< Սեպտեմբեր ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքար
16.09.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Աշնանացանների հողի մշակությունը

Հողի մշակության համակարգը ագրոտեխնիկական միջոցառումների հերթականությամբ կատարվող ամբողջություն է գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման ամբողջ ընթացքում: Հողի բերրիության և մշակվող մշակաբույսերի բերքատվության բարձրացման գործում անգնահատելի նշանակություն ունի հողի մեխանիկական մշակման ճիշտ համակարգի կիրառումը պարարտացման անհրաժեշտ համակարգով: Նկատի ունենալով, որ գյուղատնտեսության արդի ժամանակաշրջանում մշակաբույսերի բարձր արդյունավետություն ապահովելու հիմնական միջոցը հողի մշակության նոր տեխնոլգիաների կիրառումն է և հատկապես ներմուծված հացահատիկային մշակաբույսերի (սորտերի) ներդրումը արտադրության մեջ, բարձր բերք ապահովելու համար պահանջվում է հողի մշակման բարձր մակարդակ, խիստ կարևորվում են հողի մշակման խնդիրները:   Հողի մշակման կարևոր խնդիրներն են` բույսերի աճման և զարգացման համար օդաջերմային, ջրի ու սննդի գործոնի ապահովման և վարելաշերտը փխրուն, կնձիկային վիճակի վերածելու միջոցով նպաստավոր պայմանների ստեղծումը, ճմուտի և մոլախոտային բուսականության կենսազրկումը: Հողի փխրեցման ընթացքում մեծանում է նրա ընդհանուր ծակոտկենությունը, ջրաթափանցիկությունը, որոնք հողում ջրի պաշար ստեղծելու տեսակետից մեծ նշանակություն ունեն հատկապես անջրդի երկրագործության պայմաններում: Հողի մշակման առանցքային հարցերից մեկը համարվում է ճմուտի (առվույտի, երեքնուկի, ) կենսազրկումը: Եթե դաշտում աճող նախնական բուսականությունը լրիվ չի ոչնչացվում, այն խոչընդոտ է հանդիսանում մշակվող բույսից բարձր բերք ստանալուն: Հողի հիմնական և նախացանքային մշակումների ճիշտ զուգակցված համակարգ կիրառելու դեպքում ճմուտի վերաճը բացառվում է, դրան կարելի է հասնել նաև ճմուտը սիստեմային համապատասխան հերբիցիդով մշակելով: Վարը կատարել դրանից մի քանի օր հետո: Հողի մշակման ճիշտ համակարգի կիրառումը նաև հզոր միջոց է վարելաշերտում ձմեռող վնասատուների ձվերի հարսնյակների ոչնչացման գործում: Գյուղացիական տնտեսություն վարողներին սեփականաշնորհված հողատարածքնները բավականին մասնատված են , ցանքաշրջանառության կիրառումը` գրեթե անհնար: Տարիներ շարունակ նույն հողակտորներում կատարվում են նույն մշակաբույսի (աշնանացան ցորեն, գարի) անհերթափոխ ցանք, արհեստականորեն նպաստավոր պայմաններ ստեղծում վնասատուների և հիվանդությունների համար, մյուս կողմից էլ, պայմանավորված հնարավորությունների բացակայությամբ, չեն իրականացվում սերմաթարմացման աշխատանքներ, ինչի արդյունքում ստացվում է ցածր, անորակ բերք: Աշնանացան ցորենի մշակության համար լավագույն նախորդների ընտրությունը բարձր ու կայուն բերքի ստացման հիմնական պայմաններից մեկն է: Անջրդի երկրագործության և մթնոլորտային տեղումներով աղքատ պայմաններում լավագույն նախորդ է հանդիսանում սև ցելը, որը հնարավորություն է տալիս հողում կուտակել ու պահպանել խոնավությունը և պայքարել մոլախոտերի դեմ: Լավ նախորդ են նաև մաքուր և զբաղված ցելերը, վաղ ցելը, թիթեռնածաղկավոր բազմամյա մշակաբույսերը: Ագրոտեխնիկական միջոցառումների շարքում շատ կարևոր է հողի նախապատրաստումը աշնանացան ցորենի համար: Աշնանացան ցորենը շատ զգայուն է վարի խորության նկատմամբ: Դաշտը զբաղեցնող մշակաբույսի բերքահավաքից անմիջապես հետո պետք է կատարել խոզանի երեսվար 7-8սմ խորությամբ, ուշացնելու դեպքում հողի մակերեսի արագ գոլորշիացման պատճառով այն չորանում և կոշտանում է` դժվարացնելով երեսվարի կատարումը և գցելով որակը: Կարևոր է նկատի ունենալ, որ եթե նախորդ մշակվող հացահատիկի դաշտը ուժեղ վարակված է եղել հացահատիկի ժանգերով, ապա նպատակահարմար է այդ դաշտը ժանգի սպորների վերացման նպատակով վառել և նոր միայն ձեռնարկել հողի մշակման աշխատանքները: Երեսվարը կանխում է խոնավության կորուստը, նպաստում հողի մակերեսային շերտում գտնվող վնասատուների և հիվանդությունների ոչնչացմանը, մոլախոտերի սերմերի ծլմանը, ծլարմատավոր և կոճղարմատավոր մոլախոտերի ճնշմանը: 2-3 շաբաթ անց կատարվում է խոր վար` 27-30սմ: Աշնանացան ցորենի բերքատվությունը և հատիկի որակը հիմնականում կախված է վեգետացիայի ընթացքում բույսերի հանքային սննդատարրերի ապահովվածությամբ: Պարարտանյութերը աշնանացանների մշակության ժամանակ հող են մտցվում հիմնական վարի տակ` ցանքային սնուցման եղանակով: Վարից առաջ պետք է կատարել հիմնական պարարտացում գոմաղբով` 30-40տ/հա, հանքային պարարտանյութերով` P90-120K120N30 նորմաներով: Եթե նախորդը եղել է բազմամյա խոտերի դաշտ, նշված քանակություններն իջեցնել 50%-ով: Ազոտը հող մտցնել մի քանի նվագով. ցանքակից` 1/3-ը, սնուցման ձևով` 2/3-ը: Պարարտանյութերի նորմաները սահմանելիս անպայման հաշվի առնել նախորդ մշակաբույսը: Տեխնոլոգիական կարևոր միջոցառում է հողի շրջումը վարի ժամանակ, որը հողի մշակման ամենակարևոր և դժվարին աշխատանքն է: Հողի շրջման ընթացքում կենսունակությունից զրկվում է ճմուտը, վարածածկվում հողի մակերեսին եղած խոզանային մնացորդները, հողին տված օրգանական և հանքային պարարտանյութերը, վնասատուների ձմեռող ձվերն ու մոլախոտերի սերմերը: Շրջման ընթացքում տեղի է ունենում հողի վարելաշերտի առանձին շերտերի տեղափոխում. մակերեսի փոշիացած շերտը փոխադրվում է ներքև, իսկ տակի կնձիկային քիչ թե շատ հարուստ շերտը` բարձրանում վերև և տեղի է ունենում հողի միկրոօրգանիզմների վերաբաշխում ամբողջ վարելաշերտի խորությամբ: Դա նպաստում է միկրոկենսաբանական պրոցեսների էլ ավելի ակտիվացմանը և վարածածկված օրգանական մնացորդների քայքայմանը: Հողի մշակության կարևոր միջոցառումներից է դաշտի փոցխումը, այն կատարվում է վարի ակոսների նկատմամբ որոշ թեքությամբ: Փոցխումը նպաստում է ջրի կորուստների կանխումը, գրգռում մոլախոտային բուսականության աճը, որը հետագայում` կուլտիվացիայի ընթացքում, ոչնչանում է: Փոցխումը նպաստում է հողի մակերեսի հարթեցմանը, ինչը խիստ կարևոր է ցանքի, ցանքի խորության, ոռոգման կազմակերպման ու բերքահավաքի աշխատանքների արտադրողականության բարձրացման համար: Կուլտիվացիան կատարվում է փոցխումից մի քանի օր հետո` ցանքի խորությամբ: Բոլոր դեպքերում հողի նախացանքային մշակությունը պայմանավորվում է տվյալ դաշտում ցանվող մշակաբույսի կենսաբանական առանձնահատկություններով, առաջին հերթին` ցանքի ծամկետով, եղանակի պայմաններով, դաշտի կամ նրա առանձին մասերի դրիքով, ռելիեֆով և այլն: Հողի նախացանքային մշակության աշխատանքները պետք է սկսել այն ժամանակ, երբ հողը ֆիզիկական հասունության վիճակի է հասել և պետք չէ շտապել կամ ուշացնել: Հողի հասունացումը հողի այն վիճակն է, երբ լավ է մշակվում, ճիմը հեշտ է կոտրվում-փշրվում, հողը թույլ է կպչում մշակվող գործիքներին և ստացվում է բարձր տեխնոլոգիական վար: Հողի հասունացմամբ որոշում են նրա մշակելու ժամանակը: Այս դեպքում անհրաժեշտ հողը ափի մեջ սեղմել, գունդ սարքել և շպրտել գետնին: Եթե գունդը չի փլվում դեռևս ժամանակը չէ հողը մշակել, եթե փլվում է` ժամանակն է: Աշնանցանի մշակության գործում կարևոր նշանակություն ունի հողի մակերեսի հարթեցումը: Այն կատարվում է ցանքից 5-10 օր առաջ` նպատակ ունենալով պաշպանել ցանքի միևնույն խորությունը ամբողջ դաշտի համար, բարձրացնել ցանքի և բերքահավաքի մեքենաների արտադրողականությունը և այլն: Մշակաբույսերի սերմերի արագ ծլելու համար անհրաժեշտ է հողը նստեցնել (գլանում): Նստեցման միջոցով վերականգնվում է հողի մազականությունը, նպաստում հողում խոնավության կուտակմանը: Այն կատարվում է ցանքից առաջ, երբեմն` հետո: Նպաստում է նաև թփակալման հանգույցի մակերեսին մոտ ձևավորմանը և քամիների միջոցով հողատարման թուլացմանը: Նշված բոլոր միջոցառումներով է պայմանավորված նաև ցանքի ժամկետի ընտրությունը:



To top