< ՄԵՂՈՒՆԵՐԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԽՆԱՄՔԸ
05.12.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ

Կարտոֆիլի համատարած բերքահավաքից հետո գյուղացիական տնտեսությունների մտահոգությունը բերքի անկորուստ պահպանումն է: Սույն հրապարակումը ներկայացնում է բերքի պահպանման ժամանակ ի հայտ եկող հիվանդությունները: Կարտոֆիլի պահեստներում, պահպանման ընթացքում պալարների վրա արտահայտվում եւ զարգանում են բազմաթիվ հիվանդություններ, որոնք հիմնականում դաշտային պայմաններում հիվանդությունների դեմ անբավարար եւ ոչ ճիշտ պայքարի հետեւանքն են: Դրանք են 1. Ֆիտոֆտորոզային փտում: Հատկապես ուժեղ է արտահայտվում պահպանման առաջին շրջանում, երբ պահեստներում ջերմաստիճանը համեմատաբար բարձր է: Հիվանդ պալարների մակերեսին նկատելի են արճճամոխրավուն կամ գորշավուն, քիչ փոս ընկած, ամուր, անկանոն ձեւի բծեր: Պալարի կտրվածքում պտղամիսը ժանգագորշավուն է: Պահպանման շրջանի վերջում ֆիտոֆտորային փտումը վերածվում է չոր ֆուզարիոզային կամ թաց բակտերիալ փտման: Պահպանման ժամանակ վարակված պալարն առողջին չի վարակում: 2. Ֆուզարիոզային չոր փտում - ֆուզարիոզ: Սովորաբար հանդես է գալիս պահպանման դնելուց մի քանի շաբաթ անց: Պալարների վրա սկզբում առաջանում են մոխրագորշավուն, թեթեւակի սեղմված բծեր, հետագայում պտղամիսը բծերի տակ դառնում է չոր, մաշկը կնճռոտվում է: Պալարների մակերեսներին առաջանում են մոխրասպիտակավուն, դեղնավուն կամ վարդագույն բարձիկներ, կատարվում է կրկնակի վարակ: Ավելի հաճախ վարակվում են մեխանիկական վնասվածք ունեցող պալարները: Հիվանդությունը վարակված պալարում շատ արագ է զարգանում` հատկապես բարձր ջերմաստիճանում, վարակելով շրջապատի առողջ պալարները, որն իր առավելագույն զարգացմանն է հասնում պահպանման շրջանի միջին կամ վերջին մասում /բերքահավաքից 2 - 3 ամիս հետո/: 3. Ալտերնարիոզ /մակրո-սպորիոզ/: Սկզբնական վարակը տեղի է ունենում բերքահավաքի ժամանակ, սակայն հիվանդությունը պալարի վրա արտահայտվում է պահպանման ընթացքում /նոյեմբեր-դեկտեմբեր/: Պալարների վրա առաջանում են գորշ կամ համարյա սեւ չորացող բծեր, պտղամիսը բծերի տակ փտում է` վերածվելով մուգ մոխրագույն կամ դարչնագույն խաշիլանման զանգվածի: Երբեմն պալարների վրա առաջանում են բազմաթիվ կլորավուն բծեր, որոնց տակ մաշկը չորանում է: Հիմնականում վարակվում են երիտասարդ, չհասունացած պալարները, որոնց մաշկը բերքահավաքի ժամանակ թեթեւակի կլպվում է: Սկզբում սունկը զարգանում է բարակ, մակերեսային շերտով, ապա թափանցում է ավելի խորը: Հաճախ այս փտումը վեր է ածվում ֆուզարիոզային փտման: 4. Խառը, ներքին փտում: Հիմնականում զարգանում է որպես երկրորդային երեւույթ, սովորաբար, մեխանիկական վնասվածքներով պալարների վրա: Հարուցիչը կարող է լինել սունկ եւ բակտերիա, այդ առումով փտումը եւս կարող է տարբեր լինել` թաց կամ չոր, գորշ փառով, մոխրագույն կամ այլ գույնի: 5. Օղակավոր փտում: Հարուցիչը բակտերիա է: Պալարների երկայնակի կտրվածքում օղակն ունի դեղնավուն երանգ: Հետագայում վարակն այդ օղակից անցնում է այլ հյուսվածքներ, ընդհուպ մինչեւ միջուկը: Պալարն ամբողջությամբ կարող է փտել, արձակելով շատ տհաճ հոտ: Սովորաբար, վարակվում են դաշտային պայմաններում, պալարագոյացման վաղ շրջանում, երբ վարակված թփից վարակը ստոլոնի միջով անցնում է պալարին: Վարակման երկրորդ ճանապարհը` բերքահավաքի ժամանակ վարակված պալարի կամ թփի շփվելն է առողջ պալարի հետ: Այս դեպքում` պահպանման ընթացքում, ձմռան վերջին եւ գարնան սկզբին զարգանում է, այսպես կոչված, փոսիկավոր ձեւը: Փտման այս ձեւի հայտնաբերման համար հարկ է պալարի մաշկը բարակ շերտով կլպել, հեռացնել: Մաշկից հեռացված սպիտակ մակերեսի վրա հստակ նկատվում են յուղանման, դեղին, ոչ մեծ (2 - 3 մմ) բծեր, որոնք աստիճանաբար մեծանում են (1 - 1.5 սմ), մաշկը չորանալով` ճաքճքում է, առաջանում են փոսիկներ: 6. Բակտերիալ, թաց փտում: Հիվանդությունը շատ տարածված է, ունի բազմաթիվ ախտանիշեր: Հարուցիչներն ու բազմաթիվ բակտերիաները` նաեւ սապրոֆիտ սնկերն են: Հաճախ հիվանդությունն արտահայտվում է դաշտում, գերխոնավ հողերում եւ բույսերի սեւ ոտիկով ուժեղ վարակվելու դեպքում: Պալարների վարակվելը կարող է տեղի ունենալ ինչպես դաշտում, այնպես էլ պահեստներում, ըստ որում` դաշտում վարակը պալարի վրա նկատվում է ստոլոնի ամրացման տեղում: Պալարի վարակման տեղում մակերեսին առաջանում են ճեղքեր, որի հետեւանքով էլ փտումն ընդգրկում է ամբողջ պալարը: Պահպանման ընթացքում վարակը հիվանդ պալարից կարող է անցնել առողջին` անմիջական շփման ու բարձր խոնավության պայմաններում: Առաջին հերթին վարակվում են վնասված մաշկով պալարները: Փտման զարգացմանը նպաստում են պահպանման ժամանակ բարձր ջերմաստիճանը, ինքնայրումը, պալարների քրտնումը: Եթե պալարները սառել են դաշտում, բերքահավաքի կամ փոխադրման ժամանակ, ինչպես նաեւ` կարտոֆիլի վեգետացիայի ընթացքում, ազոտի ավելցուկով միակողմանի պարարտացումը մեծացնում է այս հիվանդությամբ վարակվելու հավանականությունը: 7. Պալարների նեմատոդներով վարակվածությունը: Ցողունային նեմատոդը հիմնականում նկատվում է պալարի կենտրոնում: Սկզբում առաջանում են արճճամոխրագույն բծեր, մաշկը հեշտությամբ անջատվում է, հետո առաջանում են մանր ճաքեր, մաշկը շերտավորվում է: Պահպանման ժամանակ առաջանում են մանր, մոխրագույն եւ գորշ բծեր, վարակված մասը քայքայվում է` ինչպես չոր փտման դեպքում: Վերջին հաշվով, վարակված պալարները լրիվ չորանում, փտում են: Պտղին վնասում են նաեւ ոսկեփայլ նեմատոդը, լարաթրթուրները եւ այլն: Ոչ վարակիչ հիվանդություններ 1. Պտղամսի մգացում կամ մոխրագույն բծավորություն: Երբեմն անվանում են մելանոզ: Արտահայտվում է տարբեր պատճառներով, սակայն ամենակարեւորը` մաշկի մեխանիկական վնասվածքներն են: Պալարի ներսում առաջանում են մանր բծեր, որոնք սկզբում մոխրավուն են, հետագայում` ավելի մուգ, իսկ պալարը եփելիս, ստանում է սեւ գույն: Հիվանդության զարգացմանը նպաստում են ոչ ժամանակին, վաղ կատարված բերքահավաքը, բույսի անբավարարվածությունը կալիումով, չոր հողում պալարի երկար ժամանակ բարձր` 10-120 կամ ցածր` 00-ին մոտ պահպանումը, թթվածնի անբավարարությունը կամ CO2-ի առատությունը: 2. Պալարների շնչահեղձություն: Հիմնական պատճառը` հողում կամ պահպանման ժամանակ օդի խիստ պակասն է: Հողային շնչահեղձությունը հաճախակի լինում է ծանր, գերխոնավ, ամուր հողերում, առատ տեղումներով տարիներին: Ուժեղ վարակվում են երիտասարդ, ոչ լրիվ հասունացած պալարները: Բերքահավաքի ժամանակ պալարների վրա ոչ մի նշան չի երեւում, միայն փոքր, համարյա աննկատ ոսպիկներ են նկատվում: Հետագայում դրանք մեծանում են, դառնում սպիտակ, փխրուն թմբիկներ, բարձիկներ: Ճիշտ պահպանման դեպքում, թմբիկներն աստիճանաբար անհետանում են, դրանց փոխարեն մնում են ոչ մեծ բծեր: Պահպանման ռեժիմի խախտման դեպքում, արդեն մեկ ամսից, սկսվում են զանգվածային փտումն ու շնչահեղձությունը: Պալարները դառնում են փխրուն, խաշիլանման, տհաճ սպիրտային հոտով զանգված: Օդում այդ քայքայված հյուսվածքները դանդաղորեն գորշանում են, որով եւ տարբերվում են ցրտահարվածներից: Առաջին նշաններն ի հայտ են գալիս թաց, կեղտոտ, հողոտ կարտոֆիլի հաստ շերտում: Հողային շնչահեղձման նշաններով պալարները հարկ է հավաքել առանձին եւ շուտ իրացնել: Անհրաժեշտ է պահպանել մշակման, տեղափոխման ու պահպանման ճիշտ կանոնները: 3. Ջերմային վնասվածություն: Արտահայտվում է հենց դաշտում, եթե բերքահավաքը կատարվել է շոգ եղանակին եւ պալարները մի քանի ժամ մնացել են արեւի ճառագայթների տակ: Կարող է կատարվել նաեւ ուժեղ ինքնայրման ձեւով, տեղափոխման, պահպանման ժամանակ, երբ պալարները գտնվում են +400C-ի պայմաններում: Պալարի միջին մասը կնճռոտվում է, պտղամիսը մգանում, երբեմն ի հայտ է գալիս պալարի եզրերով կամ ամբողջ ներքին մասով` մոխրավուն կամ սեւ բծերի ձեւով: 4. Սառածություն: Կարտոֆիլի պալարը ցրտահարվում, սառչում է -1.70C ջերմաստիճանում: Երբ այն հետ է գալիս /հալվում է/, սեղմելիս` պալարից հեշտությամբ ջրալի հեղուկ է արտազատվում, մաշկը կնճռոտվում եւ հեշտությամբ անջատվում է, պալարն արագ ընդունում է վարդագույն երանգավորում, ապա մգանում, դառնում է գորշ, սեւ երիզով: Այսպիսի պալարներն արագ փտում են /թաց փտում/: 5. Երկաթային բծավորություն կամ ժանգոտություն: Հիվանդությունը նկատելի է միայն կտրվածքում: Պտղամսում առաջանում են ժանգադարչնագույն, տարբեր չափերի եւ ձեւի բծեր: Հիմնական պատճառը` հողում ֆոսֆորի անբավարար քանակն է: Հիվանդությունը հաճախ հանդիպում է ավազային հողերում, շատ տաք տարիներին:



To top