< Ձմերուկի մշակության ագրոտեխնիկան
23.06.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Սեխի մշակության տեխնոլոգիան

Հողի ընտրությունը և նախապատրաստումը Սեխի ցանքատարածությունների համար պետք է առանձնացնել սննդային հարուստ, փխրուն և ստրուկտուրային հողեր: Սեխի լավագույն նախորդներն են բազմամյա խոտաբույսերը հացահատիկային, հատիկաընդեղենային մշակաբույսերը: Աշնանը բերքահավաքից հետո պետք է կատարել ցրտահերկ 22-25սմ խորությամբ: Մինչև ցրտահերկը պետք է կատարել հիմնական պարարտացում 40-45 տ/հա օրգանական պարարտանյութ, 300-400կգ հատիկավորված սուպերֆոսֆատ և 200-300 կգ կալիումական աղ: Հարկ է նշել, որ միայն գարնան վարը բացասաբար է ազդում բոստանային մշակաբույսերի բերքատվության վրա: Վաղ գարնանը պետք է կատարել կրկնավար 18-20 սմ խորությամբ և նախացանքային կուլտիվացիա ցանքից 5-7 օր առաջ: Սերմերի նախապատրաստումը Ցանքից առաջ սերմերը պետք է տեսակավորել և ախտահանել ենթարկելով ջերմային ախտահանման, սերմերը պահելով 60-650 տաք ջրում 3-4ր, որից հետո ծածկել խոնավ, տաք ծածկոցով և պահել մինչև ծկթելը: Այս մեթոդը տալիս է բավականին լավ արդյունք, սակայն պահանջվում է մեծ զգուշություն, քանի որ բարձր ջերմության նկատմամբ տարբեր սորտերի սերմերը ունեն տարբեր դիմացկունություն: Լավ արդյունք է տալիս նաև սերմերի ախտահանումը ջրածնի պերօքսիդի 3% լուծույթում: Սեխի բարձր բերքի ստացումը ապահովելու նպատակով խորհուրդ է տրվում սերմերը նախացանքային մշակության ենթարկել 1հա համար պահանջվող 3,0-3,5 կգ սերմերը 12 ժամ պահելով նախօրոք պատրաստված 6,5-7,0գ ZnSO4 x H2O + 6լ թորած ջրի լուծույթում: Ցանքի սխեման և ժամկետները Սեխը մշակվում է հիմնականում թմբային եղանակով: Սակայն այսպիսի վայրերում, որտեղ գրունտային ջրերի մակարդակը շատ բարձր է, սեխը մշակվում է մարգերով: Սեխի մշակությունում մեծ նշանակություն ունի ակոսի խորությունը, որը պետք է լինի 30-40սմ-ից ոչ պակաս: Առաջարկվում է ցանքը կատարել երկկողմանի ժապավենաձև /200+80/ 2X70 սմ սխեմայով: Սեխի ցանքի նորման է 3,0-3,5 կգ/հա: Առաջարկվում է վաղահաս սորտերը ցանել ապրիլի վերջին տասնօրյակում, միջավաղահասները` ոչ ուշ քան մայիսի առաջին տասնօրյակը, իսկ ուշահաս ձմեռային օգտագործման սորտերը` մայիսի երկրորդ կեսին: Պայքար հողաբնակ վնասատուների դեմ Ծիլերը հողաբնակ վնասատուներից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում ցանքի ժամանակ յուրաքանչյուր բնի շուրջը շաղ տալ թունավոր գրավչանյութ: Բվիկների դեմ կարելի է սրսկել ամբուշի կամ ցիմբուշի 0,2 լ/հա պրեպարատով: Սեխի մշակությունը Սեխի սերմերը ցանում են ինչպես չոր, այնպես էլ խոնավ և ծկթած վիճակում: Քեշի եկած հողում նախորոք ակոսի թմբի վրա բացված բներում ցանում են 2-3 սերմ և ծածկում հողի բարակ շերտով: Որակյալ և բարձրորակ բերք ապահովվում է ցանքի ժամանակ կենսահումուսի օգտագործումը բնական կամ ակոսային եղանակով 2-3 տ/հա չափաքանակով: Ընդ որում նախընտրելի է բնական եղանակը, որի դեպքում ցանքի ժամանակ յուրաքանչյուր բնում լցնում են 40-50գ կենսահումուս: Սերմերը ծլում են ցանքից 5-6 օր հետո: Բոստանը չի ջրվում մինչև 5-6 տերևի հասակը, եթե բույսերը դիմանում են: Առաջին իսկական տերևները կազմավորվելու ժամանակ կատարվում է բույսերի նոսրացում բնում թողնելով երկուական բույս: Երկրորդ նոսրացունը կատարվում է 4-5 տերևի առաջացման դեպքում, այնուհետև դաշտը ջրում են, կատարում խոր բուկլից կամ ինչպես ասում են դնում են բոստանի վարը: Մինչև ծաղկումը պետք է խուսափել բոստանը ջրելուց, երկրորդ ջուրը տրվում է կոկոնակալման փուլում և այնուհետև մինչև բերքահավաքը աշխատում են չջրել, իսկ կարիք եղած դեպքում ջրում են 1-2 անգամ բացառապես օրվա հով ժամերին: Հետագայում դաշտը ջրվում է յուրաքանչյուր բերքահավաքից հետո: Վեգետացիայի ընթացքում կատարել 3-4 անգամ քաղհան և փխրեցում: Միաժամանակ անհրաժեշտ է տալ 2-3 անգամ սնուցումներ ամոնիակային պարարտանյութով 50-60 կգ/հա ազդող նյութի հաշվով: Սեխի բույսը կարող է կազմակերպել 4-6 պտուղ: Արդյունավետ միջոցառում է պտուղների թվի սահմանափակումը թփի վրա, որի համար առաջին 2-3 պտուղները կազմակերպելուց հետո մնացած պտուղները, ինչպես նաև արական ծաղիկները հեռացնում են: Սեխի ծերատումը նույնպես կարևոր ագրոտեխնիկական միջոցառում է, քանի որ սեխը գլխավոր ցողունի վրա չի պտղաբերում, իսկ ծերատումը նպաստում է առաջին և երկրորդ կարգի ճյուղավորությունների առաջացմանը: Պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ Մշակության ճիշտ տեխնոլոգիաների կիրառումը կանխում է ցանքատարածություններում հիվանդությունների և վնասատուների տարածումը: Հիմնականում սեխի ցանքային ամենամեծ վնաս հասցնում են սեխի ճանճը, բոստանային լվիճը, ոստայնատիզը, որոնց դեմ պայքարում են. 1. Բոստանային լվիճ – Կոնֆիդորի 0,1 լ/հա, Արիվո 0,2-0,3 լ/հա, Բուլդոկ 0,6 լ/հա և այլն պատրաստուկներից որևէ մեկով: 2. Ոստայնատիզ – Նեորոն 1-1,5լ/հա, տալստար 1լ/հա, վերտիմեկ 1լ/հա պատրաստուկներից որևէ մեկով: 3. Սեխի ճանճի դեմ պայքարի նախազգուշական սրսկումը կատարել հունիսի առաջին կեսում ցիմբուշի 0,5 լ/հա, դեցիսի 0,5լ/հա պրեպարատներից որևէ մեկով 10 օրը մեկ: Օդի բարձր հարաբերական խոնավության և ցածր ջերմաստիճանի դեպքում սեխի բույսերը հիմնականում հիվանդանում են իսկական ալրացողով և ֆուզարիոզային թառամում հիվանդություններով, որոնց դեմ պետք է պայքարել ռիդոմիլ գոլդի 0,25% (10լ ջրին 25գ), ֆունգորանի 0,25%(10 լ. 25 գր.), անտրոկոլի 0,2% (10լ ջրին 20գ), բայլետոնի 0,05%(10 լ. ջրին 5 գ), տոպազի 0,05%(10լ. 5մլ) լուծույթներից որևիցե մեկով: Բերքահավաք Կախված սորտային առանձնահատկությունից սեխի պտուղների հասունացումը սկսվում է հուլիսի վերջից մինչև սեպտեմբեր: Սեխի բերքահավաքը կատարել, երբ պտուղները լրիվ հասունացած են և սորտին հատուկ պայծառ տեսք են ընդունել, հեշտությամբ անջատվում են պտղակոթից: Բերքը հավաքել վաղ առավոտյան կամ երեկոյան: Ձմեռային պահպանման համար գեր ուշահաս սորտերը հավաքում են կիսահասուն վիճակում, որոնք հասունանում են հատուկ պահեստասենյակներում: Սեխի գերվաղ բերքը ստացվում է թաղարներում աճեցրած սածիլներով: Պոլիէթիլենային պարկերում կամ բաժակներում լցվում է 2 մաս տորֆ, 2 մաս կենսահումուս և մեկ մաս բուսահող հողախառնուրդը, որտեղ ցանքը կատարվում է նախօրոք ծկթած և նախացանքային մշակում անցած սերմերով մարտի երկրորդ կեսին տաքացվող կամ արևային ջերմոցներում: Թաղարային սածիլները պետք է տնկել նախապես քեշի բերած հողում, արմատավզիկից 3-4 սմ խորը և անմիջապես դաշտը ջրել: Հետագա խնամքը նույնն է ինչ որ սերմերով ցանված դաշտում:



To top