< ԲՆԱՑԱՆ ՊՈՄԻԴՈՐԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱՆ
13.05.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԽԱՂՈՂԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՎԱԾ ԱՅԳԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության խաղողագործական բոլոր գոտիներում այգիներին զգալի վնաս է պատճառում կարկտահարությունը: Աղետը հիմնականում վրա է հասնում խաղողի վազի բուռն աճի ու զարգացման /ծաղկումից առաջ, ծաղկման շրջանում և հետո/, երբեմն ավելի ուշ` պտուղների բուռն աճի, բերքի հասունացման և բերքահավաքի ժամանակահատվածում: Կարկտահարության չափն ու բնույթը վնասված տարածաշրջանի տարբեր մասերում միատեսակ չի լինում: Աղետը լինում է թույլ, միջակ, ուժեղ և շատ ուժեղ չափերի: Միջին վնասվածության դեպքում ողկույզների և տերևների վրա առաջանում են զգալի քանակությամբ քերծվածքներ, վերքեր, շվերի վերին մասերի ջարդվածքներ: Նման դեպքերում անհրաժեշտ է վազերը շվատել, հեռացնելով ոչ բերքատու, թույլ աճող և հաջորդ տարվա ձևավորման համար ոչ պիտանի շվերը, հեռացնելով նաև շվերի վերին վնասված մասերը` ողկույզներից 1-2 հանգույց կամ ավելի վերև: Ուժեղ վնասվածության դեպքում ավելի խորը վնասված, ջարդված և թափված են լինում շվերի վերին մասերը, տերևների ու ողկույզների մեծ մասը: Այս դեպքում վազի բերքատու մատերը , որոնց վերին հանգույցներից առաջացած շվերի վրա բերք չի մնացել, կարճացնում են` թողնելով հիմքին մոտ գտնվող 3-4 հանգույց, իսկ դրանց վրայի ջարդված, բազմաթիվ վերքերով պատված մասերը հեռացնում մինչև ողկույզ ունեցող հանգույցը կամ դրանից վերև` թողնելով 1-3 հանգույց: Հարկավոր է վազերի վրա կատարել նաև շվատում` հեռացնելով հաջորդ տարվա ձևավորման համար ոչ պիտանի շվերը: Եթե հիմնական շվերի կարճացման հետևանքով առաջանան սաղարթը խտացնող մեծաթիվ բճաշվեր, ապա դրանց որոշ մասը սկզբնական աճի շրջանում անհրաժտ է հիմքից հեռացնել 1 սմ վերև, իսկ արագորեն աճողները` 2-3-րդ հանգույցից հետո կարճացնել, միևնույն ժամանակ հիմնական շվի վերին հանգույցից աճող բճաշվերը թողնելով ազատ աճելու: Շատ ուժեղ վնասվածության դեպքում /ամառվա երկրորդ կեսին/ զանգվածային ձևով ջարդվում, թափվում են շվերի վերնամասերը, տերևները, ողկույզները, նույնիսկ բեղիկները: Վազերի վրա շվերի մնացած մասերը, միակողմանիորեն /կարկուտի հարվածի ուղղությամբ/ պատված են լինում խոր վերքերի համատարած շերտով: Շվերի կարկտահարված կողմում խիստ վնասված կամ թափված են լինում նաև հաջորդ տարվա աճի և բերքատվության համար կազմակերպված ձմեռող աչքերը: Բացի այդ, վնասված են լինում նաև բերքատու և փոխարինող մատերը, վազի թևերը, ենթաթևերը, նույնիսկ` բունը: Նման դեպքում վազի խիստ վնասված թևերի, ենթաթևերի վրա անհրաժեշտ է խոր հատումներ կատարել` թողնելով դրանցից համեմատաբար քիչ վնասվածները: Դրանց վրայի միամյա մատերը նույնպես պետք է կարճացնել` թողնելով հիմքին մոտ գտնվող 2-4 հանգույցները, իսկ վերջիններիս վրա թողնվող շվերն էտել 2-3-րդ հանգույցից հետո: Այս դեպքում շվեր են աճելու հաջորդ տարվա համար կազմակերպված աչքերից և քնած բողբոջներից: Նոր առաջացող շվերի սկզբնական աճի շրջանում անհրաժեշտ է դրանցից հեռացնել թույլ աճողները և հաջորդ տարվա ձևավորման համար ոչ պիտանիները: Կարկտահարված վազերն արագորեն վերականգնելու, մնացած բերքն աճեցնելու և հաջորդ տարվա բերքատվությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ժամանակին և ճշտությամբ կատարել նաև հետևյալ ագրոտեխնիկական հիմնական միջոցառումները. 1. Կարկտահարությունից 6-7 օր հետո, երբ նշմարվում է նոր աճերի զգալի մասը, սկսել և սեղմ ժամկետում ավարտել վազերի լրացուցիչ էտի և կանաչ հատումների աշխատանքները, իսկ նոր առաջացող շվերի սկզբնական աճի շրջանում` վազերի սաղարթը կանոնավորող կանաչ հատումները; 2. Վազերի լրացուցիչ էտից հետո այգիներին տալ ազոտական պարարտանյութով սնուցում` 1 հա-ին` շուրջ 50 կգ ազդող նյութի հաշվով: Շվերի լավ զարգացումն ապահովելու, բերքի որակը բարելավելու, աշնանային ու ձմեռային ցրտերի հանդեպ վազերի դիմացկունությունը բարձրացնելու նպատակով երկրորդ սնուցումը կատարել օգոստոսի երկրորդ տասնօրյակում, յուրաքանչյուր հեկտարին տալով 40-50 կգ ֆոսֆոր և 30-40կգ կալիում /ազդող նյութի հաշվով/: Լարային այգիներում պարարտանյութերը հող մտցնել 25-30 սմ խորությամբ` ակոսային, իսկ թմբային այգիներում` բնային եղանակներով: Սնուցումներից անմիջապես հետո այգիները խնամքով ջրել; 3. Ժամանակին և հետևողական պայքար կազմակերպել վազի հիվանդությունների և վնասատուների դեմ, գիտենալով որ կարկտահարված և վերքերով պատված վազերից վարակը հեշտությամբ կարող է անցնել նոր առաջացող նուրբ շվերին: 4. Կարկտահարված այգիներում. խաղողի վազերի արագացված վերաձևավորումների աշխատանքները կատարել բազմամյա փորձ ունեցող հմուտ էտվորների օգնությամբ; 5. Բերքահավաքից հետո. հոկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած, ավանդական սորտերի այգիները ջրել, վազերը զգուշությամբ թաղել, իսկ հաջորդ տարվա գարնանը զգուշությամբ բացել` հաշվի առնելով, որ դրանք կարող են ջարդվածքներ ստանալ վնասված տեղերից; 6. Խաղողի ցրտադիմացկուն սորտերի այգիներն աշնանը չջրել` վազերի շվերի հասունացումն ուժեղացնելու և ձմռնադիմացկունությունը բարձր պահելու նպատակով:



To top