< Միջոցառումներ Հոկտեմբեր ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի
06.10.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՄԿՆԱՆՄԱՆ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Կրծողների դեմ արդյունավետ պայքարի/հսկողության ծրագրի հիմնավոր ելակետը թիրախ հանդիսացող տեսակների բնակեցման էկոլոգիական առանձնահատկությունները և վարքագծի պատշաճ իմացությունն է, որը, սակայն, չի նշանակում, որ պետք է աչքի տակ ունենալ միայն էկոլոգիական մեթոդները կամ կենսաբանական հսկողությունը: Պետք է հաշվի առնել խնդրի ուղղությամբ նոր լուծումների բոլոր հնարավոր մոտեցումները: Պայքար մեխանիկական արգելապատերի միջոցով: Մեխանիկական արգելապատերը, որոնք կանխում են մկնանման կրծողների կողմից ծառերի բնափայտի կեղևահան անելը, արդյունավետ են և էկոլոգիապես ապահով: Համապատասխան նյութեր են` ցանցավոր ցանկապատերը, ալյումինե թիթեղները, կարծր պոլիէթիլենից խողովակները և այլն: Պաշտպանողական օղակների տեղադրումը մրգատու ծառերի բների շուրջը նույպես կանխում են դաշտային մկների վնասները: Օրինակ, Գերմանիայում,գազարի մարգերում դաշտային մկների ներխուժումը կանխել են` տեղադրելով գետնից 16սմ բարձր և գետնից 8 սմ ցածր 4մմ-ոց կարծր պոլիէթիլենից արգելապատ` շուրջը տեղադրելով թունավոր գրավչանյութը: Պայքարի կենսաբանական եղանակները: Դաշտային մկներով սնվող գիշատիչ կենդանիներից են կզաքիսները, աքիսները, կատուները, շները, աղվեսները, դաշտագայլերը, բուերը, բազեները և օձերը: Հայաստանի Խոսրովի արգելավայրը հարուստ է զանազան ցերեկային ռապտորներով և բուերի տեսակներով, որոնք պոտենցիալ գիշատիչներ են կրծողների համար: Այս գիշատաիչներին ապահովելով հարմարավետ բնակավայրերով և տեղադրելով թառեր կամ բներ` կարելի է արդյունավետորեն կասեցնել դաշտային մկների տարածումը: Փաստեր կան, որ թռչունների տարբեր տեսակի կայանատեղիները, ինչպիսիք են փայտե կամ քարե կույտերը, թառերը և այլն, նպաստում են թռչունների կողմից դաշտային մկների որսին և կարող են զգալիորեն նվազեցնել մկների քանակը և խոչընդոտել նրանց բազմացմանը: Ձյան հաստ շերտը դաշտային մկներին պաշտպանում է կաթնասուն գիշատիչներից, և միայն աքիսները կարող եմ մտնել այդ բները` դաշտային մկներ որսալու համար: Պայքար` քիմիական վանող նյութերի միջոցով: Հոտառությունը կենսական դեր է խաղում կրծողների սնվելու վարքագծում. այդպիսի փորձերից էր քիմիական վանող նյութերի կիրառումը: Դժբախտաբար, կրծողները կարող են հասնել իրենց կողմից սիրված կերակուրին` անտեսելով քիմիական վանող նյութերը: Նրանց բերանի անատոմիան հնարավորություն է տալիս թունաքիմիկատով մշակված ծառի բնից առանց վտանգի ենթարկվելու հեռացնել անհամ կամ թունավորված շերտերը և ագահաբար կուլ տալ տակի շերտը: Քիմիական հատիկների շաղ տալը նույնպես չի կարող պաշտպանել ծառերը դաշտային մկների հարձակումներից: Դաշտամկների դեմ արդյունավետ քիմիական պայքար կարելի է կազմակերպել գարնանը և աշնանը, երբ դաշտերը զերծ են փարթամ բուսականությունից և բնանցքերը տեսանելի են: Դաշտամկների դեմ պայքար իրականացվում է մկնասպան թունանյութերով /էթիլֆենացին կամ ցինկի ֆոսֆիդ, կամ բրոմոդիոլոն և այլն/ թունավորված գրավչանյութով: Ստորև ներկայացվում է ցինկի ֆոսֆիդով պայքարի տեխնոլոգիան: Թունանյութի նկարագրությունը- ազդող նյութը ցինկի ֆոսֆիդն է, որի պարունակությունը պատրաստուկում կազմում է 80%, մուգ մոխրագույն, յուրահատուկ հոտով փոշի է: Այն դասվում է ուժեղ թունունակ, արագ ազդող մկնասպան պատրաստուկների խմբին: Թունավորված գրավչանյութի պատրաստման տեխնոլոգիան- 1 կգ թունավորված գրավչանյութ պատրաստելու համար օգտագործվում է 25գ ցինկի ֆոսֆիդ, 15-20 գ բուսական յուղ կամ ավտոլ և 1կգ ցորեն, գարի կամ վարսակ: Հատիկին նախօրոք ավելացվում է բուսական յուղ կամ ավտոլ, այնուհետև ցինկի ֆոսֆիդ և խառնվում այնքան, մինչև բոլոր հատիկները հավասարապես ծածկվում են թունանյութով: 1 հեկտարի համար օգտագործվում է 5 կգ թունավորված գրավչանյութ: Գրավչանյութը պատրաստելիս և օգտագործելիս անհրաժեշտ է ճշտորեն կիրառել նախազգուշական և անվտանգության միջոցառումներ: Գրավչանյութի հետ աշխատողները պետք է ապահովված լինեն համապատասխան արտահագուստով, պաշտպանիչ դնչակալով, ռետինե ձեռնոցներով, որոնք կբացառեն գրավչանյութի շփումը մաշկի հետ: Գրավչանյութը պետք է պատրաստել կենտրոնացված կարգով, մասնագետի հսկողությամբ, հատուկ հարթակերի վրա կամ բաց տարաների մեջ: Գյուղացիական և ֆերմերային տնտեսությունները պայքարի աշխատանքները սկսելուց առաջ տեղեկացնում են համայնքի ղեկավարությանը, ինչպես նաև պարտավոր են հայտարարությունների ձևով և լրատվական միջոցներով իրազեկել ազգաբնակչությանը պայքարի միջոցառումների իրականացման մասին: Թունավորված գրավչանյութերով մշակված տարածքներում 20 օր արգելվում է անասունների արածեցումը:



To top