< ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.10.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Անասունների ձմեռացմանը պատրաստվել ժամանակին

Մեր հանրապետության պայմաններում սեպտեմբերի վերջերին ավարտվում է անասունների (տավարի) լեռնային արոտներում պահելու շրջանը, կենդանիներին բարձր լեռնային արոտավայրերից աստիճանաբար փոխադրում են ներքեւ, գյուղամերձ արոտներ, իսկ հոկտեմբերի վերջերից անցում է կատարվում մսուրային պահվածքի։ Ուստի, հարկավոր է նախապես պատրաստվել կենդանիների ձմեռային (մսուրային) շրջանին։ Մինչեւ տավարի մսուրային պահվածքին անցնելը, անհրաժեշտ են մի շարք նախապատրաստական աշխատանքներ. հարկ է նորոգել անասնագոմերը, կարգի բերել տանիքը, անասունների կանգնելատեղերը, լուսամուտները, դռները, մսուրները, կապերը, ինչպես նաեւ ջուր խմելու, կթելու, գոմաղբի հեռացման մեքենասարքավորումները, ախտահանել եւ մաքրել գոմերը։ Ախտահանումները տարվում են կրեոլինի 3 կամ քլորաջրի 2 կամ կծու նատրիումի 3%-անոց լուծույթներով` մեկ քառակուսի մետրին 0.5 լիտրի հաշվով։ Հանգած կրի 15-20%-անոց ջրային լուծույթով սպիտակեցվում են նաեւ գոմերի պատերը, առաստաղը, պատուհանները, սյուները, մատղաշի վանդակները։ Մի խոսքով, անհրաժեշտ է ապահովել նորմալ գոմային պայմաններ` կենդանիների ձմեռացումը լավագույն ձեւով անցկացնելու համար։ Սակայն հաջող ձմեռումը ամենից առաջ պայմանավորվում է անհրաժեշտ քանակի եւ որակյալ կերերի առկայությամբ։ Հայաստանի տավարաբուծության զարգացման ընթացքի վերլուծությունը ցույց է տալիս, որ կենդանիների ցածր մթերատվությունը պայմանավորված է, առաջին հերթին, դրանց անբավարար կերակրմամբ, հատկապես ձմեռային-մսուրային շրջանում։ Ներկայումս շատ տնտեսություններում տավարը կերերով ապահովված է պահանջի շուրջ 50-60%-ի չափով։ Մինչդեռ, նորմալ կերակրման եւ այսօրվա ցեղային կազմի առկայության պայմաններում, կովերի կաթնատվությունը կարող է լինել 2500-3500 կգ եւ ավելի։ Հետեւապես ձմեռացմանը նախապատրաստվելու կարեւոր հարցերից մեկը կերերի անհրաժեշտ պաշարի ստեղծումն է։ Ստորեւ բերվում է տարբեր մթերատվություն ունեցող կովերի պահանջը կերի միավորի եւ մարսելի պրոտեինի նկատմամբ` ամբողջ տարվա, այդ թվում` մսուրային շրջանի համար, մեկ կովի հաշվով։ Տվյալները հավաստում են. որքան բարձր է կովերի կաթնատվությունը, այնքան շատ կեր է պահանջվում 1 կովի հաշվով, սակայն նվազում է յուրաքանչյուր 1 կգ կաթի արտադրության վրա կերի ծախսը։ Եթե 2000 կգ կաթնատվություն ունեցող կովի յուրաքանչյուր 1 կգ կաթի արտադրության համար պահանջվում է 1.4 կերի միավոր, ապա 5000 կգ կաթնատվությամբ կովի դեպքում` 1.02 կերի միավոր։ Այստեղից էլ ակնհայտ է բարձր մթերատու կովեր ունենալու տնտեսական արդյունավետությունը։ Մսուրային շրջանում առանձնակի հոգ է տարվում հղի ցամաք կովերի նկատմամբ։ Դրանց ցամաքեցնում են 50-60 օր ծնելուց առաջ, ապահովելով անհրաժեշտ քանակի եւ որակի կերերով, ինչը հարկավոր է հղիության շրջանի վերջին ամիսներին` կենդանու սնվածությունը բարձրացնելու, պտղի նորմալ աճի եւ ծնելուց հետո շատ կաթ ստանալու համար։ Հղի ցամաք կովերի օրական կերաբաժինը, սպասվող կաթնատվության մակարդակից ելնելով, պետք է պարունակի 7.5-8.5 կերի միավորին համարժեք կերեր։ Հարկ է, որ կթու կովերը ապահովված լինեն բազմազան եւ անհրաժեշտ քանակի կերերով: Կերակրման նորմաների համաձայն, 400-500կգ կենդանի զանգված ունեցող, օրական 8 կգ կաթ տվող կովին պետք է տալ 8-8.6 կերի միավորին համարժեք կերեր, 10կգ կաթ տվողին` 9-9.6 կմ, 12 կգ կաթ տվողին` 10-10,6 կմ, 14 կգ կաթ տվողին` 11-11.6 կմ, 16 կգ կաթ տվողին` 12-12.6 կմ, 18-20 կգ կաթ տվող կովերի կերաբաժինը պետք է կազմված լինի 14.2-14.6 կերի միավորին համարժեք կերերից։ Ելնելով առաջարկված կերի նորմաներից, տնտեսություններում անասնատերերը կազմում են կերաբաժիններ եւ ապահովում անասունների նորմալ կերակրումը։ Կթվող կովերը ծնելուց հետո, 3-4 ամիսների ընթացքում, ֆիզիոլոգիապես ընդունակ են լիակթվելու, այսինքն` ապահովելու բարձր կաթնատվություն: Ուստի, տվյալ ժամանակահատվածում սահմանված նորմայից բացի, լրացուցիչ տրվում են 2-3 կերի միավորին համարժեք կերեր եւ հետեւում լիակթման ընթացքին: Եթե լրացուցիչ տրվող կերը չի նպաստում կաթնատվության բարձրացմանը, ապա կերակրում են նորմայով սահմանված չափով։ Կթու կովերի կերաբաժինը պետք է բաղկացած լինի հիմնականում ծավալուն կերերից։ Լավ որակի խոտը հանդիսանում է պրոետինի, վիտամինների եւ հանքային նյութերի հիմնական աղբյուրը։ Կերաբաժնում որոշակի տեղ են զբաղեցնում սիլոսը եւ արմատապալարապտուղները (ճակնդեղ, գոնգեղ, գազար, կարտոֆիլ): Դրանք կաթնառատ կերեր են, պարունակում են մեծ քանակությամբ դյուրամարս ածխաջրատներ, հատկապես` շաքարների եւ օսլայի ձեւով, հարուստ են նաեւ կարոտինով։ Խտացրած կերերը (եգիպտացորենի, գարու, վարսակի, ցորենի, վիկի, ոսպի, ոլոռ-սիսեռի հատիկները, ինչպես նաեւ` արեւածաղկի, բամբակենու, կտավատի քուսպը եւ շրոտը) մեծ չափով էներգակիր կերեր են, դրանց մեծ մասը հարուստ է նաեւ պրոտեինով։ Խտացրած կերերը առավել կարեւոր նշանակություն ունեն կովերի լիակթման ժամանակ, լակտացիայի առաջին ամիսներին։ Որքան բարձր է կովերի կաթնատվությունը, այնքան մեծ է խտացրած կերերի պահանջը, սակայն դրանց օգտագործումը պետք է լինի տնտեսապես շահավետ։ Խտացրած կերերը կովերի կերաբաժնում կարող են լինել հետեւյալ չափերով. տարեկան 2000 կգ կաթնատվության դեպքում յուրաքանչյուր 1 կգ կաթի դիմաց` 100-150 գրամ, կաթնատվությունը` 2000-3000 կգ լինելու դեպքում` 150-200գ, 3000-ից բարձր կաթնատվության դեպքում` 200 գրամից մինչեւ 350 գրամ։ Երինջներին օրական տրվում է 5-6 կերի միավորին համարժեք կեր, իսկ հղիության 5-6-րդ ամսից սկսած` 6.5-7.5 կերի միավորին համարժեք կեր։ Երինջների եւ ապա առաջին լակտացիայի կովերի լավ կերակրումը նպաստում է նաեւ դրանց կենդանի զանգվածի ավելացմանը, քանի որ դրանք դեռեւս երիտասարդ են եւ կարող են մեծ չափով ավելացնել կենդանի զանգվածը: Այն 10 կգ-ով ավելանալու դեպքում կաթնատվությունը կարող է ավելանալ 80-100 կգ-ով։ Հետկաթնային շրջանում մատղաշին եւ երինջներին տրվող հիմնական կերերը տնտեսությունում արտադրվող կոպիտ եւ հյութալի կերերն են` խոտը, ծղոտը, սիլոսը եւ այլն, որոնք պետք է կազմեն կերաբաժնի 75-80 տոկոսը, իսկ շուրջ 20-25 տոկոսի չափով կարելի է տալ խտացրած կերեր։ Մսուրային շրջանում մատղաշին կերակրում են օրվա մեջ երկու անգամ` առավոտյան եւ երեկոյան, տալիս են կոպիտ եւ հյութալի կերեր, իսկ խտացրած կերերը` առավոտյան։ Կենդանիների մսուրային պահվածքի տեխնոլոգիայի անհրաժեշտ տարրերից է դրանց ամենօրյա զբոսանքի կազմակերպումը` օրվա մեջ 2-3 ժամ տեւողությամբ։ Այն հնարավորություն է տալիս պահպանել կենդանիների առողջությունը, ապահովել դրանց բարձր վերարտադրողական ֆունկցիան, բարձր մթերատվությունը եւ ավելացնում տնտեսական օգտագործման տեւողությունը։ Մսուրային շրջանում կենդանիները պետք է ապահովված լինեն նաեւ խմելու ջրով։ Խմելու ջրի պահանջը 1 կովի հաշվով կազմում է 65 լիտր, երինջներինը` 40, մատղաշինը` 25, իսկ հորթերի համար պահանջվում է օրական 10 լիտր։ Ջուրը պետք է համապատասխանի «Խմելու ջուր» ստանդարտի պահանջներին այնպես, ինչպես նախատեսված է մարդկանց խմելու համար։ Ցանկալի է, որ գոմերում տեղակայված լինեն ջրախմոցներ եւ կենդանիները ջուր խմեն ըստ ցանկության։ Կարեւոր նշանակություն ունի նաեւ կենդանիների կերակրի աղով ապահովումը։ Դրանք պետք է աղ ստանան ամեն օր։ Այն կոշտերով դնում են մսուրների մեջ, որպեսզի անասունները լիզեն։ Մեկ կովի համար ամսական պահանջվում է 2.5-3.0, իսկ մեկ մատղաշի համար` 1.5-2 կգ աղ։



To top