< ՀՀ գյուղատնտեսության նախարարության,«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ
22.10.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Մարդկային քաղաքակրթության վրա, ամենամեծ դրական ազդեցությամբ, հիրավի, ամենանշանակալիների շարքում կարելի է նշել արհեստական ցրտի ստացման գյուտը, ինչը հիմք հանդիսացավ Լ.Ս. Կառնոյի “Խորհրդածություններ կրակի շարժիչ ուժի եւ այն մեքենաների մասին, որոնք ի վիճակի են զարգացնել այդ ուժը” աշխատանքը: Դրանում ներկայացված էր երիտասարդ ֆիզիկոսի, այսպես կոչված, “հակառակ բոլորաշրջանը”: Մինչ այդ, հայտնի էր, որ ներքին այրման շարժիչում ջերմային էներգիան փոխակերպվում է մեխանիկական էներգիայի: Իսկ Կառնոն առաջարկում էր հակառակը, երբ մեխանիկական էներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի: Տարբեր ազգեր սառնարանային մեքենայի գյուտը վերագրում են իրենց հայրենակիցներին: Բայց փաստն այն է, որ Շ. Տելյեյի սառնարանային մեքենան առաջիններից մեկն ունեցավ գործնական կիրառություն. տեղադրվեց նավի վրա և հարավային կիսագնդից, առաջին անգամ, Եվրոպա բերվեց 3 տ սառեցրած միս: Այսօր արդեն անհնար է պատկերացնել ժողովրդական տնտեսությունն առանց սառնարանային մեքենաների` սկսած տնային սառնարաններից, վերջացրած խոշոր` հազարավոր տոննաներ ընդգրկող արտադրական սառնարաններով: Խորհրդային Հայաստանը վերջին տարիներին ուներ արտադրական պտղապահեստներ, որոնց միջին տարողությունը 250 տ-ից մինչև 500 տ էր, այնուհետև կառուցվեցին 3 խոշոր սառնարաններ. յուրաքանչյուրը` 9 հազ. տ տարողությամբ: Անցումային շրջանում նշված սառնարանների մեծ մասը մատնվեց անգործության և քայքայվեց: Դրանց փոխարեն անհատական տնտեսություններում կազմակերպվեցին հարյուրավոր մանր /3 - 25 տ տարողությամբ/ սառնարանային տնտեսություններ, որտեղ` որպես սառնարանային մեքենա, օգտագործվում էին կենցաղային` ԲԿ-1500 և ԲԿ-2500 օդաբարելավիչները /կոնդիցիոներներ/ կամ ցածր հզորության` ՖԱԿ- 1,5 և ԻՖ-56 մեքենաները: Սառնարանային տնտեսության կազմակերպման հիմք կարող է հանդիսանալ բավարար քանակությամբ սեփական մթերք ունենալը և այն հարևան տնտեսություններից ու համայնքներից գնելը: Պետք է լավ հաշվարկվի սառնարանի եկամտաբերությունը, այսինքն` հիմնական և օժանդակ հումքի, ինչպես նաև` շահագործման վրա կատարվող ծախսերի միջև առաջացող դրական տարբերությունը: Այս տեսակետից, ցանկալի է համեմատաբար մեծ տարողություն ունեցող կոոպերատիվ սառնարանի կառուցումը: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ պահունակ պտուղբաջարեղենի, ինչպես նաև սեղանի խաղողի պահպանման համար նախատեսված սառնարանի ամենանպաստավոր ծավալը պետք է տատանվի 400-500 տ սահմաններում: Այսօր սեփականաշնորհված տնտեսություններում ուշ աշնանային և ձմեռային ամիսներին պահպանման դրվող բերքի քանակությունը առանձին տնտեսություններում չի գերազանցում 5-8 տոննային: Եթե այն իրացվի բերքահավաքի շրջանում, ապա եկամուտը կկազմի 1- 1,6 մլն դրամ, իսկ 2 ամիս պահելուց հետո, երբ շուկայում գները բարձրանում են մոտ 1,5 անգամ, ապա այդ եկամուտը կկազմի 1,5-2,4 մլն դրամ: Եթե այս եկամուտներից հանվեն շահագործման ծախսերը, որոնք առավելագույնը եկամտի 20 տոկոսն են կազմում, ապա մաքուր եկամուտը կկազմի 0,4-0,7մլն դրամ: Սառնարանային տնտեսության կոոպերատիվ շահագործման դեպքում, կբարձրանա սառնարանի գործունեության վստահելիությունը, տեխնոլոգիան հնարավոր կլինի կազմակերպել ավելի հուսալիորեն, կբարձրանան գյուղացիական տնտեսությունների եկամուտները: Հարկ է նշել, որ քաղաքակիրթ աշխարհում փոքր հզորու-թյան սառնարանները (5-10 կամ 20տ տարողությամբ) վաղուց արդեն մոռացվել են, իսկ դրանց փոխարեն կառուցվել և վստահորեն շահագործվում են` 10 հազ. և 50 հազ. տոննա տարողությամբ սառնարանները, որոնց մակերեսի մոտավորապես կեսը հատկացվում է բուն սառնարանային խցերին, իսկ մնացած կեսը` ապրանքային մշակման, փաթեթավորման բաժնին: Մեր երկրի սառնարանային տնտեսությունների ապագան նույնպես ակնկալվում է կոոպերացման շրջանակներում: Սակայն, այսօր այդ հարցը համարյա ոչ մեկին չի հետաքրքրում, չնայած նրան, որ այն ունի մի շարք անառարկելի առավելություններ: Արտասահմանյան զարգացած երկրներում վաղուց ի վեր կասկած չի հարուցում այն փաստը, որ գոյություն ունեցող մրցակցությունից, միայնակ հաղթող դուրս գալ, նույնիսկ, տեսականորեն, անհնարին է: Դա է պատճառը, որ այնտեղ բոլորն անխտիր ներգրավվում են կոոպերացիայում: Կոոպերացման բազմաթիվ առավելություններից թվարկենք հետևյալները` տեխնոլոգիական ռեժիմների նպաստավոր ջերմաստիճանի և հարաբերական խոնավության պահպանում, կարգավորվող գազային միջավայրով պահպանման հաստատում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, սորտերի ընտրություն, երկար պահպանման տևողություն, այսինքն` պահունակության ուղեկցում նվազագույն կորուստներով, գիտականորեն հիմնավորված ագրոտեխնիկայի, բերքի պահպանության, ոռոգման, բերքահավաքի ճիշտ ժամկետների որոշում և շատ այլ հարցեր: Նշենք, որ այս առումով, հանրապետությունում մեր կողմից որոշ տեխնոլոգիական հարցեր արդեն լուծված են: Դրանցից գլխավորը` պահպանման խցի ջերմաստիճանն է, թեպետ շատ տեղերում օդի հարաբերական խոնավությունը չի էլ չափվում: Հարկ է նշել, որ լավ տեխնոլոգիան պահանջում է նաև լավ ներդրում, սակայն այսօրվա պայմաններում, հավանաբար, գյուղացուն ձեռնտու է` “Ծիտիկը` ձեռքում, քան կռունկը` երկնքում”: Այս հարցում գիտաշխատողները, հիրավի, առաջ են անցել գործնականից. մշակվել են ոչ միայն ջերմաստիճանային և խոնավության ռեժիմներ, այլև գազային ռեժիմ` ըստ սառնարանային խցում թթվածնի և ածխաթթու գազի պարունակության: Մնում է հուսալ, որ, վերջ ի վերջո, այս ռեժիմների օգտագործման ժամանակը ևս կգա: Լիահույս ենք, որ ինչպես մյուս, այնպես էլ պտուղբանջարեղենի պահպանման տեխնոլոգիաները պետք է կրեն որոշակի զարգացում: Վերջում ցանկանում ենք մեջբերել Նոբելյան մրցանակակիր Պ. Լարսենի արտահայտությունն այն մասին, որ.”Կարգավորվող գազային միջավայրը ԱՄՆ-ին բերել է այնքան եկամուտ, ինչքան գումար չի ծախսվել խնձորի մշակության վրա` դրա ուսումնասիրման ամբողջ պատմության ընթացքում: Եվ ամենավերջում ավելացնենք, որ վերջերս կատարված բազմաթիվ հարցումների արդյունքում պարզվել է, որ քաղաքակրթության ամենամեծ նվաճումը, ձայների մեծամասնությամբ, համարվել է սառնարանի գյուտը: ________________________________________



To top