< Ահազանգ-4
22.09.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Պաստերելյոզ

Պաստերելյոզը (Pasteurellosis) ընտանի և վայրի մի շարք կենդանիների ու թռչունների վարակիչ հիվանդություն է, որի սուր ընթացքը բնորոշվում է շճային և լորձային ծածկույթների բազմաթիվ արյունազեղումներով, իսկ խրոնիկը` առավելապես թոքերի ախտահարմամբ:   Հարուցիչը   Հիվանդության հարուցիչը Pasteurella multocida անշարժ, սպոր չառաջացնող, Գրամբացասական, 0.3-1.25x0.25-0.5 մկմ մեծությամբ ցուպիկ է: Մանրէներն օժտված են ցածր կայունությամբ և բնական պայմաններում արագորեն ոչնչանում են: Գոմաղբում, արյան մեջ, սառը ջրում հարուցիչը կենսունակ է մնում 2-3 շաբաթ, դիակում` մինչև 4 ամիս, թռչունների սառեցված մսեղիքում` 1 տարի: Արևի ուղիղ ճառագայթները սպանում են հարուցչին մի քանի րոպեի ընթացքում, 70-90°C-ում` 10-15 րոպեում: Գրեթե բոլոր կիրառվող ախտահանիչները ոչնչացնում են հարուցիչը մի քանի րոպեններում:   Համաճարակաբանական տվյալները   Պաստերելյոզի նկատմամբ ընկալունակ են ընտանի և վայրի կենդանիների շատ տեսակներ և թռչուններ: Հավերի և ճագարների մոտ հիվանդությունը առավելապես ընթանում է համաճարակի ձևով: Հիվադության նկատմամբ ընկալունակ են նաև մարդիկ: Համեմատաբար բարձր կայունությամբ են օժտված ձիերը և գիշատիչ կենդանիները: Հիվանդության նկատմամբ ընկալունակ են նաև մարդիկ: Վարակի հարուցիչի աղբյուրը հիվանդ և հիվանդացած առողջացած պաստերելակիր կենդանիներն են: Մանրէակրությունը տևում է մի քանի ամսից մինչև մեկ տարի: Հիվանդության հարուցչի աղբյուրից մանրէներն արտազատվում են քթից արտահոսքի, արտաշնչվող օդի, թքի, կղանքի միջոցով:   Ախտածնությունը   Մանրէները տարբեր ուղիներով (շնչառական, բերանի խոռոչով, ամբողջականությունը խախտված մաշկով) օրգանիզմ անցնելուց հետո ներդրման տեղում բազմանում են, թափանցում ավշային և արյան համակարգ, առաջացնում սեպտիցեմիա և կենդանու մահ 12-36 ժամվա ընթացքում: Հիվանդաբեր պրոցեսի տարածմամբ ճնշվում է իմուն համակարգը, մանրէներից առաջացած թունավոր նյութերը աոաջացնում են մասսայական ախտահարումներ, որի հետևանքով առաջանում են արյունազեղումներ շճային և լորձային ծածկոցների վրա, ենթամաշկային և միջմկանային բջջանքում գոյանում են այտուցներ: Հիվանդության ենթասուր և խրոնիկ ընթացքի ժամանակ ախտահարվում են թոքերը:   Ախտորոշումը   Կատարվում է համաճարակաբանական, կլինիկական տվյալների, ախտաբանաանատոմիական փոփոխությունների և լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա: Հարուցիչի անջատման համար օգտագործում են չբուժված կամ բուժումից 7-ից 10 օր անցած կենդանիների թարմ դիակներից վերցրած ախտաբանակ նյութը:   Լաբորատոր հետազոտության են ուղարկում փայծաղը, լյարդը, երիկամները, թոքերի ախտահարված մասերը, ավշային հանգույցները, խողովակաձև ոսկորները: Մանր կենդանիների դիակները լաբորատորիա են ուղարկվում ամբողջությամբ:   Կարանտինը և բուժումը   Պետք է ստեղծել խնամքի և պահվածքի լավ պայմաններ հիվանդի համար, օգտագործել տետրացիկլինային շարքի հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ: Հիվանդ կենդանիների առանձնահատուկ բուժման համար արդյունավետ է համարվում գերիմուն շիճուկը:   Խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր, խոզերի մոտ հիվանդության բռնկման դեպքում տնտեսություններում մտցնում են համապատասխան սահմանափակումներ: Հիվանդ և հիվանդության նկատմամբ կասկածվող կենդանիներին մեկուսացնում և բուժում են, իսկ վարակման մեջ կասկածվողներին ենթարկում ակտիվ իմունացման: Ախտահանությունը կատարվում է նոր դեպքերի գրանցման դեպքում և յուրաքանչյուր տասը օրը մեկ, մինչև սահմանափակումների վերացումը: Տնտեսությունից սահմանափակումները վերացնում են հիվանդության վերջի դեպքից և ամբողջ գլխաքանակը պատվաստվելուց 14 օր հետո, երբ կատարվել է եզրափակիչ ախտահանություն:   Կանխարգելումը   Պետք է կենդանիների համար ստեղծել կերակրման, խնամքի և պահվածքի նորմալ պայմաններ, խստորեն պահպանել անասնաբուժասանիտարական կանոնները: Հիվանդության կանխարգելման համար օգտագործում են ակտիվազրկված պատվաստանյութեր:   Մսի օգտագործումը   Պաստերելյոզով հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների մսեղիքը և սպանդի մյուս մթերքները արգելվում է բաց թողնել հում վիճակում: Տվյալ հիվանդության դեպքում միսը թույլատրվում է օգտագործել եփած, եփած ապխտած երշիկների, պահածոների արտադրությունում:   Ախտահարված ներքին օրգանները, աղիքները և արյունը բոլոր դեպքերում ուղարկում են եփելու: Մաշկը ախտահանում է:   Մկաններում դիստրոֆիկ կամ այլ ախտաբանական փոփոխությունների առկայության դեպքում մսեղիքը ներքին օրգանների հետ միասին ուղարկում են օգտահանման:   Մսեղիքում և օրգաններում ախտաբանական փոփոխությունների բացակայության դեպքում սպանդի մթերքների օգտագործման վերաբերյալ որոշում ընդունում են մանրէաբանական հետազոտությունից հետո:



To top