<  Յուղատու կտավատի մշակությունը
20.03.2017 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ԱՅԳԻՆԵՐԻ ԽՆԱՄՔ

Պտղատու այգիների ցրտահարության երևույթների մասին կարող է խոսք լինել -20օC–ի և ավելի ցածր ջերմաստիճանի երկարատև առկայության պայմաններում: Ընդ որում կորիզավոր պտղատեսակները ցրտահարվում են -22-25օC-ի և առավել ցածր ջերմաստիճանի, իսկ հնդավոր պտղատեսակները` -30օC և առավել ցածր ջերմաստիճանի պայամաններում: Ծառատեսակների պտղաբերման բնույթը -Հայտնի է, որ ծառատեսակները և դրանց սորտերը միմյանցից տարբերվում են ինչպես ցրտադիմացկունությամբ և ձմեռադիմացկունությամբ, այնպես էլ` պտղաբերման բնույթով: Հնդավոր տեսակները /խնձորենի, տանձենի, սերկևիլենի/ պտղաբերում են հիմնականում բազմամյա` 3-7 տարեկան կարճ ճյուղերի վրա, բացառիկ դեպքերում, խնձորենու որոշ սորտերի մոտ միամյա շիվերի գագաթնային բողբոջը վերածվում է ծաղկաբողբոջի և հաջորդ տարում կազմակերպում է տվյալ սորտին ոչ բնորոշ մանր պտուղ: Կորիզավոր տեսակների մոտ /ծիրանենի, դեղձենի, կեռասենի, բալենի, սալորենի, շլորենի/ ծաղկաբողբոջները կազմավորվում են ինչպես բազմամյա, այնպես էլ` միամյա շիվերի վրա: Օդի երկարատև, ցածր ջերմաստիճանը, առաջին հերթին, բացասաբար է ազդում պտղատու մշակաբույսերի ծաղկաբողբոջների, ապա տերևաբողբոջների, ինչպես նաև` միամյա ճյուղերի կեղևի և բնափայտի հյուսվածքների վրա: Պտղաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների առջև ծառանում է երկու խնդիր` • անկորուստ և առողջ պահպանել սպասվելիք բերքը, • կիրառել համապատասխան ագրոտեխնիկական միջոցառումներ` ծառերի սաղարթի արագ վերականգնման և հաջորդ տարվա բերքի ապահովման համար: Ստեղծված իրավիճակում կողմնորոշվելու համար, ֆերմերներին առաջարկվում է սերտ կապ պահպանել ճանաչված պտղաբույծ-մասնագետների հետ և, առանց վերջիններիս խորհրդի, չկատարել ծառերի էտ ու ձևավորում, մինչև չճշտվեն տվյալ այգում ցրտահարության աստիճանն ու բնույթը: Ելնելով վերը նշվածից, պտղաբույծ ֆերմերներին խորհուրդ է տրվում. - Վաղ գարնանը կազմակերպել այգու միջշարքային և միջբնային տարածությունների հողի մշակության աշխատանքները /վար, փխրեցում, պարարտացում, ջրում/: Եթե այգու տարածքը աշնանը չի վարվել, ապա հնդավորների մոտ վարը կատարել 20-22 սմ, իսկ կորիզավորներինը` 16-18սմ խորությամբ, ընդ որում բների մոտ վարել 10-12սմ խորությամբ: Մերձբնային տարածությունները փխրեցնել 8-10սմ խորությամբ: Վեգետացիայի ընթացքում այգու հողը պարբերաբար փխրեցնել: Պարարտացնել և սնուցել ազոտական պարարտանյութով` 160-180կգ/հա ազդող նյութի հաշվով, որի 70 տոկոսը հող մտցնել վաղ գարնանը, մինչև բողբոջների ուռչելը, իսկ 30 տոկոսը վեգետացիայի ընթացքում 2-3 անգամ սնուցել /հունիս-հուլիս ամիսներին/: Վաղ գարնանը պարարտացնել ֆոսֆորական պարարտանյութով` 100-120կգ, կալիումիականով` 80-90կգ /ազդող նյութի հաշվով/, կիսափտած գոմաղբով` 15-20 կամ թռչնաղբով` 4-5 տոննա` մեկ հեկտարի հաշվով: Պարարտացումից և սնուցումներից հետո այգին առատ ոռոգել: Ջրումների քանակը սահմանել` ելնելով բույսի պահանջից, վեգետացիայի առաջին կեսին ջրելով սովորականից ավելի հաճախ և առատ: - Միջին և բարձր տարիքի այգիներում կատարել ջարդված, չորացած և հիվանդ ճյուղերի հեռացում, ձեռնպահ մնալով էտի աշխատանքներից: - Ժամանակին և ճիշտ կազմակերպել ծառերի հիվանդությունների ու վնասատուների դեմ տարվող պայքարի աշխատանքները: Ուժեղ ցրտերը և ջերմաստիճանի մեծ տատանումները, օրվա ընթացքում, ծառերի բնի և կմախքային ճյուղերի մոտ առաջացնում են ճեղքվածքներ, որտեղից ներթափանցում են վնասատուները և հիվանդությունները` զգալի վնաս պատճառելով ծառերին: - Վաղ գարնանը, ծառերի բունը և կմախքային ճյուղերի հիմքի մասերը երկաթե լարի խոզանակով զգուշությամբ պետք է մաքրել չոր և վնասված կեղևի մնացորդներից, ապա սպիտակեցնել կրակաթով: Կրակաթը պատրատելու համար վերցնել 100լ ջուր, ավելացնել 15կգ հանգած կիր և 10-15կգ կավահող: Ժամանակին և բարձր որակով կատարել բոլոր սրսկումները և փոշոտումները, որպեսզի վեգետացիայի ընթացքում անվնաս և առողջ վիճակում պահպանվի ծառերի տերևային մակերեսը և պտուղները: - Նորատունկ և երիտասարդ այգիներում սաղարթի ձևավորման և էտի աշխատանքներ չկատարել, քանի դեռ չեն բացվել ծաղկաբողբոջներն ու տերևաբողբոջները: Տարբերակված մոտեցում ցուցաբերել երիտասարդ ծառերի էտի և ձևավորման աշխատանքները կազմակերպելիս` ելնելով ցրտահարության աստիճանից և տեսակի պտղաբերող կազմավորումների առանձնահատկություններից: Ցրտահարված ծառերը պահանջում են մասնագիտական էտ, հաշվի առնելով ցրտահարման աստիճանը, որը կարելի է ճշտել գարնանը, հյութաշարժությունը սկսվելուց հետո, երբ անվնաս մնացած և քնած բողբոջները կսկսեն զարգանալ: Ուրեմն, վաղ գարնանը չպետք է վերջնականապես էտել ցրտահարված ծառերը, քանի որ հնարավոր չի լինում ճիշտ որոշել վնասված մասերը և հաճախ կատարվում են ավելորդ հատումներ` դժվարացնելով ծառերի վերականգնումը: Վաղ գարնանը կարելի է էտել միայն այն ծառերը, որոնց ոչ միայն ճյուղերի կեղևն է գորշացել, այլև ցրտահարվել է կամբիումի շերտը և որոշակիորեն երևում է, որ դրանք չեն վերականգնվելու: Ամառվա աաջին կեսին սաղարթի վնասված մասերը համալրելու և պտղաշիվեր ստանալու համար անհրաժեշտ է ծառերը մաքրել ցրտահարված ճյուղերից և կատարել ուժեղ աճող շիվերի ու հոռաշիվերի ծերատում: Նորատունկ ծառերը, ուժեղ վնասվածության դեպքում, երբ գործնականորեն հնարավոր չէ ստանալ լիարժեք այգի, նպատակահարմար է արմատախիլ անել և կատարել նոր տնկում: Թույլ ցրտահարված ծառերի ճյուղերը պետք է կարճացնել մինչև առողջ մասը, և սաղարթը համալրելու համար առաջացած ուժեղ շիվերից ձևավորել նոր հիմնական ճյուղեր: Մնացած շիվերը էտելով` դրանք վերածել աճակալող ճյուղերի և պտղագոյացումների` պտղաբերող մակերես ստեղծելու, ծառերի բերքատվությունը արագ վերականգնելու համար: Պտղաբերող ծառերը, հաշվի առնելով դրանց ցրտահարման աստիճանը, վերջնականորեն էտել վեգետացիան սկսելուց հետո` գարնան վերջին կամ ամռան սկզբին, հեռացնելով 2-3-ից մինչև 4-5 տարեկան աճերը: Առաջին հերթին, պետք է հեռացնել այն ճյուղերը, որոնք մինչև այդ ժամանակահատվածը շիվեր չեն առաջացրել և չորանում են: Մնացած ճյուղերը կարճացնել կենդանի կողային ճյուղի կամ քնած բողբոջից առաջացած հոռաշիվի մոտից: Հոռաշիվերի մի մասը կարելի է ամռանը ծերատել` առաջացնելով լրացուցիչ կողային ճյուղավորումներ զարգացած շիվերով և պտղագոյացումներով: Պտղատու այգիների ցրտահարության պայմաններում առաջին հերթին գրեթե ամբողջությամբ ցրտահարվում են չոր մերձարևադարձային /թզենի, նռնենի, արքայանարինջ/ մշակաբույսերը, որոնցից թզենին և նռնենին կարելի է վերականգնել արմատներից առաջացող շիվերի հաշվին: Ցրտահարություններից տուժված այգիներում, լրացուցիչ եկամուտ ապահովելու համար, մինչև նոր պտղաբերող օրգանների կազմակերպումը, խորհուրդ է տրվում այգու միջշարքային տարածությունները զբաղեցնել վաղահաս և միջահաս բանջարանոցային մշակաբույսերով, ինչպես նաև` բազմամյա խոտաբույսերով:



To top