< ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ
02.02.2017 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԱՅԾԵՐԻ ԾԱՂԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Ծաղիկը սուր ընթացքով հպավարակային հիվանդություն է, որը բնորոշ է տենդով, մաշկի ու լորձաղանթի վրա հանգույցների, շճաբշտերի և թարախաբշտային ցաների առաջացումով: Տարածվածությունը: Դեռևս 3700 տարի առաջ հիվանդությունը հայտնի է եղել Եգիպտոսում, Չինաստանում, Հնդկաստանում, ծաղիկը (1867- 1884թթ) տարածված է եղել Նորվեգիայում, Իտալիայում, Իսպանիայում և Ալժիրում, այնուհետև` հյուսիսային Աֆրիկայում, կենտրոնական Ասիայում, Իրանում, Պակիստանում, Ամերիկայում, Աղվանստանում, Թուրքիայում, Ավստրալիայում և Թունիսում: Համաճարակի դեպքեր գրանցվել են Ռուսաստանի սահմանային տարածքներում և Հայաստանի Հանրապետությունում: Տնտեսական վնասներն առաջանում են վիժումների, անկենսունակ պտղի ծնումով, կենդանի զանգվածի և կաթնատվության նվազման հետևանքով: Ըստ տվյալների գոյություն ունի ծաղկի <քարե> ձևը, որը ընթանում է չարորակ ընթացքով ու մահացու ելքով: Հարուցչը: Ծաղկի վիրուսն ինքնուրույն է, պատկանում է Poxviridae ընտանիքին և կոչվում է Capripoxvirus serin, այն ախտածին է միայն տվյալ տեսակի կենդանու համար: Հիվանդության հարուցիչը ԴՆԹ պարունակող վիրուսն է, որի մեծությունը հասնում է 150- 250 նմ, անցնում է Շամբեռլանի L3 քամիչքով: Դրանք հակված են բազմանալու էպիթելային հյուսվածքի բջիջներում և առաջացնելու տարրական մարմնիկներ: Ծաղկի վիրուսի մի քանի շտամները վերարտադրվում են XAO 12 օրական սաղմնային կուլտուրայում: Հարուցչի նկատմամբ օրգանիզմում սինթեզվում են կոմպլեմենտ կապող, վիրուսը չեզոքացնող հակամարմիններ: Ոշագրավ է այծերի աֆրիկական ծաղկի շտամի, ոչխարների կոնտագիոզ էկտիմայի և խոշոր եղջերավոր կենդանիների մաշկի հանգուցային դերմատիտի վիրուսների ազգակցական և իմունաբանական հատկությունները և դրանց կապը: Կայունությունը: Վիրուսը խիստ զգայունակ է բարձր ջերմաստիճանի նկատմամբ, 100 0 C- ում ոչնչանում են անմիջապես, 70 0 C-ի դեպքում` 5 րոպեում, իսկ 55 0 C-ի՝ 15 րոպեում: Ցածր ջերմաստիճանում պահածոյացված վիրուսի կենսունակությունը պահպանվում է 1 ավելի քան երկու տարի, անասնաշենքերում՝ մինչ 2 ամիս, ծաղկային սպիներում` 1-1,5 տարի: Վիրուսն արագ ակտիվազրկվում է կծու նատրիումի, քլորակրի, կարբոլաթթվի և ֆորմալդեհիդի 2 %-ոց ջրային լուծույթների ազդեցությունից։ Ախտածնությունը: Վիրուսն օրգանիզմ ներթափանցելուց 4 օր հետո հայտնվում է արյան մեջ և ներքին օրգաններում: Վիրուսեմիան տևում է 2-3 օր, որից հետո շարունակում է վերարտադրվել մաշկի և լորձաթաղանթի էպիթելային բջիջներում: Օրգանիզմի բորբոքային հակազդման արդյունքում շճային և թարախային ախտահարումների դրսևորումները, դիտվում են որպես օրգանիզմի պաշտպանիչ հարմարվողական հատկություն: Նախանշանների (ջերմություն, ընկճվածություն լորձաթաղանթի բորբոքում) դրսևորումներից հետո ախտածնության զարգացման հաջորդականությունն ընթանում է 5 փուլով. 1) ծաղկային ցաների փուլ, հայտնվում են կարմիր բծեր, որը տևում է 1-2 օր, 2) բծերը փոխվում են կարմիր գոտիով հանգույցների, որի տևողությունը 1-2 օր է , 3) շճաբշտերի առաջացման փուլ, որը տևում է 3-4 օր, 4) թարախաբշտային փուլ, երբ բշտերի պարունակությունը լեյկոցիտների հետևանքով պղտորվում է և լցվում թարախածին միկրոբներով, որը պահպանվում է 2 օր. 5) Կեղակալման փուլ, թարախաբշտերը քայքայվում և չորանում են` անջատվելով 3-4 օրերի ընթացքում: Համաճարակաբանական տվյալները: Այծերի ծաղկի վիրուսը բնորոշ է միայն այծերին, ոչխարները հազվադեպ են վարակվում, որպես կանոն` դրանց մոտ այն բարենպաստ է ընթանում: Հիվանդության վիրուսն ախտահարում է առանձին հոտեր և լայն համաճարակային տարածում չի դրսևորում: Գյուղատնտեսական կենդանիները, այդ թվում ոչխարները, բնական պայմաններում այծերի ծաղկի վիրոսով չեն հիվանդանում, այդ պատճառով որոշ գիտնականներ այն համարում են ինքնուրույն հիվանդություն: Հիվանդության հարուցչի աղբյուր են ծաղիկով հիվանդ, գաղտնի շրջանում գտնվող վիրուսակիր և կլինիկապես առողջ կենդանիները: Ծաղկի վիրուսն արտաքին միջավայր է արտազատվում ախտահարված մաշկի, լորձաթաղանթի կեղերի, թեփուկների, քթի, բերանի լորձահոսքի, թքի և արցունքահոսության միջոցով: Հիվանդության հարուցիչը հիվանդներից առողջներին է փոխանցվում կենդանի և անկենդան նյութերի միջոցով: Նշենք, որ արյունածուծ միջատների օրգանիզմում վիրուսն իր կենսունակությունը 2 պահպանում է մինչ 100 օր և պատճառ է դառնում հետագա վարակմանը: Այն օրգանիզմ է ներթափանցվում շնչառական (օդակաթիլային, փոշու) ալիմենտար և ամբողջականությունը խախտված մաշկի ու լորձաթաղանթի միջոցով: Այծերի մոտ ծաղիկը սովորաբար ընթանում է տեղաճարակի ձևով, սակայն 4-14 օրվա ընթացքում հիվանդությունը տնտեսությունում կարող է ընդգրկել կենդանիների 60-80 %-ը: Ընթացքը և կլինիկական նշանները: Այծերի մոտ հիվանդությունը հարուցվում է բնական ծաղկի վիրուսով և սովորաբար ընթանում է բարորակ ձևով, այն կարող է լինել տեղային կամ ծավալված: Տեղային ձևը հիշեցնում է կովերի ծաղիկը, իսկ ծավալվածը՝ ոչխարների ծաղիկը: Հիվանդության տիպիկ զարգացման ժամանակ, 4-5 օրվա ինկուբացիոն շրջանից հետո այծերի մեջ երևում է տենդ (41-42 0C), թուլության նշաններ, ախորժակի վատացում, կոպերի այտուց, կաթի նվազում: Այնուհետև կրծի մաշկային ծածկոցի, հատկապես պտուկների վրա դուրս է գալիս ծաղկի էկզենթեմա: Ծանր ընթացքի դեպքում կարող է ախտահարվել շրթունքների, բերանի, դնչի, աչքերի շուրջը: Ծաղկային ախտահարումները (բշտեր, հանգույցներ, վերքեր) հանդիպում են կրծի, փորի մաշկի, վերջավորությունների ներսի մակերեսի, բերանի, քթի խոռոչի, սեռական ուղիների և հետանցքի լորձաթաղանթների վրա: Նորածին ոււլերի մոտ հաճախ ախտահարումները կենտրոնանում են բերանի, շնչառական համակարգի խոռոչների լորձաթաղանթների վրա, որի պատճառով հազում և փռշտում են: Այսպիսի պրոցեսը հաճախ բարդանում է երկրորդային թարախածին մանրէների հետևանքով: Հիվանդ կենդանիները շնչում են ծանր, քթի խոռոչից և աչքերից հոսում է պարզ, թափանցիկ, իսկ հետո թարախային լորձ: Բերանի լորձաթաղանթի քերծվածքների, խոցերի առկայության հետևանքով դժվարությամբ են ուտում: Հիվանդության բարդացման դեպքում նկատվում է կատառաթարախային մաստիտ, կրծի պարենքիմայի և թոքերի տարբեր աստիճանի բորբոքումներ: Սովորաբար կենդանիները վարակվելուց 2-3 շաբաթ հետո առողջանում են: Ախտաբանաանատոմիական փոփոխությունները: Բնորոշ են մաշկի և բերանի խոռոչի լորձաթաղանթների ծաղկային ախտահարումները: Ուլերի մոտ ախտահարվում են շնչառական և մարսողական համակարգերի լորձաթաղանթները, որոնք հաստացած և այտուցված են: Բարդացման հետևանքով ախտահարվում են թոքերը: Ախտորոշումը: Համաճարակաբանական, կլինիկական, ախտաբանաանատոմիական իմունակենսաբանական և շիճուկաբանական (չեզոքացման ռեակցիայի, պրեցիպիտացման, իմունաֆլյուեսցենցիայի, ՊՇՌ և ELISA) ռեակցիաների միջոցներով: էլեմենտար մարմնիկների հայտնաբերումը թարմ հանգույցներից, շճաբշտերից կատարվում է Մորոզովի մեթոդով: Հիվանդությունը կասկածելու դեպքում հաստատվում է իմունաֆերմենտային անալիզի ELISA և պոլիմերային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով: Տարբերակիչ ախտորոշում: Պետք է տարբերակել կոնտագիոզ էկտիմայից, դաբաղից, քոսից, նեկրոբակտերիոզից: Իմունիտետ: Այծերի ծաղկի նկատմամբ իրականացվում են առանձնահատուկ հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ: Ակտիվ իմունացման համար օգտագործում են կապրինա (ակտիվազրկված հիդրօքսիդալյումինային-ֆորմոլ) պատվատանյութը, իսկ պասիվ իմունացման նպատակով՝ գերիմուն շիճուկը և հիվանդացած առողջացած (ռեկոնվալեսցենտ) այծերի արյան շիճուկը: Հիվանդացած առողջացած այծերը ձեռք են բերում կայուն վարակամերժում, իսկ նրանցից ծնված ուլիկները՝ 60 օր և ավելի: Ծաղկով հիվանդացած առողջացած այծերից ստացված արյան շիճուկն օժտված է պաշտպանիչ հատկությամբ և կարելի է օտագործել առանձնահատուկ կանխարգելիչ նպատակների համար: Այն լավ արդյունք է տալիս միայն նախավարակային (ինկուբացիոն) շրջանում կամ հիվանդության առաջին նշանները երևալու դեպքում: Շիճուկի բաժնեչափը՝ ուլերին 10 մլ, իսկ լիատարիք այծերին՝ 20-50 մլ, այն ներարկվում է ենթամաշկ, ազդրի ներքին մակերեսի վրա: Կանխարգելումը և պայքարի միջոցառումները: Առաջին հերթին ծաղկի նկատմամբ անապահով տնտեսությունում սահմանվում է կարանտին: Հիվանդ այծերին առանձնացնում են և բուժում: Վարակի մեջ կասկածվող, կլինիկապես առողջ կենդանիներին առանձնացնում և պատվասում որևէ պատվաստանյութով: Ծաղկից սատկած ուլիկների, այծերի դիակները կաշվի հետ միասին այրում են: Կարանտինի պայմաններում արգելվում է կենդանիների ներմուծումը և արտահանումը անապահով վայրերից: Կաթը օգտագործվում է 85 0C–ի պայմաններում 20-30 րոպե պաստերիզացումից կամ 5 րոպե եռացնելուց հետո: Անապահով տնտեսությունների սահմանափակումները վերացնում են հիվանդ ածերի առողջացումից, հարկադիր սպանդից, պատվաստումից և եզրափակիչ ախտահանությունից 20 օր հետո: Մարիամ Սարգսյան, /ՀԱԱՀ/ անասնաբուժական գիտությունների դոկտոր



To top