< ՄԿՆԱՆՄԱՆ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
12.10.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՄԵՂՎԱՊԱՀԻ ՍԽԱԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՑԱԾՐ ՄԵՂՐԱԲԵՐՔ ՍՏԱՆԱԼՈՒՆ

Հայաստանում տարածված է մեղրատու մեղուների երկու ցեղ՝ կովկասյան գորշ և Մեղրու տեղախմբի հայկական դեղին: Մեղվապահներն օգտագործում են տարբեր սիստեմի փեթակներ՝ 16 շրջանականի հորիզոնական՝ Դադանի շրջանակներով և կիսավերնահարկով, 12 շրջանականի Դադան, 12 շրջանականի Լանգստրոտ և 10 շրջանականի բազմահարկ փեթակներ՝ 435 x 230 մմ և 435 x 300 մմ չափերով: Ինչպես ցույց են տվել երկարամյա արտադրական փորձերը, տվյալ տեղանքի մեղրաբերքի պայմաններում նշված սիստեմի փեթակներից ամենաքիչ հարմարը հորիզոնական փեթակներն են: Թույլ մեղրաբերքի պայմաններում մեղուները մեծ դժվարությամբ են բարձրանում կիսավերնահարկ, պետք է կուտակեն մեղր, քանի որ 16 մեղրահացերը բավական չեն, որպեսզի տեղավորվի մեղր, ծաղկափոշի և սերունդ (բաց և փակ սերունդ): Երբ դրսի օդի ջերմաստիճանը ցերեկը հասնում է 400C-ի, փեթակի հորիզոնական կառուցվածքը նվազեցնում է բնի նորմալ օդափոխության կարգավորումը: Այդ պատճառով էլ մեղվաընտանիքները հաճախ պարսում են, և այնպիսի տպավորություն է ստեղծվում կարծես՝ մեղվապահն է թերացել: Վերջին 10-15 տարիների ընթացքում շատերը հրաժարվել են հորիզոնական փեթակներ օգտագործելուց, հատկապես նրանք, ովքեր վարում են քոչվորական մեղվաբուծություն: Ներկայումս Հայաստանում առկա մեղվաընտանիքների շուրջ 60 %-ը պահվում է 12 շրջանականի Դադան տիպի փեթակներում, 30%-ը՝ 12 շրջանականի Լանգստրոտ տիպի փեթակներում և 10 %-ը՝ 10 շրջանականի բազմահարկ փեթակներում: Ամբողջ աշխարհում ամենահեռանկարային փեթաները համարվում են բազմահարկ փեթակները՝ երեք վերնահարկերով: Մեր պայմաններում բավական է երկու վերնահարկը, հազվադեպ՝ երեքը: Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր տիպի փեթակ պահանջում է մեղվաընտանիքի պահվածքի որոշակի մեթոդ: Այս կամ այն տեխնոլոգիական գործընթացների անտեսումը կհանգեցնի անցանկալի հետևանքների: Այդ առումով մենք տարիներ շարունակ հետևել ենք բազմահարկ փեթակներում պահվող 450 մեղվաընտանքիներից բաղկացած մեղվանոցը: Սխալ խնամքի հետևանքով մեղվապահը յուրաքանչյուր ընտանիքից ստացել է 4-8 կգ ապրանքային մեղր, այն դեպքում, երբ հարակից տարածքում գտնվող մեղվանոցները ստացել են 10-12 կգ՝ յուրաքանչյուր ընտանիքից: Բազմահարկ փեթակներում պահվող մեղվաընտանքիները պահանջում են բների ժամանակին լայնացում, երբ սերնդով մեղրահացերի թիվը հասնում է 7-8-ի:   Այդ աշխատանքը կատարվում է ոչ թե առանձին մեղրահացերով, այլ ամբողջական վերնահարկով: Որպեսզի մեղուներն արագ բարձրանան վերև անհրաժեշտ է բնից երկու սերնդով մեղրահացեր բարձրացնել վերնահարկ, իսկ դրանց փոխարեն դնել երկու մոմաթերթով շրջանակներ: Ստորին հարկի դասավորությունը պետք է լինի հետևյալ կերպ. կողքային մասում մեղրով և ծաղկափոշով մեղրահացեր, դրանցից հետո փակ սերնդով մեղրահացեր, որոնց հաջորդում են մոմաթերթով և բաց սերնդով շրջանակները: Վերին հարկում սերնդով մեղրահացերը նույնպես տեղադրվում է մեջտեղում, որոնց երկու կողմերում դրվում է մեկական մեղրահաց ձվադրման համար, իսկ դրանց կողքերին երկուական մեղրով մեղրահացեր: Վերջին 10 տարիների փորձերը ցույց են տվել, որ քամած մեղրահացերն ավելի լավ է պահեստավորել, քան վերադարձնել մեղվաընտանիքներին՝ չորացնելու: Այդպես դրանք քիչ են ցեցակալվում և որ ամենակարևորն է՝ գարնանը մեղուներն ավելի լավ են յուրացնում: Երրորդ վերնահարկը տեղադրում են միայն այն դեպքում, երբ երկրորդի մեղրահացերն ամբողջությամբ օգտագործված են մեղուների կողմից, այսինքն՝ 7-8 մեղրահաց պատված է սերնդով: Այդ գործողություններն ավելի լավ է անել վաղ, քան ուշացնել: Եթե մեղուները կառուցել են մայրաթասակներ, որոնցում մայրը ձվադրել է կամ, եթե նկատվում են մայրապտուկներ, ապա երկրորդ և երրորդ վերնահարկերը դասավորում են հետևյալ շարունակական հաջորդականությամբ. Տեղադրում են սերնդով, դատարկ և մոմաթերթով շրջանակներ: Եթե դրանից հետո մեղուները սկսում են կառուցել մեղրահացեր, ուրեմն ընտանիքը վերադարձել է աշխատանքային վիճակի: Դիտումները ցույց են տվել, որ բների այդպիսի լայնացումը կանխում է ձագատվության պատրաստվող ընտանիքի հակումը 60-65 %-ով: Ուսումնասիրելով խոշոր մեղվանոցները նկատել ենք, որ, եթե մեղվապահը ձմռան ընթացքում չի կատարում նախապատրաստական աշխատանքներ սեզոնի համար, ապա նրա մեղվանոցը դատապարտված է տապալման: Նախապատրաստական աշխատանքներին առաջին հերթին դասվում են շրջանակներ մեխելը, լարելը, մոմաթերթ փակցնելը: 100 մեղվաընտանիքի համար անհրաժեշտ է նախապատրաստել առնվազն 500 մոմաթերթ փակցրած շրջանակներ, իսկ եթե մեղրաբերքն այնպիսին է, ինչպիսին 2013 թ., ապա առնվազն՝ 700: Այդ աշխատանքի բացթողումը կհանգեցնի մեղվաընտանիքների ձագատենդով բռնկվելուն, և մեղվապահը յուրաքանչյուր ընտանիքից կստանա 6-7 կգ ապրանքային մեղր ու մեծ քանակությամբ պարսեր, որոնցից միայն փոքր մասը հնարավոր կլինի բռնել, իսկ ձմռանը կերապաշարի պակասի կամ ընտանիքների թուլացման պատճառով և՛ ձագերի, և՛ հիմնական ընտանիքների մեծ կորուստ կլինի:   Հանրապետության տարբեր մարզերում գտնվող մեղվանոցների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեղվապահները ամռանը հանում են բնի վրայի տաքացնող բարձերը, կարծելով, որ դրանք բարձրացնում են բնի ջերմաստիճանը: Իրականում դրանք ծառայում են որպես ջերմամեկուսիչ. ամռանը արևը տաքացնում է փեթակի կափարիչը, իսկ վրայի տաքացման բարձը չի թողնում, որ տաքությունն անցնի փեթակի մեջ, վաղ գարնանը և ձմռանն ընդհակառակը՝ վրայի բարձը ծառայում է որպես տաքացնող հարմարանք: Մեղվապահը պետք է իմանա, որ, եթե թռիչքատախտակի վրա հավաքված են մեծաքանակ օդափոխող մեղուներ, կամ արկանոցը լայնացնելու համար այն կրծում են, ապա նրանք դժվարանում են ապահովել բնի նորմալ ջերմաստիճանը, իսկ եթե մեղուները խմբով կախված են թռիչքատախտակի տակ, ապա նրանք ի վիճակի չեն կարգավորելու բնի ջերմաստիճանը և օդափոխությունը: Դրանք ձագատվության առաջին նշաններն են: Անհարժեշտ է անհապաղ լայնացնել բույնը, մեծացնել արկանոցը, իսկ երբեմն բարձրացնել կափարիչը և ծալել ծածկոցը: Եթե դրսի օդի ջերմաստիճանը 30 0C-ից բարձր է, ապա միտք չունի արկանոցը կիսափակ պահել և հետաձգել բնի լայնացումը: Կիրառելով վերոնշված խորհուրդները՝ մեղվաբույծը կարող է զգալիորեն կրճատել ձագատվությունը և բարձրացնել ստացվող ապրանքային մեղրի քանակը:



To top