< Դեղձի 10 առողջարար հատկություն, որոնց մասին չգիտեիր
09.09.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՍԻՐՈՒՄ ԵՍ ՀՈՂԸ, ՀՈՂԸ ՔԵԶ ԿՍԻՐԻ…

Արմավիրի մարզի Արազափ գյուղի բնակիչ, 60 ամյա Ազիզ Սադոյանին հանդիպեցինք դաշտում: Ընտանեկան բիզնեսի նման մի բան է ստեղծել և հարազատների հետ 2 հա տարածքի վրա մշակում է` լոլիկ,սմբուկ, տաքդեղ, ձմերուկ, սեխ. << Ես եմ, հորաքրոջս տղան, կինս, քույրս, քրոջս ամուսինը: Պետք է բանվոր վարձեինք, աշխատանքի համար վճարեինք, իսկ այսպես մենք ենք բոլոր գործերը անում: Աշխատանքը ավելի սրտացավ է լինում, բերքը ավելի առատ: Ստացված բերքը վաճառում ենք, եկամուտները կիսում>>,- ասում է նա, հետո ժպտալով ավելացնում. << Բացի բարեկամ լինելուց, նաև խնամիական կապերով ենք իրար հետ կապված, այնպես որ տարաձայնություններ ընդհանրապես չեն լինում>>: Չփորձելով գլուխ հանել եզդիական ազգակցական խառը կապերից, գնում ենք ծանոթանալու Ազիզի հարազատների հետ. մինչ հարազատներին հասնելը, Ազիզը հպարտությամբ ցույց է տալիս հավաքված բերքը` արկղերի մեջ գեղեցիկ դասավորված կարմիր ու մեծ պոմիդորները, պարկերի մեջ` արևածաղիկը, տաքդեղը, սմբուկը, սեխը, ձմերուկը <<համբերատար <<սպասում են>> շուկա գնալուն: Սրտաբաց, ասող- խոսող մարդ է Ազիզը, .<< Ամեն իչից գլուխ եմ հանում: Էն վատ տարիներին գյուղի ատամնաբույժն էի: Համագյուղացիներս գալիս էին, ատամները քաշում էի, տնական օղի հյուրասիրում ու ճանապարհում էի տուն>>: Թե որտեղ ու ինչ պայմաններում էր ձեռք բերել ատամնաբույժի մասնագիությունը` չասաց. << Բա՞ մարդը ցավի մեջ տառապում էր, հետն էլ փող չուներ, որ գնար ատամնաբուժարան, ոնց չօգնեի>>. Հետո հարցով դիմում է ինձ. << դու լինես չե՞ս օգնի: Մարդս պետք է մարդ մնա` ամեն տեսակ դժվարություններից անկախ>>,- սա է արազափցի հողագործի փիլիսոփայությունը. << Վատն էն է, որ գյուղացիները կտրվում են հողից, մեր գյուղի կեսից ավելին դրսերում է` խոպան կամ մշտական բնակության են մեկնում: Գյուղը դատարկվում է, հողերը մնում անմշակ: Դժգոհում են եկամուտ չլինելուց, բայց, եթե չմշակես, որտեղից եկամուտ ստանաս` դու հողին սեր ու ուշադրույթուն ես տալիս, նա քեզ` եկամուտ: Ես որ մեծ ցավ եմ ապրում, այս հողի տերը մենք ենք, մենք պետք է պահենք ու շահենք այն>>: Իմ այն հարցին, թե գոհ են այս տարվանից, պատասխանում է` չնայած տարին սակավաջուր էր, շոգ էր, բայց քանի որ մինչև այժմ գրեթե բերքի իրացման խնդիր չենք ունեցել, քիչ թե շատ ձեռնտու գնով կարողացել ենք վաճառել` ուրեմն գոհ ենք: <<Գոհ ենքը>> Ազիզ Սադոյանի շութերից հենց այնպես չի հնչում: Դժգոհելու պատճառ չունի` հինգ երեխա ունի, տասներկու թոռ, արդեն հասցրել է երկու ծոռի քաղցրությունն էլ տեսնել: Լիքը տուն ունի, դժվարություներ կան, բայց առանց դժվարությունների էլ կյանքը չի պատկերացնում: Գոհ է կյանքից, այնքանով է գոհ, որ իր խնդիրների ու հոգսերի հետ միասին, մտածում է նաև համայնքի բարօրության մասին: Վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանի մարզ կատարած այցի ընթացքում առիթը չէր կորցրել ու վարչապետից գյուղի համար տրակտոր էր խնդրել ու տրանսֆորմատոր` արտեզյան հորը աշխատացնելու համար: Վարչապետը չէր մերժել: <<Տրակտորը արդեն գյուղում է, արտեզյան հորն էլ նախապատրաստում են գործարկման>> հպարտորեն նշում է Ազիզ Սադոյանը: << Դու աղջիկ ջան վայելի մեր բերք ու բարիքից, ես գնամ շուկա` բերքը իրացնելու>> ներողություն հայցող հայացքով ասում է հողագործը << Մեզ այսքան երկար պարապ կանգնել չի կարելի, կհիվանդանանք>> կատակում է նա, հետո ավելացնում. << Ամռան օրը տարի է կերակրում, գյուղացու կողմից մեղք է հենց այնպես օրը անցկացնելը>>: Ընտանիքի անդամներին առաջադրանքներ է տալիս, մեզ` հրաժեշտ, նստում է մեքենան ու գնում հարևան գյուղի մեծածախ շուկան: Վերադարձի ճանապարհին Ազիզ Սադոյանն ու հարազատներն էին աչքիս առաջ: Եզդի հողագործների գերդաստան, որ նախնիների անասնապահական ավանդույթները թողած կապվել են հարազատ հողին ու բերք ու բարիք են աճեցնում` չվախենալով ոչ ամռան շոգից, ոչ ոռոգման ջրի պակասից, բոլոր դժվարություներից անկախ: Ականջումս Ազիզ Սադոյանի խոսքերն են. << Դրսում շատ հարազատներ ունեմ, կանչում են այնտեղ ապրելու: Գնում եմ, չեմ դիմանում, վերադառնում եմ: Հետո էլ գնամ ինչ անեմ, երբ սա է իմ հայրենիքը, այս հողի տերը նաև մենք ենք>>:



To top