< ԲԱՆՋԱՐԱՆՈՑԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՋԵՐՄԱՏՆԵՐՈՒՄ
14.03.2017 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Յուղատու կտավատի մշակությունը

Կտավատը ավանդական հնագույն մշակաբույսերից է: Հայաստանում դրա մշակությամբ զբաղվել են մեր թվարկությունից շատ դարեր առաջ: Այն օգտագործվել է որպես յուղատու և դեղատու մշակաբույս: Կտավատի յուղը օգտագործվում է օլիֆ, զանազան լաքեր, տպագրական ներկեր, չթրջվող հագուստներ պատրաստելու համար: Կտավատի յուղը օգտագործվում է նաև բուժիչ նպատակներով: Կտավատի քուսպը պարունակում է 24% լուծվող սպիտակուցներ, որը հավասար է 1,2 կերի միավորի, այսինքն` որպես անասնակեր, ավելի սննդարար է, քան` արևածաղկի քուսպը (1,1 կերի միավոր):   Յուղատու կտավատը միամյա բույս է, պարունակում է 38-45% յուղ, մշակվում է հիմնականում յուղ ստանալու համար: Բույսի բարձրությունը՝ 30-50սմ, վեգետացիայի տևողությունը 76-90 օր է: Յուղատու կտավատի արմատները, հողում խորը թափանցելու ունակությամբ կարողանում են օգտագործել ենթավարելաշերտի խոնավությունը, որի շնորհիվ էլ բույսերը դիմանում են երկարատև երաշտին: Կտավատի յուղը պարունակում է մեծ քանակությամբ չհագեցած ճարպաթթուներ: Այդ առավելությունը ավելի լավ է արտահայտվում լեռնային պայմաններում մշակվող յուղատու կտավատի մոտ: Յուղատու կտավատի ցանքատարածությունները հանրապետությունում կրճատվել են հումքի նկատմամբ կայուն պահանջարկի բացակայության պատճառով: Լեռնային պայմաններում գյուղացիական տնտեսությունները անցել են հացազգի հասկավոր մշակաբույսերի անհերթափոխ մշակության, որի հետևանքով տարեցտարի նվազել է հողի բերրիությունը, իջել բերքատվությունը: Հանրապետության համար առաջնահերթ հարց է դարձել գյուղատնտեսական մշակաբույսերի դիվերսիֆիկացիան և ավանդական մեթոդներից գյուղատնտեսության վարման օրգանական համակարգին անցումը: Այդ տեսակետից կարևորվում է կտավատի ցանքատարածությունների ընդարձակումը:   Հողի նախապատրաստում և պարարտացում: Յուղատու կտավատը բարձր բերք է ապահովում սննդանյութերով հարուստ հողերում, քանի որ արմատային զանգվածի հիմնական մասը վարելաշերտի սահմաններից խորը չի թափանցում: Կտավատը սկզբնական շրջանում աճում է դանդաղ, որի հետևանքով տուժում է մոլախոտերից: Այդ պատճառով էլ ոչ բոլոր մշակաբույսերն են լավ նախորդ հանդիսանում կտավատի համար: Լավագույն նախորդ են համարվում բազմամյա խոտաբույսերի ճմուտը, աշնանացան ցորենը:   Աշնանացանի բերքահավաքից հետո դաշտը պետք է վարել 23-25 սմ խորությամբ, պարարտացնել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով, հեկտարին P90K75 կգ նորմայով և թողնել մինչև գարուն: Որպես օրգանական պարարտանյութ առաջարկվում են «Ազոցեովիտ-1» կամ «Ազոտովիտ-1» կենսապարարտանյութերը` 30 լ/հա նորմայով, այն լուծելով 300-400 լիտր ջրի մեջ և սրսկելով հողամասը աշնան վարից կամ գարնան կուլտիվացիայից առաջ:   Գարնանը կատարել փոցխում և ցանք:   Ցանքը պետք է կատարել, որքան հնարավոր է, վաղ գարնանը: Կտավատը հողում եղած սննդանյութերը ծախսում է իր ամբողջ վեգետացիայի ընթացքում: Ազոտական սնուցումը կատարում են մինչև մշակաբույսերի կոկոնակալումը, հեկտարին N60 չափաքանակով: Օրգանական գյուղատնտեսության համար առաջարկվում է «Ազոտովիտ-1» կենսապարարտանյութը` 30 լ/հա նորմայով:   Սերմերի նախապատրաստում և ցանք: Յուղատու կտավատի սերմերի նախապատրաստման վրա լուրջ ուշադրություն պետք է դարձնել, քանի որ մշակվող դաշտերում աղբոտող շատ մոլախոտերի սերմերը իրենց մեծությամբ քիչ են տարբերվում կտավատի սերմերից: Սերմերը նախօրոք պետք է լավ զտել կտավատի սերմազտիչով: Յուղատու կտավատի սերմերի միջոցով տարածվում են նաև հիվանդությունները, ուստի ցանքից առաջ սերմերը պետք է ախտահանել Վիտավաքս (3 կգ/տ) կամ Ռաքսիլ (0,4 լ/տ) պատրաստուկներով: Յուղատու կտավատին մեծ վնաս է հասցնում նաև գաղձը, դրանով վարակված կտավատի բույսերը շատ վատ են աճում, ժամանակից շուտ հասունանում և քիչ բերք տալիս: Գաղձի դեմ պայքարում են սերմերը էլեկտրամագնիսական մեքենայով զտելով, իսկ դաշտում, երևալուն պես, պետք է բույսերի հետ հեռացնել: Ցանքը պետք է կատարել շարքացանով` վաղ գարնանը, ցանքի 50-60կգ/հա նորմայով: Կտավատի ցանքերում տարածված է կտավատի ֆուզարիալ թառամումը, որից բույսերը մահանում են: Պայքարի հիմնական եղանակն է ցանքաշրջանառության կիրառումը, ընդ որում, կտավատը նույն տեղում խորհուրդ է տրվում մշակել 3-4 տարի: Մոլախոտերի դեմ պայքարելու համար կիրառվում է Լոնտրել-300, ՋԼ (300գ/լ) հերբիցիդը 0.16-0.66 կգ/հա նորմայով` կատարելով սրսկում թփակալման փուլից մինչև խողովակակալումը:   Բերքահավաքը: Յուղատու կտավատի բերքահավաքը կատարվում է կոմբայնով` բույսերի լրիվ հասունացման փուլում: Հաջորդ ցանքի համար նախատեսված սերմը զտում, տեսակավորում են, չորացնում (խոնավությունը 12%-ից ավել չպետք է լինի) և պահեստավորում:



To top