այլ գյուղերում:Չնայած հիվանդությունը կոչվում է սալորենու տերևների կարմիր այրվածք, այս հիվանդությամբ հանրապետությունում վարակվում է նաև նշենին: Սալորենու գրպանիկներ: Վերջին տարիներին այս հիվանդությունը լայն տարածում է ստացել ու մեծ վնաս է պատճառում Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի մարզերում, Երևանի շրջակայքում, Ձորաղբյուրի, Պտղնու, Նուբարաշենի այգեգործական ընկերությունների այգիներում: Հարուցիչը սունկ է (Taphrina pruni): Վարակվում են պտուղները, որոնք պարկանման տգեղ տեսք ունեն: Ամռան կեսերին (հունիսի վերջին հուլիսի սկզբին) պտուղները բավականին մեծանում են իրենց չափերով, մոտ 2-3 անգամ խոշոր են առողջ պտուղներից, ձգված են, մի տեսակ տափակ, պարկանման տեսք ունեն, կորիզը բացակայում է, պտղի մակերեսը պատվում է մոխրավուն կամ կեղտասպիտակավուն, մոմանման փառով, մի տեսակ տհաճ հոտ է գալիս: Հետագայում, վարակված պտուղները թափվում են: Պտղից անջատված, պոկված սպորները նույն տարում կարող են կրկին վարակ առաջացնել: Վարակը պահպանվում է պտուղներում, ճյուղերի կեղևի ճաքերում, ծառի սաղարթում, բողբոջների թեփուկների արանքում: Գարնանը ծաղիկները վարակվում են, առաջանում են ՙգրպանիկներ՚: Հիվանդության առաջին նշանները վարակընկալ սպորների մոտ նկատելի է ծաղկումից արդեն 12-15 օր հետո, համեմատաբար դիմացկուն սորտերի մոտ` 30-35 օր հետո:Հիվանդության զարգացման համար նպաստավոր են ծաղկման ժամանակ օդի հարաբերական բարձր խոնավությունը և բավարար` 15-20˚C ջերմությունը: Սովորաբար ուշ ծաղկող սորտերը ավելի շուտ են վարակվում: Պայքարի միջոցառումներ Սալորենու հիվանդությունների, տերևների կարմիր բծավորության և գրպանիկների դեմ շատ արդյունավետ են սանիտարահիգիենիկ միջոցառումները, թափված տերևների, պտուղների լրիվ հավաքելը, այգուց հանելն ու ոչնչացնելը: Աշնանը` տերևաթափից հետո, կամ գարնանը` կանաչ կոնի փուլում բորդոյան հեղուկի 3% սրսկումը,գարնանը ծաղկաթերթերի թափվելուց անմիջապես հետո և դրանից 15-20 օր անց կատարել երկրորդ և երրորդ սրսկումները բորդոյան հեղուկի 1% կամ կուպրոկսատի 0.5%-ոց լուծույթներով: Ժամանակին և ճիշտ պայքար տանել վնասատուների, ծակոտկեն բծավորության դեմ: Կարևոր է նաև դիմացկուն սորտերի մշակումը:



To top