< Ձմեռ պապ
29.12.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղերձը

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության հողագործներին, անասնապահներին, գյուղատնտեսության բնագավառի մասնագետներին, գիտնականներին, գյուղատնտեսական հումք վերամշակողներին և գործարարներին, ովքեր շարունակում են նախանձելի նվիրումով ու եռանդով բարիք արարել ու շենացնել հայրենի գյուղը: Անցնող 2014 թվականը, չնայած բնակլիմայական անակնկալներին, գյուղացու համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձավ նոր ձեռքբերումների, հաջողությունների ու առաջընթացի տարի: Մենք լավ ենք գիտակցում, որ այսօր գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած խնդիրները բազմազան են և առանձնահատուկ հոգածության, ամենօրյա ուշադրության կարիք ունեն, ուստի, այսուհետ ևս գյուղացու հոգսը թեթևացնելու նպատակով շարունակվելու է պետական աջակցությունն ու օժանդակությունը: Լիահույս եմ, որ գալիք տարում, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմաններում, նոր հեռանկարներ են բացվելու մեր երկրի գյուղատնտեսության զարգացման համար: Միության մեծ ու տարողունակ շուկան անսահմանափակ հնարավորություններ կարող է ստեղծել թարմ ու վերամշակված գյուղատնտեսական արտադրանքի շահավետ պայմաններով իրացման և մեր գյուղացիական տնտեսությունների համար կայուն եկամուտների ապահովման գործում: Եվ այսօր, ձեր աշխատանքի նկատմամբ ունեցած մեծագույն հարգանքով ու երախտիքով, մաղթում եմ առողջություն, երջանկություն, լավատեսություն ու բարօրություն: Թող Նոր տարին մեր երկրի ու հայ ժողովրդի համար լինի խաղաղության, կայունության ու հզորացման, իսկ հողի մշակի համար` առատ բերք և բարիքի տարի: Աստված մեզ պահապան:



To top