< ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.02.2015 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

Բացվեց Հացիկ համայնքի հիմնանորոգված դպրոցը

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ համայնքի հիմնանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը, միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներ և մեծ թվով հյուրեր: Կրթօջախի հիմնանորոգումն իրականացվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի անմիջական աջակցությամբ: Դպրոցն այսօր արդեն ժամանակակից ուսումնական հաստատություն է, որի ուսուցչական կազմն ու 315 աշակերտներն այսուհետ կաշխատեն և կսովորեն լուսավոր, ջեռուցվող դասասենյակներում, կօգտվեն ջրամատակարարմամբ ապահովված սանհանգույցներից: Նշենք, որ 2014 թվականին ՀՀ Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման հինգերորդ ծրագրով Հացիկ համայնքի միջնակարգ դպրոցն ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով: Բացի այդ, տարրական դպրոցի դասասենյակներից մի քանիսն անցյալ տարի վերանորոգվել են «Փարոս» բարեգործական հիմնադրամի կողմից, որը 2015 թ. նախատեսում է արդիականացնել նաև դպրոցի մարզադահլիճը: Իսկ դպրոցական ճաշարանի նորոգման գործում, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ, իր ներդրումն են ունեցել նաև Հացիկի համայնքապետարանն ու դպրոցի տնօրինությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությամբ էլ դպրոցում կառուցվել է Ստեղծագործարան՝ տեխնոլոգիապես հագեցված դասասենյակ:



To top