< Այցելություններ գյուղեր
03.03.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԸ ԲԱՐՁՐ ԲԵՐՔԻ ԵՐԱՇԽԻՔ

Պարարտանյութերը գյուղատնտեսական արտադրության բարձրացման հզոր միջոց են, այն դեպքում, երբ կիրառվում են որոշակի համակարգով, հաշվի առնելով յուրաքանչյուր մշակաբույսի պահանջը այս կամ այն սննդատարրերի նկատմամբ: Այս ամենի պատասխանը տալիս է ագրոքիմիական քարտեզը: Ցանկացած կուլտուրա մշակելիս վեգետացիայի ընթացքում հողից վերցնում է 175 – 185 կգ սննդատարրեր` ազոտ, ֆոսֆոր, կալիում: Եթե ժամանակին այս սննդատարրերը հող չեն վերադարձվում, հողը աստիճանաբար աղքատանում է և բերքատվությունը իջնում է նվազագույնի: Ճիշտ է ազոտական պարարտանյութի օգտագործումը բարձր բերքի ապահովման կարևոր նախապայման է հանդիսանում, սակայն բազմաթիվ ուսումնասիրություններով հաստատվել է, որ ազոտական պարարտանյութի կիրառումից ավելի մեծ արդյունք է ստացվում, երբ այն օգտագործվում է ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի հետ համատեղ: Հանքային պարարտանյութերի համակցությունը (ազոտ, ֆոսֆոր, կալիում) դրական ազդեցություն է ունենում բանջար-բոստանային կուլտուրաների բերքի որակական ցուցանիշների վրա, արագացնում է պտուղների հասունացումը, երկարաձգում վեգետացիայի ժամանակաշրջանի տևողությունը, պտուղներում ավելանումեն չոր նյութերի, շաքարների և վիտամինների քանակը, պահպանման ժամանակ որակական հատկանիշները չեն կորցնում, բազմամյա տնկարկների` ինչպես խաղողի, այնպես էլ պտղատու այգիների դեպքում մեծանում է ձմեռադիմացկունությունը: 1. Ֆոսֆորի պակասի դեպքում վնասվում է բույսերի անոթային համակարգը, նրա անբավարար քանակը հողում ուշացնում է նիտրատային ազոտի վերամշակումը և բույսերի մեջ կուտակվում են առողջության համար վնասակար նիտրատներ: 2. Կալիումի պակասի դեպքում խորը փոփոխության են ենթարկվում բույսերի անատոմիական կազմությունը և բույսերի մեջ կուտակվում են մեծ քանակությամբ չվերամշակված ամիակ:   Շուրջ 20 - 25 տարի հանրապետություն ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր չեն ներկրվել, որը չէր կարող բացասաբար չանդրադառնալ ինչպես հողերի բերրիության, այնպես էլ մշակաբույսերի բերքատվության վրա: Վերջին 5 - 6 տարիներին հանրապետություն է ներկրվել միայն ազոտական պարարտանյութ, այն էլ սահմանափակ քանակներով` տարեկան 35 – 40 հազար տոննա: Նախկինում մինչև անկախացում` տարեկան հանրապետություն է ներկրվել շուրջ 100 – 110 հազ.տոննա ազոտական, 110 – 120 հազ. Տոննա ֆոսֆորական և 30 – 40 հազ. Տոննա կալիումական պարարտանյութեր: Այդ ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի ըստ մշակաբույսերի հող է մտցվել հեկտարի հաշվով 300 – 400 կգ ազոտական, 350 – 450 կգ ֆոսֆորական և 50-150 կգ կալիումական պարարտանյութեր: Դրա համար հողերը այդ ժամանակաշրջանում համարվում էին սննդատարրերով լավ ապահովված: Այժմ հայտնի պատճառներով հանրապետության մշակովի հողերի շուրջ 70 – 80 % - ը թույլ է ապահովված ազոտ, ֆոսֆոր և կալիում սննդատարրերով, դա է պատճառը, որ շատ մշակաբույսերի բերքատվությունը իջել է նվազագույնի: Հացահատիկի դեպքում նման թույլ ապահովված հողում կարելի է ստանալ 30 – 35 ց/հա, իսկ 60 – 65 ց/հա ստանալու համար, խորհուրդ ենք տալիս հողի հիմնական մշակման ժամանակ օգտագործեք 350 – 450 կգ/հա ֆոսֆորական, 70 – 120 կգ կալիումական պարարտանյութեր: Ցանքսի ժամանակ 60 – 80 կգ/հա ազոտական պարարտանյութ, իսկ մնացած 240-270 կգ–ը տալ վեգետացիայի ընթացքում: Նույն սխեման կարող եք օգտագործել ցանկացած մշակաբույսերի մշակության ժամանակ:



To top