< ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏ
18.02.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՋԵՐՄԱՏՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑՈՒՄ ԱՃԵՑՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջերմոցներն ու ջեռուցվող գրունտը ծառայում են բաց գրունտի ցանքերը սածիլներով ապահովելու և ուշ աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին արտասեզոնային թարմ բանջարեղեն ապահովելու համար: Ջերմատներում լայն տարածված է հատապտուղներից ելակի մշակությունը, ջերմատնային ծաղկաբուծությունը: Վերջին տարիներին ապակեպատ ջերմատներին զուգահեռ ավելի շատ են կիրառվում պոլիէթիլենային ծածկով ջերմատները: Վերջիններս, ի տարբերություն ապակեպատ ջերմատների, էժան են, հեշտ են կառուցվում և շահագործվում` կախված կառուցվածքային առանձնահատկություններից: Այդ առանձնահատկություններից են. կարող են կառուցվել ցանկացած չափի` կախված պոլիէթիլենային թաղանթի չափերից, առկա տարածքից, ավելի քիչ ծախսատար են, հեշտ են կառուցվում և օդափոխվում: Կարևոր է ջերմատան համար նախատեսված տարածքի ճիշտ ընտրությունը: Այն պետք է արևելքից, հարավից և արևմուտքից բաց լինի, որպեսզի կառույցը ամբողջ օրվա ընթացքում լավ լուսավորվի, իսկ հյուսիսային կողմից պաշտպանված լինի քամիներից` բնական կամ արհեստական պատնեշով: Ծածկված գրունտի բանջարաբուծության աշխատանքներում կարևոր է մշակաբույսերի սննդային ռեժիմի կարգավորումը, որը կախված է հողի ֆիզիոքիմիական կազմից: Հողախառնուրդը պատրաստվում է արհեստական եղանակով պետք է պարունակի 50% տորֆ, 30% ճմահող, 20% բուսահող, 0,4% հրաբխային խարամ կամ պերլիտ: Կարևոր է նաև ախտահանել ջերմատունը ամբողջությամբ (պատերը, գույքը, հողը): Ախտահանման համար օգտագործվում է 5-10%-անոց ֆորմալինի լուծույթ, 5%-անոց պերմանգանատի լուծույթ, 50գ/մ ծծումբի այրում, գոլորշիով ախտահանում շոգեհարման միջոցով, սև սինթետիկ թաղանթով և այլն: Կարևոր է նաև հողի ջերմաստիճանը: Արմատների նորմալ զարգացման համար 5-30սմ խորության շերտում պետք է պահպանել 17-20oC: Հողի ջերմաստիճանի 14-ից ցածր լինելու դեպքում մազարմատների որոշ մասը սկսում է ոչնչանալ: Ջերմատներում աճեցվող մշակաբույսերի առանձնահատկությունները Պոմիդորի մշակության նկարագրությունը կսկսենք սածիլների վերատնկումից: Տարածված մեթոդ է, երբ սածիլը վերատնկվում է արմատները դեպի վեր: Այս դեպքում ցողունի ավելի մեծ մասն է շփվում հողի հետ, որը ապահովում է ավելի հզոր արմատային համակարգի աճ: Պոմիդորի կուլտուրան պահանջում է օդի չափավոր խոնավություն (50-60%): Բարձրացումը բերում է վեգետատիվ աճի ինտենսիվացման, դանդաղում է գեներատիվ օրգանների կազմակերպումը: Հողի և օդի խոնավության կտրուկ տատանումները նպաստում են բույսի թուլացմանը և հիվանդությունների առաջացմանը: Բույսերը վեգետացիայի ընթացքում աճում են թելի ուղղությամբ մինչև մետաղալարը` 3մ բարձրությամբ: Ամեն անգամ, երբ բույսերը հասնում են այդ բարձրությամբ, բուսերը մի փոքր իջեցվում են, գագաթները մետաղալարի հետ տեղաշարժելով, որ հետագայում բույսերի ազատ ցողունները պառկեն հողի վրա: Բույսերի զարգացումը գեներատիվ աճի ուղղությամբ կարգավորվում է մի քանի եղանակով. մեծացնել ցերեկային և գիշերային ջերմաստիճանների տարբերությունը, իջեցնել հարաբերական խոնավությունը, հեռացնել ստորին հատվածի տերևներից բացի նաև վերին հատվածի ոչ մեծ տերևներ, ավելացնել սնուցումը (K-ը նպաստում է պտուղների որակի բարձրացմանը): Անհրաժեշտ է հեռացնել կողային շիվերը, իսկ բույսերի գագաթները ոլորել թելերի շուրջը` շաբաթական 1 անգամ: Աճեցման վաղ փուլում ծեր, վնասված տերևները բույսի ստորին հատվածից անհրաժեշտ է հեռացնել օդաշրջանառության բարելավման և բույսը թաց փտմամբ վարակվելու ռիսկը նվազեցնելու համար: Տերևների հեռացման նորմալ հաճախականությունը համարվում է շաբաթական 2-3 տերև: Ծաղիկները պետք է հեռացնել, երբ ծաղկաողկույզը դեռ փոքր է և պտուղները չեն հասել լրիվ հասունացման` թողնելով 5-6 պտուղ /ծաղիկ/: Վարունգը ավելի պահանջկոտ է օդի հարաբերական խոնավության նկատմամբ (85-90%): Նախքան ձևավորման սկսելը բույսերը փաթաթում ենք լարին: Սածիլը տնկելուց հետո առաջին շրջանում փաթաթելու ժամանակ հեռացվում են ներքևի երեք հանգույցների բոլոր բճաշվերը և պտղասաղմերը: Ցածր ջերմաստիճանի հետևանքով հնարավոր է, որ առանձին բույսերի մոտ տեղի ունենա գագաթի կուրացում և աճի կանգ: Որպեսզի նման բույսերի մոտ առաջ բերեն վեգետատիվ աճ, բոլոր պտղասաղմերը մինչև աճման կետ հեռացվում են: Ներքևի հանգույցներում /20-70սմ հատվածում/ թողնում են 1 տերև և 1 պտուղ, միջին հատվածում /70-140սմ/ 2 տերև, 2 պտուղ, վերին հատվածում /140-180սմ/ 3 տերև, 3 պտուղ: Բույսերի գագաթները մետաղալարին հասնելուց հետո բոլորում են նրա վրա 740սմ երկարությամբ և ուղղում ներքև, ծերատում են 15-20սմ վրա: Հիմնական ցողունի վերին հանգույցներից իջեցվում է 2 ցողուն: Փոշոտվող սորտերը հիմնականում պտղաբերում են կողային ճյուղավորումների վրա: Այդ նպատակով երիտասարդ գլխավոր ցողունը ծերատում են 3-4 տերևի մոտից այդ ժամանակ տերևների տակից արագորեն զարգանում է 3-4 ընձյուղներ, որոնք նույնպես ծերատում են 4-րդ տերևի վրա: Եթե կան առանց պտուղների ընձյուղներ, դրանք պետք է հեռացնել հնարավորինս շուտ: Տաքդեղի սածիլների մշակության աշխատանքները նույնն են, ինչ պոմիդորինը: Թուփը պետք է ձևավորել 2-3 ցողունով և առանձին-առանձին փաթաթել ուղղահայաց լարերի: Վեգետացիայի թնթացքում պարբերաբար պետք է հեռացնել ոչ բերքատու ցողունները և թերհաս պտուղները: Տաքդեղի բույսը ջրում են հաճախ, բայց ոչ առատ: Հողի օպտիմալ խոնավությունը մինչև պտղակալումը պետք է կազմի 75, իսկ պտղակալման ընթացքում 80%: Օդի ջերմասստիճանը տնկումից մինչև պտղակալումը պետք է պահպանել ցերեկը` 25-28, գիշերը` 15oC:



To top