< Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել ԳԱՄԿ-եր և ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղեր
10.04.2017 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ ԲԱՐՁՐ ԲԵՐՔԻ ԵՐԱՇԽԻՔ

Բանջարանոցային մշակաբույսերը /լոլիկ, վարունգ, տաքդեղ/ շատ հաճախ վարակվում են սնկային, բակտերիալ, վիրուսային և ֆիտոպլազմային հիվադություններով: Արդյունքում բույսերը վաղաժամ չորանում են, պտուղները` փտում, ընկնում է նրանց ապրանքային տեսքը, նվազում` բերքատվությունը: Այս առումով հրատապ խնդիր է համարվում ինտեգրացված պայքարի մշակումն ու կիրառումը, որը, հնարավորություն է տալիս նվազեցնելու վնասակար օրգանիզմների քանակը և վնասակարության չափը, մինչև տնտեսապես անվտանգ շեմը: Ինտեգրացված պայքարի կարևոր օղակներից է հողի և սերմերի ախտահանումը: Բանջարաբուծության մեջ կարևոր նշանակություն ունի առողջ սածիլների ստացումը: Սածիլների մշակությունը սկսվում է ջերմոցների նախապատրաստումից: Մշակաբույսեր աճեցնելու համար օգտագործվող հողում, հատկապես ինտենսիվ ջերմոցային արտադրությունում, կուտակվում են վնասատու օրգանիզմներ, մանրէներ, բորբոսներ, նեմատոդներ, միջատներ և մոլախոտեր: Պայքարի ավանդական մեթոդներ են` գոլորշիով ախտահանումը, որը թանկ է, և ֆումիգացիան/ծխահարումը/ քիմիական նյութերի կիրառումը, ինչպես օրինակ մեթիլ բրոմիդի հետ միասին, որը վտանգավոր է և վնասակար շրջապատի համար: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ սոլարիզացիայի միջոցով կարելի է ստանալ ընդունելի արդյունքներ: Սոլարիզացիան` մի քանի շաբաթ շարունակ հողի արևային տաքացումն է թափանցիկ պլաստմասե ծածկի տակ` տարվա ամենատաք ու ամենաարևոտ եղանակներին: Պլաստմասե ծածկ: Օգտագործել 2 մմ-ից ոչ ավելի հաստությամբ ամուր ձգված, թափանցիկ պլաստմասե թաղանթ, որը պետք է հպվի հողի մակերևույթին: Եզրերը պետք է թաղել հողի մեջ 15 սմ խորությամբ` թաղանթը քամուց պաշտպանելու համար: Թաղանթի վրա ցանկացած պատռվածքի կամ անցքի առկայությունը կառաջացնի ջերմության կորուստ, և բուժումը կլինի անարդյունավետ: Հողի նախապատրաստումը: Քանի որ սոլարիզացիայից հետո հողի մշակման հետևանքով հողի մակերևույթին կարող են հայտնվել նոր սերմեր, հիվանդության հարուցիչներ, ուստի ջերմոցները ցանքից մի քանի օր առաջ /3-6 օր/ վարակազերծել ֆունդազոլի 0,15 տոկոսանոց կամ պղնձարջասպի 0,3 տոկոսանոց բանվորական լուծույթով` ոռոգման եղանակով: Քանի որ հիվանդությունների մեծամասնությունը փոխանցվում է սերմերի և տնկանյութի միջոցով, ուստի դրանց ախտահանումը /վարակազերծումը/ հանդիսանում է ագրոտեխնիկական պարտադիր միջոցառում: Վիրուսային հիվանդությունների դեմ լոլիկի, վարունգի, տաքդեղի սերմերը պետք է ախտահանել թաց եղանակով, 1 տոկոս կալիումի պերմանգանատով` 30 ր տևողությամբ, ապա 20 ր լվանալ հոսող ջրով: Ախտահանված սերմերը չորացնել: Սնկային և բակտերիալ հիվանդությունների դեմ կրկնակի ախտահանել ֆունդազոլի 0,15 տոկոսանոց լուծույթով և Ռիդոմիլ Գոլդ ՄՑ-68 0.25 տոկոսանոց պատրաստուկներով: Ախտահանումը կատարել չոր կամ խոնավացման /1 կգ սերմին նախօրոք տալով 10-15 մլ ջուր/ եղանակներով` 10 րոպե խառնման տևողությամբ, որպեսզի թույնը հավասարաչափ պատի սերմերի մակերեսը: Պրեպարատների ծախսը կազմում են համապատասխանաբար 15գ և 25գ` 1 կգ սերմին: Ախտահանումը կարելի է կատարել ցանքից անմիջապես առաջ կամ նախօրոք` 2-3 ամիս առաջ: Բանջարանոցային մշակաբույսերի բակտերիալ, սնկային և վիրուսային հիվանդությունների կանխարգելման պրակտիկ և կարևոր միջոցառում է ջերմային ախտահանումը: Շատ հաճախ ֆերմերային տնտեսություններում օգտագործում են իրենց իսկ կողմից մշակված և ստացված սերմացուն /վարակված հիվանդությունների հարուցիչներով/ առանց ախտահանման, որը միևնույն ժամանակ խախտում է պայքարի ճիշտ տեխնոլոգիաների կիրառումը: Այս առումով մշակողներն ու վաճառողները վարակված սերմերի պաշարներ ունեն: Իսկ տաք, ջերմային բուժումն ամենաքիչն ապահովում է 90 տոկոս արդյունավետություն: Ցանքից առաջ սերմերը /լոլիկ, տաքդեղ/ թանզիֆե տոպրակներով ընկղմել ջրային բաղնիքի մեջ, պահել 25-30 րոպե, որից հետո հանել և չորացնել: Դրանից հետո սերմերն ախտահանել նատրումի կամ կալցիումի հիպօքլորիդի 1 տոկոսանոց լուծույթում` 1 րոպե տևողությամբ, որից հետո հանել և չորացնել: Վարունգի սերմերի ախտահանումը կատարել 3 օր` ամեն անգամ պահելով մինչև 50C: Բանջարանոցային մշակաբույսերի բակտերիալ հիվանդությունների դեմ լավ արդյունք է տալիս անտիբիոտիկներից ստրեպտոմիցին սուլֆատը և տերմիցին HGl /1լ գոլ ջրին 0,5 գ/: Սերմերը թանզիֆե տոպրակով ընկղմում են պատրաստի ջրային լուծույթի մեջ, պահվում 6 ժամ, հանվում ու բարակ շերտով փռվում չորացման: Պայքարի կենսաբանական միջոցառումներից բանջարանոցային մշակաբույսերի վիրուսային հիվանդություններ դեմ լավ արդյունք է տալիս սերմի ախտահանումը սխտորի պատրաստուկով: 500 գ ծեծած սխտոը լցնել 2-3 լ ջրով տարայի մեջ, բերանը փակել, դնել մութ, տաք տեղ: Մեկ շաբաթ հետո թուրմը քամել և օգտագործել սերմի ախտահանման համար: Այդ նպատակով վերցնել 1 լ գոլ ջուր և ավելացնել 25-30 գ թուրմ: Թուրմի մեջ սերմերը պահել մեկ ժամ, որից հետո հանել և չորացնել: Հացահատիկային մշակաբույսերին մեծ վնաս են պատճառում սնկային հիվանդությունները /փոշեմրիկ, քարամրիկ, հելմինտոսպորիոզ, ֆուզարիոզ, սեպտորիալ և արմատային փտումներ/: Նշված հիվանդությունների դեմ պայքարելու համար ցանքը պետք է կատարել միայն ախտահանված սերմերով: Ախտահանումը կատարվում է 3 եղանակով` 1. Չոր ախտահանում, որի դեպքում պրեպարատի փոշիով պատվում է սերմացուն: Այս ախտահանման դեպքում ոչնչանում են ինչպես սերմերի վրա, այնպես էլ հողից սերմին կպչող հիվանդության հարուցիչները: 2. Թաց ախտահանում: Այս դեպքում ախտահանվող սերմացուն ընկղմում են օգտագործվող պրեպարատի լուծույթի մեջ: Ախտահանման տևողությունը կախված է սերմի և օգտագործվող պրեպարատի առանձնահատկություններից: 3. Կիսաչոր /խոնավացման/ : Այս եղանակը համակցում է չորի և թացի, որտեղ պրեպարատն օգտագործվում է ոչ մեծ սուսպենզիաներով: Այս եղանակը պրակտիկ է` պայքարում են քարամրիկի, փոշեմրիկի, հելմինտոսպորիոզի, ֆուզարիոզների, սեպտորիոզի և արմատային փտումների դեմ: Նշված հիվանդությունների դեմ սերմերն ախտահանել սնկասպան ախտահանիչներով` 1 տ սերմին օգտագործել 10 լ ջուր, 2.5-3.0 կգ Վիտավաքս, կամ 2 լ Դիվիդենտ: Սերմերը պետք է խառնել այնքան ժամանակ, քանի դեռ ախտահանիչը հավասարաչափ չի պատել սերմերի մակերևույթը: Առաջարկվող պայքարի միջոցառումները կրճատում են արտադրական կորուստները:



To top