< ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Հայաստանի կոնյակագործների միության ընդլայնված նիստին
25.09.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՄԵՂՈՒՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Մեղվաընտանիքները ենթակա են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդույթունների: Այդ հիվանդությունները հաճախ հսկայական վնաս են պատճառում մեղվաբուծությանը` առաջացնելով մեղուների զանգվածային անկում, կասեցնելով մեղվաընտանիքների աճն ու զարգացումը, իջեցնելով նրանց մթերատվությունը, միևնույն ժամանակ նվազեցնելով էնտոմոֆիլ մշակաբույսերի փոշոտման գործունեությունը: Մեղվաբուծության զարգացման հաջողությունն անհնար է առանց մեղրատու մեղուների ախտաբանության (պաթոլոգիա) իմացության: Մեղվաընտանիքների կուտակումները, մեղուների մասսայական քոչվորությունը (տեղափոխումը), ցեղային արտադրանքի փոխանակումն ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ միջազգային մասշտաբով, տեղում մեղուների մեկուսացման դժվարությունները կարող են հանգեցնել այդ միջատների միջև տարբեր հիվանդությունների հարուցիչների լայն կերպով տարածմանը: Հարուցիչների տարածմանը նպաստում են նաև մեղուների կենսաբանական առանձնահատկությունները` պարս տալը, առավել թույլ անմայր ընտանիքների վրա հարձակումները, հափշտակումները և այլն: Կարող են մեղրաբեր մեղուներին փոխանցվել որոշ տեսակի միջատների հարուցիչները: Մինչև վերջին ժամանակներս մեղուների ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների կանխարգելումը և պայքարը նրանց դեմ ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում հինված էին հիմնականում միայն բուժպրեպարատների հայտնաբերման և կիրառման վրա: Այդ միջոցառումները, առանց արտաքին միջավայրի հարուցիչների ոչնչացման, չեն կարող մեղվանոցները հասցնել լիակատար առողջացման, այլ հանգեցրել են միայն հիվանդությունների նվազեցման և ուղեկցվել մեղրում հակաբիոտիկների, սուլֆանիլամիդային պրեպարատների կուտակման, ինչն իր հերթին առաջ է բերել որոշակի վտանգ մարդկանց և մեղուների համար: Փտախտային հիվանդություններ Թրթուրների ու հարսնյակների հիվանդությունների թվին են պատկանում փտախտային հիվանդությունները: Այդ հիվանդություններից քայքայվելով թրթուրները տհաճ հոտ են արձակում: Ընտանիքում որքան շատ է զարգանում հիվանդությունը, այնքան թրթուրների անկման տոկոսը բարձր է լինում և մեղուներ քիչ են ծնվում, որի արդյունքում ընտանիքը թուլանում է: Հաճախ նրանք հարձակումների են ենթարկվում: Գող մեղուներն այդ ընտանիքի մեղրն իրենց բներ տանելով վարակը տարածում են ամբողջ մեղվանոցում: Հիվանդությունը կարող է տարածել նաև մեղվապահը` մեղրահացերը հիվանդից առողջին տալով, ինչպես նաև մեղվաբուծական գործիքների, հագուստի և այլնի միջոցով: Ամերիկյան փտախտ Ամերիկյան փտախտը թրթուրների ծանր ընթացող վարակիչ հիվանդություն է, որը հանդիպում է այն բոլոր երկրներում, որտեղ զարգացած է մեղվաբուծությունը: Հարուցիչի սպորները կարող են պահպանվել 10 և ավելի տարի: Հիվանդ ընտանիքը ինքն իրեն չի բուժում: Ամերիկյան փտախտով թրթրուրներն ախտահարվում են կնքվելուց առաջ և հարսնյակների վերածվելիս: Մեղուները բջիջը փակում են մոմի կափարիչով և թրթուրը նրա տակ սատկում է: Այդ կափարիչները փոս ընկած են, հաճախ` ծակծկված, ունեն մուգ գույն: Թրթուրը կափարիչի տակ վերածվում է մգացած, փտած, ձգվող զանգվածի, որը լուցկու հատիկով հանելիս ձգվում է բարակ մետաքսե թելի պես` մինչև 10սմ և ավելի: Փտած զանգվածն ունենում է հալած ատաղձագործական սոսնձի հոտ: Բուժում Դեղամիջոցներով բուժումը կատարում են 1:1 հարաբերությամբ շաքարի և ջրի լուծույթով: 1լ օշարակին ավելացնում են հետևյալ դեղամիջոցներից մեկը. նորսուլֆատ-նատրիում` 1-2գ, քլորտետրացիկլին, ստրեպտոմիցին` 500 հազ. ՄՄ, նեոմիցին, տետրա-ցիկլին, էրիտրոմիցին, մոնոմիցին, օքոսիտետրացիկլին, կանամիցին` 400 հազ. ՄՄ, օքսիվիտ` 0,5գ: Պահանջվող քանակությամբ պրեպարատը նախօրոք լուծում են եռացրած-հովացրած (38-400C) ջրի մեջ և լավ խառնում, որից հետո այն ավելացնում են պատրաստի` մինչև 350C գոլ օշարակին: Բուժման կրկնությունը կատարում են օքսիտետրացիկլինով, քլորտետրաիկլինով` 6 օր հետո, տետրացիկլինով` 5 օր հետո, էրիտրոմիցինով, նեոմիցինով, նորսուլֆազոլ-նատրիումով` 5-7 օր հետո, ստրեպտոմիցինով` 4 օր հետո, կանամիցինով` 3 օր հետո, մոնոմիցինով` 2-3 օր հետո և օքսիվիտով` 5-6 օր հետո: Ախտահանում Ամերիկյան փտախտի դեպքում կատարում են լավ ախտահանում: Փեթակները, շրջանակները և մյուս փայտյա դետալները խնամքով մաքրելուց հետո ախտահանում են զոդալամպի բոցով` մինչև թեթևակի գորշանալը: Խալաթները և մյուս կտորները եռացնում են ածխաթթվային սոդայի 2 տոկոսանոց լուծույթում` 30 րոպե տևողությամբ: Դատարկ և վարակված հարսնյակներով մեղրահացերը հալում են մոմի համար: Իսկ մեղրաքամ մեքենան և մետաղյա մանր գույքը տաք ջրով լվանալուց հետո ախտահանում են մոխրաջրի 2-3 տոկոսանոց լուծույթով:



To top