< Անասունների ձմեռացմանը պատրաստվել ժամանակին
28.10.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԿՐԾՈՂՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Կրծողների կարգն ընդհարձակ խումբ է, պատկանում է կաթնասուն կենդանիների ամենամեծ դասին: Կրծողներին բնորոշ է ատամների կառուցվածքը, որոնք արմատներ չունեն, աճում են ամբողջ կյանքի ընթացքում: Այս դասին պատկանողները հիմնականում խոտակերներ են, սակայն կան տեսակներ, որոնք սնվում են նաև կենդանական կերով: ՀՀ-ում մկնանման կրծողներից լայն տարածում ունեն և գյուղատնտեսական մշակաբույսերին մեծ վնաս են հասցնում դաշտամկներին պատկանող շատ տեսակներ, հատկապես սովորական և հասարակական դաշտամկները, իսկ կրծողներից մոխրագույն առնետը և տնային մուկը: Կրծողների դեմ արդյունավետ պայքարի/հսկողության ծրագրի հիմնավոր ելակետը թիրախ հանդիսացող տեսակների բնակեցման էկոլոգիական առանձնահատկությունները և վարքագծի պատշաճ իմացությունն է, որը, սակայն, չի նշանակում, որ պետք է աչքի տակ ունենալ միայն էկոլոգիական մեթոդները կամ կենսաբանական հսկողությունը: Պետք է հաշվի առնել խնդրի ուղղությամբ նոր լուծումների բոլոր հնարավոր մոտեցումները: Մոխրագույն առնետ: Լայնորեն տարածված է և հարմարված բազմապիսի պայմաններին: Բնակվում են նկուղներում, պահեստներում, սպանդանոցներում, թռչնանոցներում, ալրաղացներում, հացահատիկի ու մթերային պահեստներում: Սեռահասուն են դառնում երեք ամսականից՝ տալով 5 սերունդ: Յուրաքանչյուր սերնդում ձագերի թիվը հասնում է 12-ի, որոնք սնվում են բուսական և կենդանական կերերով: Համարվում են կենդանիներից մարդկանց մի շարք վարակիչ հիվանդությունների փոխանցողներ և տարածողներ: Սովորական դաշտամուկ: Այս տեսակը սովորաբար բնակվում է բաց, խոտածածկ հարթավայրերում, ցորենի կամ գարու դաշտերում, ինչպես նաև պտղատու այգիներում: Սնվում են բույսերի վեգետատիվ մասերով, սերմերով: Ոչնչացնում են հացաբույսերի, խոտաբույսերի ցանքերը, կրծում են ծառի բունը` օղակաձև, արմատավզիկի մոտ: Բազմանում են տարվա տաք ամիսներին: Տարեկան տալիս են 4-6 սերունդ, յուրաքանչյուր սերունդ` 11 ձագ, հանդիսանում են մարդկանց հիվանդությունների տարածող: Հասարակական դաշտամուկ: Ավելի տարածվող տեսակ է: Նրանց բնորոշ է գլանաձև և երկար իրանը, դիմացի թաթերը համեմատաբար կարճ և տափակ են, տեղաշարժվում են չորքոտանի քայլվածքով: Տարվա ընթացքում բազմանում է 5 անգամ, յուրաքանչյուր սերնդի ձագերի թիվը հասնում է 18-ի: Մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերին, պտղատուներին: Պայքարի միջոցառումներ: Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերում, պտղատուների և խաղողի տնկարկներում, գարնանը և աշնանը սառը եղանակային պայմաններում դաշտամկների դեմ պայքարում են բակտերիոցիդներով պատրաստված գրավչանյութերով:     Պայքար մեխանիկական արգելապատերի միջոցով     Մեխանիկական արգելապատերը, որոնք կանխում են մկնանման կրծողների կողմից ծառերի բնափայտի կեղևահան անելը, արդյունավետ են և էկոլոգիապես ապահով: Համապատասխան նյութեր են` ցանցավոր ցանկապատերը, ալյումինե թիթեղները, կարծր պոլիէթիլենից խողովակները և այլն: Պաշտպանողական օղակների տեղադրումը մրգատու ծառերի բների շուրջը նույպես կանխում են դաշտային մկների վնասները: Օրինակ, Գերմանիայում, գազարի մարգերում դաշտային մկների ներխուժումը կանխել են` տեղադրելով գետնից 16սմ բարձր և գետնից 8 սմ ցածր 4մմ-ոց կարծր պոլիէթիլենից արգելապատ` շուրջը տեղադրելով թունավոր գրավչանյութը:   Պայքարի կենսաբանական եղանակները     Դաշտային մկներով սնվող գիշատիչ կենդանիներից են կզաքիսները, աքիսները, կատուները, շները, աղվեսները, դաշտագայլերը, բուերը, բազեները և օձերը: Հայաստանի Խոսրովի արգելավայրը հարուստ է զանազան ցերեկային ռապտորներով և բուերի տեսակներով, որոնք պոտենցիալ գիշատիչներ են կրծողների համար: Այս գիշատաիչներին ապահովելով հարմարավետ բնակավայրերով և տեղադրելով թառեր կամ բներ` կարելի է արդյունավետորեն կասեցնել դաշտային մկների տարածումը: Փաստեր կան, որ թռչունների տարբեր տեսակի կայանատեղիները, ինչպիսիք են փայտե կամ քարե կույտերը, թառերը և այլն, նպաստում են թռչունների կողմից դաշտային մկների որսին և արող են զգալիորեն նվազեցնել մկների քանակը և խոչընդոտել նրանց բազմացմանը: Ձյան հաստ շերտը դաշտային մկներին պաշտպանում է կաթնասուն գիշատիչներից, և միայն աքիսները կարող եմ մտնել այդ բները` դաշտային մկներ որսալու համար:     Պայքար քիմիական վանող նյութերի միջոցով   Հոտառությունը կենսական դեր է խաղում կրծողների սնվելու վարքագծում և այդպիսի փորձերից էր քիմիական վանող նյութերի կիրառումը: Դժբախտաբար, կրծողները կարող են հասնել իրենց կողմից սիրված կերակուրին` անտեսելով քիմիական վանող նյութերը: Նրանց բերանի անատոմիան հնարավորություն է տալիս թունաքիմիկատով մշակված ծառի բնից առանց վտանգի ենթարկվելու հեռացնել անհամ կամ թունավորված շերտերը և ագահաբար կուլ տալ տակի շերտը: Քիմիական հատիկների շաղ տալը նույնպես չի կարող պաշտպանել ծառերը դաշտային մկների հարձակումներից:   Դաշտամկների դեմ արդյունավետ քիմիական պայքար կարելի է կազմակերպել գարնանը և աշնանը, երբ դաշտերը զերծ են փարթամ բուսականությունից և բնանցքերը տեսանելի են:   Դաշտամկների դեմ պայքար իրականացվում է մկնասպան թունանյութերով /էթիլֆենացին կամ ցինկի ֆոսֆիդ, կամ բրոմոդիոլոն և այլն/ թունավորված գրավչանյութով: Ստորև ներկայացվում է ցինկի ֆոսֆիդով պայքարի տեխնոլոգիան: Թունանյութի նկարագրությունը` ազդող նյութը ցինկի ֆոսֆիդն է, որի պարունակությունը պատրաստուկում կազմում է 80%, մուգ մոխրագույն, յուրահատուկ հոտով փոշի է: Այն դասվում է ուժեղ թունունակ, արագ ազդող մկնասպան պատրաստուկների խմբին: Թունավորված գրավչանյութի պատրաստման տեխնոլոգիան` 1 կգ թունավորված գրավչանյութ պատրաստելու համար օգտագործվում է 25գ ցինկի ֆոսֆիդ, 15-20գ բուսական յուղ կամ ավտոլ և 1կգ ցորեն, գարի կամ վարսակ: Հատիկին նախօրոք ավելացվում է բուսական յուղ կամ ավտոլ, այնուհետև ցինկի ֆոսֆիդ և խառնվում այնքան, մինչև բոլոր հատիկները հավասարապես ծածկվում են թունանյութով: 1 հեկտարի համար օգտագործվում է 5կգ թունավորված գրավչանյութ: Գրավչանյութը պատրաստելիս և օգտագործելիս անհրաժեշտ է ճշտորեն կիրառել նախազգուշական և անվտանգության միջոցառումներ:   Գրավչանյութի հետ աշխատողները պետք է ապահովված լինեն համապատասխան արտահագուստով, պաշտպանիչ դնչակալով, ռետինե ձեռնոցներով, որոնք կբացառեն գրավչանյութի շփումը մաշկի հետ:   Գրավչանյութը պետք է պատրաստել կենտրոնացված կարգով, մասնագետի հսկողությամբ, հատուկ հարթակերի վրա կամ բաց տարաների մեջ: Գյուղացիական և ֆերմերային տնտեսությունները պայքարի աշխատանքները սկսելուց առաջ տեղեկացնում են համայնքի ղեկավարությանը, ինչպես նաև պարտավոր են հայտարարությունների ձևով և լրատվական միջոցներով իրազեկել ազգաբնակչությանը պայքարի միջոցառումների իրականացման մասին: Թունավորված գրավչանյութերով մշակված տարածքներում 20 օր արգելվում է անասունների արածեցումը: Պայքարի միջոցառումներ: Առնետների համար թունավոր գրավչանյութ պատրաստելու համար օգտագործվում է հացահատիկ, որը պատում են ձեթով, ապա ֆոսֆոցիդով: 1կգ հացահատիկին անհրաժեշտ է 20գ ձեթ, 50գրամ ցինկի ֆոսֆիդ, ծախսը 1-3կգ/հա: Կարելի է օգտագործել Կլերատ և Շտորմ-Բ: Կլերատով մշակված հատիկը լցնում են գդալով բնանցքների մեջ: Շտորմ-Բ-ն արտադրում են բրիկետների ձևով՝ յուրաքանչյուր գրավչանյութային արկղում տեղադրելով 1 բրիկետ /գրավչանյութը երկու շաբաթվա ընթացքում երեք անգամ թարմացնում են/: Տնային մուկ: Տարածված տեսակ է, տարվա ընթացքում բազմանում են 5 անգամ, սերունդում ձագերի թիվը հասնում է 10-ի: Բնակվում են բնակարաններում, մթերային խանութներում, պահեստներում:   Պայքարի միջոցառումները: Տնային մկան դեմ օգտագործում են 0.5% Կլերատ և Շտորմ-Բ պատրաստուկները: Այս պատրաստուկներով ցորենը թունավորում են և գդալով լցնում բնանցքների մեջ:   Պայքարում են նաև Գլիֆտորով /0,005 %/ և Շտորմ Բ-ով /0,005 %/: 50գր Գլիֆտորը լուծում են 500գր ջրի մեջ և թրջում 5կգ հացահատիկ: Այնուհետև գդալով 5-10 հատիկ լցնում են դաշտում եղած բնանցքերի մեջ: 1հա-ին ծախսվում է մինչև 5կգ գրավչանյութ: Շտորմ Բ-ն արտադրվում է հաբերի տեսքով: Դաշտում` բնանցքերում, այգու ծառերի շուրջը պետք է դնել 1-ական հաբ:



To top