< Խորհուրդներ կրծողների դեմ պայքարի նպատակով քիմիական վանող նյութերի միջոցով
30.11.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՄԵՂՈՒՆԵՐԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԽՆԱՄՔԸ

Մեղուների պահվածքի և խնամքի ամենածանր ու պատասխանատու շրջանը ձմեռն է: Մեղվաընտանիքների անկումը հիմնականում լինում է այդ ժամանակ: Ընդունված է, որ հոկտեմբերից մինչև մարտ ամիսը, եթե անկումը հասնում է 5%-ի, ապա դա բնականոն երևույթ է: Իսկ երբ ի հայտ եկավ վարոատոզ հիվանդությունը, անկման տոկոսը որոշ մեղվանոցներում հասավ մինչև հարյուրի: Դրա պատճառը` ոչ թե հիվանդության անբուժելիությունն է, այլ մեղվապահի չիմացությունը կամ այն պահանջների անտեսումը, որոնք պետք է օգտագործվեին մեղրաքամից հետո` մեղուների հաջող ձմեռման համար: Այդ պահանջները հիմնականում հետևյալն է` մոր հայտնաբերումը մեղրաքամից հետո, ճիշտ և ժամանակին մեղվաընտանիքների բնի խտացումը, մեղրով շրջանակների ճիշտ դասավորումը բնում, մեղվաընտանիքների բուժումը վարոատոզ հիվանդության դեմ, կերապաշարի ստուգումն ընտանիքներում և, եթե պահանջվում է` դրա լրացումը, նոզեմատոզ հիվանդության դեմ դեղամիջոցներով կանխարգելիչ միջոցառումները, մեղուների ձմեռման դրական և բացասական վիճակների առկայությունը ձմեռանոցում և ձմեռանոցից դուրս: Եթե մեղվանոցում չկա պահուստային բեղմնավորված մայր, բոռաձու ընտանիքը պետք է վերացվի: Դրա համար փեթակը մեղուների հետ հանում են մեղվանոցից, լավ ծխահարում, որի հետևանքով մեղուները մեղրապարկը լցնում են մեղրով: Դրանից հետո մեղուներին թափ են տալիս մեղրահացերից: Մեղուները թռչում են իրենց նախկին փեթակի տեղը: Չգտնելով իրենց փեթակը` դրանք մտնում են կողքի փեթակների մեջ: Լցված մեղրապարկերով մեղուներին ուրիշ փեթակների մեղուներն ընդունում են` սատկացնելով միայն այն մեղուներին, որոնք բոռաձու են և ձվադրում են: Մեղվի ընտանիքների բների նեղացումը սկսում են` հանելով դատարկ և կիսակառուցված մեղրահացերը: Բաց գույնի, նոր կառուցված մեղրով մեղրահացերը տեղավորում են բնի կողքերում: Քիչ պարունակությամբ մեղրահացերը տեղավորում են միջնատախտակից հետո` քերելով սերեկած մեղրը: Այդպիսի մեղրահացերից մեղուն մեղրը տեղափոխում է բնի մեջ: Մեղրահացերը, որոնք լցված են մեղրով և կիսով չափ սերեկած, տեղավորում են բնի կենտրոնում: Լավ են համարվում այն մեղրահացերը, որոնց ներքևի մասը դատարկ է կամ բջիջները կիսով չափ են լցված մեղրով: Այդպիսի մեղրահացերը ավելի լավ են պահում տաքությունը, և մեղուները դրանց վրա ավելի հաջող են կծիկ կազմում: Ձմեռվա պաշարի լրացումից առաջ պետք է կազմակերպվի մեղվի ընտանիքների բուժումը վարոատոզի դեմ: Հայտնի է, որ մեղրաքամից հետո զգալի չափով իջնում է մոր ձվադրումը: Վարոատոզի տիզը զրկվում է թրթուրների վրա նորից ձվադրելու հնարավորությունից: Կրճատվում է նոր ծնվող տզերի քանակը, որոնք կարող են ձմեռել մեղուների հետ` տեղավորվելով որովայնի սեգմենտների արանքում և մյուս տարի ևս սերունդ տալ: Եթե կերակրումն անցկացնեն բուժումից առաջ, կբարձրանա մոր ձվադրումը, որի հետևանքով կավելանան նոր ծնված տզերը: Բուժման արդյունավետությունը կիջնի, կբարձրանա դեղամիջոցի քանակությունը մեղրում: Վարոատոզը բուժելու համար կան հետևյալ դեղամիջոցները` ֆումիսան, պոլիսան, ամիպոլ-Տ, բիպին-Տ, թրթնջկաթթու, բիվարոլ, ապիդեզ, մրջնաթթու, տեդա, ապիտակ, վետֆոր, բիպին, ակարասան, տանգ: Եթե մեղվի ընտանիքում կան ձվեր և թրթուրներ, չի կարելի օգտագործել բիպին կամ բիպին-Տ, քանի որ այդ դեղամիջոցը ոչնչացնում է դրանց: Ֆոմիսան կամ ամիպոլ-Տ: Շպոնի շերտիկներ են` ներծծված դեղով, հերմետիկ փաթեթավորված փայլաթիթեղով: Անմիջապես օգտագործելուց առաջ տուփը բացում են, շերտիկի ծայրին դակիչի կամ շաղափի միջոցով անցք են բացում, որից հետո ատամի մաքրիչի փայտիկը անցկացնելով անցքի միջով` շերտիկն իջեցվում է 3-րդ ու 4-րդ մեղրահացերի արանքը` բնի կենտրոնում: Եթե մեղուները միջին ուժի են կամ էլ ուժեղ են, օգտագործում են 2 շերտիկ` 3-4-րդ և 7-8-րդ մեղրահացերի արանքում: Շերտիկները թողնում են փեթակի մեջ` 3-25 օր: Տուփի մեջ կան 10 շերտիկներ: Պոլիսան: Թերմիկ կարտոնե շերտիկներ են: Օգտագործվում են առավոտյան կամ երեկոյան` մինչև մեղվի թռիչքի սկսվելը կամ` ավարտից հետո, երբ օդում ջերմաստիճանը 10°C-ից ոչ պակաս է: Պոլիսանի օգտագործումից առաջ մեղվի փեթակի հատակի վրա` մեղրահացերի տակ, տեղավորում են ցանցտիզ- որսիչ: Պետք է իմանալ, որ պոլիսանը ոչ թե սպանում է տզին, այլ` շշմեցնում: Առանց տիզ-որսիչի, որոշ ժամանակից հետո տզերը կենդանանում են և նորից անցնում մեղուների վրա: Շերտիկն ամրացնում են լարին, որի երկարությունը 20-30 սմ է, վառում են վերջից և արագ մարում կրակը, շերտիկը սկսում է ծխալ: Այդ վիճակով այն իջեցնում են 1-ին և 2-րդ մեղրահացերի արանքով` երկաթե ցանցի վրա: Առաջին և երկրորդ շրջանակների միջև տարածությունը լայնացնում են մինչև 3 սմ: Երկաթե թիթեղի օգնությամբ շերտիկը կարելի է անցկացնել շրջանակների տակ: Փեթակում եղած բոլոր անցքերը և արկանոցը փակում են մեկ ժամով: Եթե շերտիկը լրիվ չի ծխացել, գործողությունը կրկնում են: Մեղվաընտանիքների մշակումը այդ դեղամիջոցով պետք է ավարտել մեղրաքամից 30 օր առաջ կամ մեղրաքամից հետո: Բիպին-Տ: Դեղնագույն հեղուկ է: Պատրաստուկի մեկ միլիլիտրը լուծում են 2 լ գոլ ջրում /35-40°C/: Լուծույթը լցնում են պլաստմասե շշի մեջ, դրա փականի վրա փոքր անցք բացում և մեղուներին ջրում մեղրահացերի արանքով. 1 շրջանակ մեղվի համար` 10 մլ ջուր: Գործողությունը կրկնում են 7 օր հետո: Թրթնջկաթթու: 20 գրամ թթուն լու¬ծում են մեկ լիտր գոլ ջրում և գոլ վի¬ճակում օգտա¬գոր¬ծում բիպինի օգտագործման ձևով: Օդի ջերմաստիճանը պետք է լինի 16°C-ից ոչ պակաս: Բուժման ավարտից հետո անհրաժեշտ է ստուգել վարակվածության աստիճանը: Եթե այն 5 %-իցավելի է, բուժումը կրկնում են: Վարոատոզի վարակվածության աստիճանը որոշելու համար գոյություն ունեն մի շարք մեթոդներ և սարքեր: Առաջարկվում է սարք, որի միջոցով մեղվաընտանիքի բնի կենտրոնական մեղրահացերից /նախօրոք գտնելով և առանձնացնելով մայր մեղվին/ վերցնում են 100-200 մեղու և տեղափոխում տաք ջրով /70-80°C/ կիսով չափ լցված 0.5-1 լ ապակյա տարայի մեջ ու թափահարում: Տզերի առկայության դեպքում, դրանք անջատվում են մեղուներից և իջնում տարայի հատակը: Այնուհետև հաշվում են տզերի, իսկ սարքում` մեղուների քանակը և դուրս բերում վարակվածության աստիճանը: Մինչև 10 %-ը համարվում է թույլ, 10-20 %-ը` միջին, 20-30 % և ավելին` ուժեղ: Ամերիկացի գիտնականներն առաջարկում են տաք ջուրը փոխարինել շաքարափոշով` հետևյալ ձևով. վերցնում են 0.5 լ -նոց ապակե տարա, լցնում 100 գ շաքարափոշի և 100-200 մեղու մեկ ընտանիքից, փակում ցանցե կափարիչով և թափահարում /ցանցի անցքերի չափերը չպետք է գերազանցեն 2.5 մմ-ը/: Թափահարումից տզերը պոկվում են մեղուների մարմնից: Շրջելով ապակե տարան` շաքարափոշու հետ սպիտակ թղթի վրա թափվում են նաև տզերը: Իմանալով մեղուների և թափված տզերի քանակը, կարելի է որոշել ընտանիքի վարակվածության աստիճանը: Օրինակ` շաքարափոշու մեջ կա 21 տիզ, իսկ մեղվի քանակը 136 հատ է: Կազմեք համեմատությունը` 136-100 %, 21 - X % X= 21x100/136 =15.4 %: Այսինքն` վարակվածության աստիճանը 15.4 % է: Միատեսակ դեղամիջոցի բազմիցս օգտագործումը հանգեցնում է նրան, որ տիզը ձեռք է բերում իմունիտետ: Դրա համար խորհուրդ է տրվում պարբերաբար փոփոխել օգտագործվող դեղամիջոցները: Հայտնի է, որ օգոստոսից մինչև մարտ ամիսները մեղվաընտանիքներն օգտագործում են բնում եղած մեղրի պաշարները: Հաշվարկված է, որ ձմեռվա պաշարը մեր պայմաներում, միջին ուժի ընտանիքում, պետք է լինի 12 կգ-ից ոչ պակաս: Եթե մեղվապահը, փեթակները զննելիս, նկատում է, որ կերապաշարը պակաս է, ուրեմն այն պետք է լրացվի շաքարաջրով: Վերջինը պատրաստվում է 1,5:1 հարաբերությամբ, այսինքն` 1,5 կգ շաքարավազը լուծում են 1լ եռացրած ջրում` 1 լ լուծույթին ավելացնում են 0,5գ լիմոնի աղ կամ 0,3 մլ քացախաթթու: Մեղվի բնականոն ընտանիքը ձմեռվա նախօրյակին իր կծիկը կազմում է արկանոցի մոտ: Ձմռան ընթացքում կծիկը, օգտագործելով մեղրը, բարձրանում է վերև, հետո գնում հետ և կողքի: Եթե կծիկը, շարժվելով դեպի կողք, ճանապարհին հանդիպում է դատարկ մեղրահացի, չի կարողանում այն շրջանցել և հասնել մեղրով մեղրահացին, հետևաբար` մեղվաընտանիքը սատկում է: Լինում են դեպքեր, երբ մեղվապահը դատարկ և կիսադատարկ մեղրահացերը թողնում է փեթակում`բնի կողքը: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ցերեկները օդի ջերմությունը հասնում է 15-20°C, իսկ գիշերները` իջնում մինչև -5-10°C: Մեղուները հեշտությամբ տաքացնում են դատարկ մեղրահացերը: Որոշ մեղվաընտանիքներ, երբ երեկոյան ջերմությունը իջնում է, կծիկ են կազմում դատարկ մեղրահացերի վրա, հուսով, որ հաջորդ օրը նորից կլինի տաք եղանակ և կկարողանան թռչել: Ցրտերի գալը հանգեցնում է նրան, որ այդ մեղուները մնում են դատարկ մեղրահացերի վրա և սատկում: Դրա համար մեղվապահը պարտավոր է ժամանակին հանել դատարկ մեղրահացերը և փոխարենը տեղավորել միջնատախտակ և կողքի տաքացնող բարձիկ: Մեղուների հիմնական և տարածված հիվանդություններից մեկը նոզեմատոզն է, որն արտահայտվում է ձմռան երկրորդ կեսին և գարնանը: Հիվանդանում են մեղուները, բոռերը և մայրերը: Դա միաբջիջ օրգանիզմ է, որը մակաբուծում է միջին աղիքում: Ձմռան ընթացքում հիվանդությանը բնորոշ հատկանիշներն են` մեղուների անհանգստությունը, լույծը, որոշ մեղուների կամ ընտանիքների անկումը: Հիվանդ մեղուները պոկվում են կծիկից, սողում բնում, ցրտահարվում, ընկնում փեթակի հատակին և սատկում: Հիվանդ մեղուները ձգտում են դուրս գալ փեթակիցև իրենց կղանքով, որը պարունակում է մեծ քանակությամբ հիվանդության հարուցուցիչներ, կեղտոտում են փեթակի պատերը, մեղրահացերը: Խորհուրդ է տրվում աշնանը, որպես կանխարգելիչ միջոց, օգտագործել նոզեմատ կամ նոզեմացիտ դեղերը: Երկուսն էլ օգտագործվում են նույն ձևով` 5գ դեղամիջոցը լուծում են 0,5 լ գոլ ջրում և լուծույթը խառնում 20 լ շաքարաջրի հետ: Ստացված օշարակը տալիս են մեղուներին, այն հաշվարկով, որ մեկ շրջանակ մեղուն ստանա 100 մլ օշարակ: Այս դեղամիջոցը տալիս են կերակրման վերջում: Լավ արդյունք են տալիս բնի կենտրոնում տեղակայված շրջանակների վրայի կերակրամանները: Գարնանն այդ դեղամիջոցները օգտագործվում են երկու անգամ` 5-6 օր ընդմիջումով: Ձմռանը նշված դեղամիջոցները կարելի է օգտագործել կանդիի մեջ: Վերցվում է 4 մաս շաքարի փոշի և 1 մաս տաք մեղր, այսինքն` 8 կգ շաքարափոշուն ավելացնում են 2 կգ մեղր և 5 գ դեղամիջոց`¬ լուծված 0.3 լ գոլ ջրում: Այդ բոլորը շաղախում են այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Մինչև մեղվի թռիչքի սկսվելը, հունվար ամսից` 0.5 կգ շաքարաբլիթը դրվում է մեղվի կծիկի վերևում` շրջանակների վրա: Մեղուն մեծ հաճույքով օգտագործում է այդ խառնուրդը և ստանում պահանջվող դեղամիջոցը: Ժամանակին և ճիշտ դեղամիջոցներով կերակրումները երաշխիք են մեղվի ընտանիքների հաջող ձմեռման համար: Ներկայումս որոշ մեղվապահներ ձմռանը մեղվի ընտանիքները թողնում են դրսում, իսկ մյուսները տանում ձմեռանոց: Ձմեռանոցում ջերմաստիճանի տատանումները քիչ են: Մեղուները հավասար են օգտագործում իրենց պաշարները: Բնի խոնավությունը բարձր է: Մեղվապահը չի կարող ստուգել և պարզել մեղվի ընտանիքի վիճակը: Ձմեռանոցում կրծողներն անհանգստացնում են մեղուներին, իսկ ջերմաստիճանի հանկարծակի բարձրացման դեպքում` մեղուն անհանգստանում է և ձգտում դուրս գալ փեթակից: Դրսում ձմեռելը հնարավորություն է տալիս մեղվապահին պարբերաբար ստուգելու ընտանիքների վիճակը: Եվ եթե պետք է, ապա կերակրել քաղցածներին, իջեցնել փեթակի խոնավության աստիճանը` ծալելով շրջանակների վրայի շորի անկյունը: Եղանակների բարենպաստ պայմաններում մեղուն ունի հնարավորություն` կատարելու մաքրման թռիչք և ազատվելու կղանքից: Դրսում եղած ընտանիքներում սատկած մեղուների քանակը քիչ է: Հարկ է նշել, որ քիմիական դեղամիջոցները պետք է զգուշությամբ օգտագործվեն, քանի որ դրանք բացասաբար են անդրադառնում մեղվաբույծների առողջության վրա: Հիվանդությունների դեմ դեղամիջոցներ կիրառելիս, խորհուրդ է տրվում տարիներ շարունակ չօգտագործել միևնույն դեղամիջոցները: Խորհուրդ է տրվում օգտվել միայն գործարանային պայմաններում պատրաստված մոմաթերթից: Պատրաստուկները ձեռք բերելիս, պարտադիր պետք է պահանջել օգտագործման հրահանգները, իսկ միջոցառումներն անցկացնելիս, խստորեն հետևել ու պահպանել դրանցում նշված բոլոր պահանջները: Անկախ նրանից, հիվանդություններ կան, թե ոչ, մեղվանոցում պահպանել պահանջվող սանիտարահիգիենիկ կանոնները:



To top