< Կրկնակի տոն` մարզկենտրոն Արմավիրում
04.10.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Սխտորի մշակությունը

Սխտորը բանջարաբոստանային հնագույն մշակովի բույս է և լայն տարածում ունի սննդի, երշիկի ու պահածոների արդյունաբերության, ժողովրդական բժշկության մեջ: Օգտագործվում է ինչպես թարմ վիճակում, այնպես էլ` որպես հականեխիչ, թթուների և երշիկի արդյունաբերության մեջ: Ժողովրդական բժշկության մեջ սխտորը հայտնի է որպես տարափոխիկ հիվանդությունների հարուցիչների ոչնչացնող և համաճարակային հիվանդություններից պաշտպանվելու միջոց: Սխտորի քիմիական կազմը կախված է սորտից, մշակության վայրից ու ագրոտեխնիկայից: Քիմիական կազմի մեջ մտնում են 64.6% ջուր, 35.4% չոր նյութ, այդ թվում 26.3% ածխաջրեր, 6.8% սպիտակուց, 0.06% ճարպ, 0.77% թաղանթանյութ և 1.44% մոխիր, պարունակում է C վիտամին և բազմաթիվ հանքային տարրեր: Սխտորը վեգետատիվ ճանապարհով պճեղներով (բողբոջներով) բազմացող միամյա բույս է, նրա կարևոր առանձնահատկությունն այն է, որ բույսի բոլոր օրգանները` ցողունը, տերևները և արմատները աշնանը մահանում են և սոխուկի վրա կենսունակ են մնում միայն պճեղները, որոնցից յուրաքանչյուրն ընդունակ է ինքնուրույն գոյության: Սոխուկից անջատված պճեղը ինքնուրույն օրգանիզմ է և տնկելուց առաջանում է սխտորի նոր բույս: Հայաստանի Հանրապետությունում մշակվում է սխտորի տեղական սորտը, որը ձմեռնացան է, վաղահաս, հասունանում է 85-90 օրում: Սոխուկը խոշոր է` 50-60գ կշռով, բաղկացած 8-12 պճեղներից, որոնցից ներսինը մանր է, դրսիները` խոշոր: Սխտորը ցրտադիմացկուն բույս է: Պճեղներից արմատները սկսում են ծլել 2-30C-ում, տերևները սկսում են առաջանալ 5-70C-ում: Ձմեռնամուտի ցանքի դեպքում սխտորը վաղ գարնանը ծլում է մինչև ձյան վերանալը: Լույսի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն պահանջկոտ է հողի նկատմամբ, լավ բերք է տալիս օրգանական նյութերով հարուստ հողերում: Սխտորին թարմ գոմաղբ տալը ցանկալի չէ, ավելի լավ է օրգանական պարարտանյութը տալ սխտորին նախորդող մշակաբույսի տակ: Աղքատ հողերում սխտորին անմիջականորեն կարելի է տալ 30-40տ/հա լավ փտեցրած գոմաղբ կամ 3-4տ/հա տորֆակոմպոստ: Մեզ մոտ ծաղկացողուն չառաջացնող սխտորը մշակում են ձմեռնամուտային տնկումներով, որպես նախորդ ընտրելով վարունգի, դդմիկի, վաղահաս կաղամբի, վաղահաս կարտոֆիլի, կանաչ լոբու դաշտերը: Սխտոր չի կարելի մշակել սոխից հետո, որովհետև նրանք վարակվում են միևնույն հիվանդություններով ու վնասատուներով: Սխտորը մշակում են հարթ մարգերում, խորհուրդ է տրվում տնկել միաշարք` 45սմ միջշարային և 6-8սմ միջբուսային տարածությամբ, այդ դեպքում 1հա-ի վրա կտնկվի 280-350 հազար բույս, որի համար կպահանջվի 1500-2000 կգ սխտորի պճեղ: Սխտորը ձմեռնամուտին` կայուն սառնամանիքներից 2-3 շաբաթ առաջ, պետք է տնկել այն հաշվով, որ պճեղները արմատակալեն, բայց չծլեն. դա համապատասխանում է դրսի 5-80C կայուն ջերմությանը: Հետևաբար սխտորի տնկման ժամկետը որոշվում է` ելնելով տարվա եղանակից: Սխտորը տնկում են 5-7սմ, իսկ գարնան տնկման դեպքում` 3-5սմ խորությամբ: Ձմեռնամուտային ցանքը սկզբնական շրջանում ոռոգման կարիք չի զգում, հետագայում, ըստ անհրաժեշտության, ջրվում է 5-6 անգամ: Սյունիքի մարզի պայմաններում հիմնականում ջրման անհրաժեշտություն չի լինում, քանի որ մթնոլորտային տեղումների քանակը և օդի հարաբերական խոնավությունը բավարար է: Վեգետացիային ընթացքում անհրաժեշտ է 2-3 անգամ քաղհանել ու փխրեցնել, դաշտը միշտ մաքուր պահել մոլախոտերից, անհրաժեշտության դեպքում սնուցել հանքային պարարտանյութերով: Սխտորին վնասում է տիզը: Այն ներթափանցելով սոխուկի ներս, առաջացնում է փտում, արտաքինից սխտորի բույսը, ցողունակոթի հիմքը և պճեղների արտաքին թեփուկները դեղնում-գորշանում են: Նկատելուց այդպիսի բույսերը պետք է հեռացնել: Պայքարի լավագույն միջոց է տնկելուց առաջ պճեղների ախտահանումը վիտավաքսով` 3լ/տ, պրեստիժով` 1լ/տ հաշվով: Մեծ վնաս են պատճառում սոխի փսիլան և ծխախոտի թրիպսը: Սկզբնական շրջանում սխտորի պճեղները ստանում են դեղնավուն երանգ, որը հետագայում անցնում է թաց, լորձանման նեխման և տհաճ հոտ է արձակում: Սրսկել Բի-58 կամ Անթիո էմուլսիաներից որևէ մեկի 0.1-0.15% լուծույթով: Հիվանդանում է սոխի կեղծ ալրացողով: Հիվանդ բույսերը երևում են տնկումից 20 օր հետո, դրանք պետք է հեռացնել և ոչնչացնել, անձրևային տարիներին կրկնել 7-10 օր ընդմիջումներով: Բույսերի 20-25սմ բարձրության շրջանում սրսկել կուպրոզանի 0.5-0.6% սուսպենզիայով, անհրաժեշտության դեպքում` կրկնել: Բերքահավաքի ընթացքում և հետո պետք է հավաքել վերերկրյա մնացորդները, հեռացնել դաշտից և այրել: Որպես նախազգուշական միջոցառում նույն դաշտում 2-րդ տարին սոխ չտնկել, կիրառել ցանքաշրջանառություն, դաշտը պահել մոլախոտերից զերծ: Բերքահավաքը կատարել այն ժամանակ, երբ տերևները չորացել և պառկել են: Սխտորի լրիվ հասունացումը ընթանում է հողից հանելուց հետո: Հավաքած բերքը անհրաժեշտ է լավ չորացնել` դաշտում կամ ծածկի տակ շարքերով դարսելով: Բերքահավքը պետք է կատարել չոր եղանակին` քանդելով բահով կամ հողուրագով: Մեկ հեկտարից միջին հաշվով ստացվում է 40-60ց սխտորի բերք: Մշակության նոր տեխնոլոգիաներ կիրառելու դեպքում բերքատվությունը կարելի է հասցնել 80-100 ցենտների:



To top