< Պտղատու այգիների գարնանային մշակություն
05.03.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Հանրապետության ոռոգման համակարգը պատրաստ է սեզոնի մեկնարկին. նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն մարտի 4-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր` անձամբ հավաստիանալու համար, որ մարզում ոռոգման սեզոնի բացմանն ընդառաջ պատասխանատուների կողմից պատշաճ կերպով իրականացվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները: Նախարարին ուղեկցում էին Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը, ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների տնօրեններ և այլ պաշտոնատար անձինք:   Այցի շրջանակում նախարարը եղել է Հուշակերտի պոմպակայանում, Շենավան, Գետաշեն, Նալբանդյան համայնքներում, որտեղ ծանոթացել է ներտնտեսային ոռոգման ցանցերի աշխատանքներին: Այստեղ պատասխանատուները հավաստիացրել են, որ բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, և իրենք լիովին պատրաստ են ոռոգման սեզոնի բացմանը:   Շուրջ 6 հազար հեկտար փաստացի ոռոգվող տարածք ընդգրկող «Մերձափնյա» ՋՕԸ գործադիր տնօրեն Արշավիր Հայրապետյանը տեղեկացրել է, որ ՋՕԸ-ի կողմից սպասարկվող 16 համայնքներից տասում այս պահին ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները, մնացած 6-ում առկա որոշակի տեխնիկական խնդիրները կվերացվեն մեկշաբաթյա ժամկետում:   Այնուհետև նախարարն ուղևորվել է Մրգաշատի միջտնտեսային ջրանցք: Այստեղ բնակիչները դժգոհություն են հայտնել այն մասին, որ ջրանցքում երկար տարիներ չեն կատարվել մաքրման աշխատանքներ: Նախարարը հանձնարարել է անհապաղ սկսել մաքրման գործընթացը, և դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցել իրեն:   Արմավիրի մարզում նախարարի այցելության վերջին կանգառը Զարթոնքի պոմպակայանում էր, որտեղ շրջայցի ընթացքում ևս նախարարը տեղեկացել է, որ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են և պոմպակայանը լիովին պատրաստ է ջրամատակարարման շրջանին:   «Արմավիրի մարզում կատարված դիտարկումը ցույց տվեց, որ ոռոգման համակարգում նախատեսված վերանորոգման և նախապատրաստական աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավարտված են: Ընդհանուր առմամբ հանրապետության ամբողջ ոռոգման համակարգը արդեն իսկ պատրաստ է սեզոնի մեկնարկին»,- լրագրողների հետ զրույցում նշել է նախարարը:   Նախարարի խոսքով` հանրապետության ցածրադիր գոտիներում` մասնավորապես Արարատի և Արմավիրի մարզի մի շարք համայնքներում, որտեղ վեգետացիան ավելի վաղ է սկսվում, արդեն իսկ ջրամատակարարումը սկսված է:Նախարարը նաև հավելել է, որ թեպետ ավանդաբար ոռոգման սեզոնը մեկնարկում էր ապրիլ ամսից, սակայն հաշվի առնելով ընթացիկ տարվա եղանակային պայմանները` հանձնարարարական էր տրված վերանորոգման և այլ նախապատրաստական աշխատանքները ավարտին հասցնել մինչև մարտի 1-ը, և համակարգը բերել աշխատունակ վիճակի` առաջին իսկ պահանջի դեպքում գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու համար:   Այցի ավարտին նախարարը խորհրդակցություն է անցկացրել Խոյի ջրօգտագործողների ընկերությունում, որին ներկա էին ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների տնօրենները, Արմավիրի մարզի թվով ինը ՋՕԸ-երի պետերը, Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, մարզային կառույցի ղեկավարները և ոլորտի այլ պատասխանատուներ:   Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին դիտարկման արդյունքում հայտնաբերված թերացումները և ոռոգման ոլորտում առկա այլ խնդիրները: Նախարարը նշել է, որ հաշվի առնելով նախորդ տարվա դժվարություններն ու գյուղացիական տնտեսությունների արդարացի դժգոհությունները, պետք է այս տարի գործընկերային համաբերություններ ստեղծվեն գյուղացիական տնտեսությունների հետ` բացառելու հետագա դժգոհությունները կապված արդար ջրաբաշխման հետ: Նախարարը հանձնարարել է պատասխանատուներին սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել դրանց շուտափույթ շտկման ուղղությամբ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին



To top