< Գերխոնավ պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ առկա հիվանդությունների ու վնասատուների դեմ արդյունավետ քիմիական պայքարի կազմակերպման միջոցառումներ
15.05.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Օկնոգինա հայկական թիթեռների կենսակերպը և դրա դեմ պայքարի առաջարկվող մեթոդները

Ocnogina loevii armena (Hubner,1790)-ն առջաթիթեռների (Arctiidae) ընտանիքի Ocnogina ցեղի ներկայացուցիչներից մեկն է, Հայաստանում՝ հանդիպում է Լենինականի սարահարթում, Արաքսի հովտում և Արարատյան հարթավայրի այլ շրջաններում: Թիթեռները հանդիպում են քարքարոտ չմշակված տարածքներում: Թրթուրները խիստ շատակեր են, սնվում են հիմնականում մոլախոտերով (օշինդր, իշակաթնուկ ...), բայց նաև մշակովի բույսերով, հատկապես զանգվածային զարգացման բռնկման տարիներին: Հայաստանում որպես լուրջ վնասատու առաջին անգամ գրանցվել է 1927 թ. խաղողի վազի և շերամի մացառների վրա: 1936 թ. ուժեղ վնասել են տանձենու մացառը: Նշված է նաև որպես բամբակենու, առվույտի, կորընգանի, ցորենի, գարու, տարեկանի վնասատու: 1939 թվականից Սպիտակի և Ախուրյանի շրջաններում օկնոգինան հաճախակի վնասել է շաքարի ճակնդեղը: Գրականության մեջ նշվում է, որ 1939թ. Սպիտակի շրջանում շաքարի ճակնդեղի ցանքերում 150 հա տարածության վրա օկնոգինայի թրթուրները ոչնչացրել են բույսերի 80-85%-ը, որի պատճառով կրկնացանք է կատարվել: Օկնոգինա թիթեռի անվանումը թարգմանվում է որպես “ծույլ կին”, քանի որ էգ թիթեռի թևերը թերզարգացած են և նա չի թռնում, իր ամբողջ կյանքը անց է կացնում ճյուղին կպած՝ արուին սպասելով:                         Ուշ աշնանը՝ հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին, զուգավորումից հետո էգերը ձվադրում են կույտերով՝ քարերի տակ, վերնահողի գուղձերի տակ կամ հողաճեղքերում: Կույտերում ձվերի քանակը կարող է լինել 500 մինչև 750 հատ: Քանի որ ձվադրումը կատարվում է մի քանի անգամ, ապա մեկ էգը կարող է մինչև 1500 ձու դնել: Ձմեռում են ձվերը: Անմիջապես ձնհալքից հետո ձվերից դուրս են գալիս թրթուրները: Սկզբնական շրջանում ապրում են խմբերով հատուկ սարդոստայնից հյուսած բներում:           Յուրաքանչյուր բնում նրանք մնում են 6-9 օր, որից հետո տեղափոխվում են ուրիշ բույսերի վրա, նորից բույն հյուսում և ապրում խմբով: Թրթուրների կյանքի տևողությունը այդ բներում կազմում է 30-35 օր: 4-րդ հասակի թրթուրները բներից դուրս գալուց հետո շարունակում են ապրել խմբերով, բայց բներ էլ չեն գործում: Հենց այս ժամանակ են առավել մեծ վնաս հասցնում, քանի որ շատակեր և անհագ են: Վերջին՝ 5-6-րդ հասակի թրթուրները, արագ տեղաշարժվելով, ցրվում են, անցնում հարակից հողամասեր, այդ թվում նաև մշակովի տարածքներ և խժռում ճանապարհին հանդիպած ամբողջ կանաչ մասսան: Դա նման է արշավանքի: Կյանքի այս՝ ցրված ապրելու շրջանը, տևում է 20-25 օր: Այսպիսով, զարգացման թրթուրային ողջ փուլը տևում է 50-60 օր: Ամեն մաշկափոխությունից հետո թրթուրները աճում են չափերով և տեղափոխվում նոր բույսերի վրա: Սնուցումը ավարտելուց հետո, թրթուրները հարսնյակավորվում են հողի 10-15 սմ խորությամբ շերտում կամ քարերի տակ նուրբ բոժոժում, սակայն հաճախ հանդիպում են նաև մերկ հարսնյակներ: Հարսնյակավորման փուլը տևում է 4-5 ամիս, որոշ տվյալնրով 6-7 ամիս՝ հունիսի առաջին կեսից մինչև հոկտեմբերի վերջ, նոյեմբեր:   ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑՆԵՐ Քիմիական մշակում`սրսկում. Միջատասպան թունաքիմիկատներով՝ կոնֆիդոր` 0,3 լ/հա դեցիս` 0,3 լ/հա ցիմբուշ` 0,2 լ/հա կարատե` 0,3 լ/հա դուրսբան` 2 լ/հա բիոպրեպարատներով   բիտոքսիբացիլլին 2,5կգ/հա, լեպիդոցիդ 1.5 կգ/հա Մեխանիկական. Նույնիսկ բարձր արդյունավետությամբ օժտված թունաքիմիկատների օգտագործման դեպքում, մեխանիկական մեթոդները բավականին արդյունավետ են. o Հողի մշակում` խոր վար, ձմեռային բների ոչնչացումը կամ այրելը, 650C ջրով արմատների մշակումը մինչ ձնհալքը, o Վաղ գարնանը, գիշերային ժամերին, թփերի մաքրում, քանի դեռ թրթուրները փոքր հասակի են և գտնվում են բներում խմբերով հավաքված, o Լուսաթակարդների միջոցով, քանի որ թիթեռները գիշերն են թռնում



To top