< ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» II Ծրագիր Արժեշղթաների Զարգացման II-րդ փուլի մրցույթ
18.04.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՀՆԴԱՎՈՐ ՊՏՂԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ

Առավել տարածված ու վնասակար հիվանդություններն են` տանձենու և խնձորենու քոսերը, խնձորենու ալրացողը, պտղափտումը, սև քաղցկեղը այլն/:   1. ԽՆՁՈՐԵՆՈՒ ԵՎ ՏԱՆՁԵՆՈՒ ՔՈՍ: Հիմնականում տարածված է նախալեռնային ու լեռնային գոտիներում, սակայն վերջին, հատկապես տեղումնառատ 10-15 տարիներին, նկատվում է նաև Արարատյան հարթավայրում: Հատկապես տանձենու Մալաչա սորտն ե ամեն տարի վարակվում: Քոսերի վնասակարությունն արտահայտվում է ոչ միայն բերքի նվազումով, այլև բերքի որակի զգալի վատացմամբ: Տանձենու և խնձորենու քոսերի հարուցիչները նեղ մասնագիտացված են: Քոսով վարակվում են տերևները, պտուղները, շիվերը /հատկապես տանձենու/, տերևակոթունները, պտղակոթունները, բաժակաթերթերը: Տերևների վրա վարակն արտահայտվում է բծերի ձևով, որոնք սկզբում թույլ են արտահայտվում, թեթև դեղնավուն, մի տեսակ յուղային, ապա կանաչադեղնավուն, հետագայում` թավշանման սև բծերի ձևով, որն ուղեկցվում է սպորակրությամբ: Բծերը խնձորենու մոտ հիմնականում տերևի վերին մակերեսին են, իսկ տանձենու մոտ` հակառակ երեսին: Եթե վարակվում են գարնանը կամ ամոան առաջին կեսին, բծերը սովորաբար լինում են խոշոր` 8-10մմ տրամագծով և ավելի մեծ, իսկ ուշ վարակի դեպքում` 2-3մմ: Ուժեղ վարակված տերևները կարող են ժամանակից շուտ թափվել: Հայտնի են դեպքեր, երբ վարակընկալ սորտերի մոտ արդեն ամռան առաջին կեսին թափվել են տերևների 80%-ը: Պտուղների վրա բծերը կլորավուն են, համարյա սև, խիստ ընդգծված, հաճախ բաց երիզով: Վաղ վարակի դեպքում պտուղները տձևանում են, վարակված մասում առաջանում են ճաքեր. սա հատուկ է հատկապես տանձի պտուղներին: Տերևակոթերի և պտղակոթերի վարակն առաջացնում է վաղաժամ տերևաթափ, չորացում: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: Կիրառվում են համալիր միջոցառումներ, որոնք ընդգրկում են ինչպես քիմիական, այնպես էլ ագրոտեխնիկական միջոցառումներ: Ագրոտեխնիկական միջոցառումներից արդյունավետ է վարակված շիվերի, տերևների հեռացումն այգուց, ճիշտ պարարտացումը ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով, ճիշտ էտն ու ձևավորումը: Ուժեղ վարակված այգիներում արդյունավետ են Բորդոյան հեղուկով կամ դրա փոխարինիչներով սրսկումները: Առաջարկվում է հետևյալ սխեման` ուժեղ վարակված այգիներն աշնանը, տերևաթափից հետո, սրսկել Բորդոյան հեղուկի 3%-անոց կախույթով, իսկ վաղ գարնանը` բողբոջների ուռչման փուլում, խորուսի 0.02% /10լ ջրին` 2մլ/: Հաջորդ սրսկումը կատարվում է վարդագույն կոնի փուլում, Սկորով 0.02%, մյուսը` ծաղկաթերթերի թափվելուց անմիջապես հետո Սկոր` 0.02%, և դրանից 14-16 օր հետո` Սկորով կամ Սկորտոպով /սկոր` 0.02%+ Տոպազ 0.04%/ հատկապես խնձորենու այգում: Անհրաժեշտության դեպքում կատարել ևս մեկ սրսկում` Սկորով: Եթե ինչ-ինչ պատճառներով աշնանը Բորդոյան հեղուկով սրսկում չի կատարվել, այն կարելի է իրականացնել վաղ գարնանը` մինչև բողբոջների ուռչելը:   2. ԽՆՁՈՐԵՆՈՒ ԱԼՐԱՑՈՂ: Տարածված է հանրապետության բոլոր մարզերում: Վարակվում են տերևները, շիվերը, ծաղիկները, երբեմն նաև պտուղները: Երիտասարդ, նոր դուրս եկած տերևները պատվում են մոխրասպիտակավուն ալրանման փառով, հետագայում փառը ստանում է գորշավուն երանգ: Վարակված տերևները չեն զարգանում, թեքվում են գլխավոր ջղի ուղղությամբ, ստանում նավակի տեսք: Ուժեղ վարակի դեպքում տերևների մեծ մասը չորանում են, կարծես այրված լինեն և թափվում են: Վարակված շիվերը ևս պատվում են սպիտակավուն կամ կեղտամոխրագույն փառով, աճը կանգ է առնում, հաճախ չորանում են: Վարակված ծաղիկները չորանում են: Պտուղները հազվադեպ են վարակվում: Հիվանդության հարուցիչ սունկը ձմեռում է վարակված բողբոջներում: Գարնանը, տերևային և պտղային վարդակները կարող են վարակվել նաև մինչև ծաղկելը: Ալրացողը վարակում է հիմնականում մեծահասակ ծառերը, սակայն կարող են վարակվել բոլոր տարիքի ծառերը: Հիվանդության զարգացմանը նպաստում է չոր, տաք եղանակը /հատկապես ամռան առաջին կեսին/, ինչպես նաև ջրի պակասը: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: Կիրառել ճիշտ ագրոտեխնիկա, կարգավորել ոռոգումը, կտրել, հեռացնել վարակված շիվերը: Պայքարի հիմնական եղանակը ծծմբային պատրաստուկների կիրառությունն է: Պտղաբերող այգիներում կատարել առնվազն երեք սրսկում, առաջինը` բողբոջների անջատման փուլում /կանաչ կոնի փուլ/, երկրորդը պսակաթերթերի 70% թափվելուց հետո` 1% Կոլոիդ ծծումբ, երրորդը և անհրաժեշտության դեպքում նաև հաջորդները` 12-15 օր ընդմիջումներով: Ուժեղ վարակվող սորտերի /Ջոնաթան, Սիմիրենկո/ այգիներում երբեմն հարկ է լինում կատարել 6-7 սրսկում: Ավելի արդյունավետ են Բայլետոնի` 700գ/հա /7գ 10լ ջրին/ և Տոպազի` 400մլ /4մլ 10լ ջրին/, նորմայով սրսկումները: Եթե այգին վարակված է նաև քոսով, ապա նպատակահարմար է առաջին սրսկումը կատարել Սկորով, հաջորդ սրսկումները` Բայլետոնով կամ Տոպազով: Վերը նշված բոլոր պատրաստուկները համատեղելի են պտղակերների, լվիճների, տերևակերների և այլ միջատների դեմ կիրառվող թունաքիմիկատների հետ /Ցիմբուշ, Ամրալ, Կարատե, Կալիպսո, Կոնֆիդոր և այլն/:   3. ԽՆՁՈՐԵՆՈՒ ՍԵՎ ՔԱՂՑԿԵՂ: Տարածված է ամենուրեք, հատկապես Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում: Վատ ագրոտեխնիկայի դեպքում լուրջ վտանգ է ներկայացնում խնձորենու և տանձենու համար, կարող է առաջացնել նաև ծառերի մահացում: Հիմնական, առավել տարածված ձևը` բնի և կմախքային ճյուղերի կեղևի վնասվածությունն է: Կարող են վարակվել նաև տերևները, ծաղիկներն ու պտուղները: Խնձորենու բնի կեղևի վրա առաջանում են խիտ, ներս ընկած գորշամանուշակագույն բծեր: Հետագայում բնի վարակված կեղևը մգանում է, ընդունում է մի տեսակ ածխացած տեսք: Մահացած կեղևը չի սևանում, այլ ծածկվում է բազմաթիվ երկայնական ու լայնական ճեղքերով, իսկ հետագայում անջատվում է մանր կտորներով: Տերևների վրա սև քաղցկեղն արտահայտվում է դարչնագույն բծերի ձևով, որոնք սկզբում մանր են /2-4մմ/, կարմրադարչնագույն, այնուհետև ժամանակի ընթացքում մեծանում են /4-6մմ/ և խիստ ընդգծվում: բծի կենտրոնական մասն աստիճանաբար բաց գույն է ստանում, դառնում մոխրագորշավուն: Վարակված տերևները չորանում են և ժամանակից շուտ թափվում: Ուժեղ վարակվածության դեպքում պտուղների հասունանալուց 1.5-2 ամիս առաջ տերևները կարող են թափվել: Պտուղների սև քաղցկեղն առաջացնում է սև փտում, որը սկսվում է ոչ մեծ, մուգ գորշավուն բծի ձևով /մաշկի տակ/, ապա դանդաղորեն մեծանում: հետագայում բծի վրա նկատվում են օղակաձև սև կետիկներ` սնկի պիկնիդիաներ: Լրիվ գորշանալով, պտուղը մգանում, կնճռոտվում է, վերածվելով մումիայի: Ի տարբերություն պտղափտման, սև քաղցկեղի մումիան ինտենսիվ սև է կամ դարչնագույն և հարթ չէ, այլ մի տեսակ թեփուկավոր, անհարթ, ծածկված բազմաթիվ թմբիկներով: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: Կիրառել ճիշտ ագրոտեխնիկա, ինչը կբարձրացնի ծառի դիմացկունությունը սև քաղցկեղի նկատմամբ: Նախազվուշական միջոցառումները սկսվում են պատվաստակալի ընտրությունից: Կարևոր նշանակություն ունեն ժամանակին և ճիշտ կատարվող էտն ու ձևավորումը: Բուժական միջոցառումներն անցկացվում են երկու եղանակով` գարնանը, երբ ջերմաստիճանը /+150C/ նպաստավոր է հիվանդության զարգացման համար: 1/ Բուժումը կեղևը մաքրելով. վարակված կեղևը մաքրում են` հեռացնելով նաև 2-3սմ առողջ մասից /նախօրոք ծառի տակ փռել պոլիէթիլենային թաղանթ կամ ստվարաթուղթ, որպեսզի դրա վրա հավաքված կեղևի կտորտանքը այգուց հեռացվի և այրվի/: Վերքը մաքրում են, ապա մշակում մածուկով: Լավ արդյունք է տալիս նաև վերքի մշակումը քսուքով, որը պարունակում է 70% Նիգրոլ և 30% փայտի մոխիր: 2/ Կեղևի վարակազերծում. վերքերը վարակազերծել, մշակել Պղնձարջասպի 1%-անոց կամ Երկաթի սուլֆիդի 3%-անոց լուծույթով: Ծառերի բները սպիտակեցնել Կրակաթի 20%-անոց կախույթով /10լ ջրին 2կգ չհանգած կիր+1 բահ թարմ գոմաղբ կամ կավ/:   4. ՊՏՈՒՂՆԵՐԻ ԲԱԿՏԵՐԻԱԼ ԱՅՐՎԱԾՔ: Հիվանդությունն արտահայտվում է շիվերի, ծաղիկների և պտուղների վրա: Նոր բացված ծաղիկներն ու երիտասարդ շիվերը հանկարծակի թառամում են և սևանում, տերևները նույնպես սևանում են, ոլորվում, սակայն չեն թափվում: Վարակված խակ պտուղները մի տեսակ կնճռոտվում են, սևանում և մնում ծառի վրա: Հիվանդության արտահայտման ձևը շատ նման է կրակով այրվածի: Վարակված ճյուղերի կեղևը հաճախ ծածկվում է բշտիկներով և ճաքճքում: Չորացած հիվանդ կեղևըմի տեսակ բարակում է: Հիվանդ ու առողջ հյուսվածքնրի սահմանը լավ նկատելի է: Սկսվելով վերևի ճյուղերից` հիվանդությունը կեղևով և լուբով տարածվում է դեպի ներքև /չի թափանցում անոթները/: Հիվանդությունը կարող է ընդգրկել ամբողջ ծառն ու առաջացնել դրա չորացում: Հիվանդությունն առավել հաճախակի փոխանցվում է նոր ճյուղերի և ծառերի վրա անձրևի միջոցով: Ընկնելով բույսի վրա` բակտերիան բույսի մեջ է թափանցում վերքերի, վնասվածքների, ճեղքերի և նույնիսկ հերձանցքների միջոցով: Հիվանդության տարածման գործում մեծ է միջատների դերը (լվիճներ, կեղևակերեր, հատկապես` մեղուներ ): Վարակը կարող է փոխանցվել նաև պատվաստման ժամանակ: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: Խստիվ պահպանել կարանտինային միջոցառումները: Հիվանդության հայտնաբերման, նույնիսկ կասկածի դեպքում հանել և ոչնչացնել վնասված բույսը:



To top