<  ԱՀԱԶԱՆԳ
07.08.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Խնկեղեգ եղեգնային

Հայկական տարանունները - ագարակի խոտ, ալպուճ, ակիր, բաղշտակ, բաշխ, եղեգնախունկ, շառավ, շավառեղեգ Դեղաբույսի նկարագրությունը: Նվիկազգիների ընտանիքին պատկանող, մինչև 70 սմ բարձրության, եռանիստ ցողունով բազմամյա խոտաբույս է: Ունի հերթադիր, նշտարաձև կամ թրաձև, մինչև 1 մ երկարության տերևներ, ոլորուն, սողացող կոճղարմատ: Ծաղիկները մանր են, երկսեռ, իսկ պտուղը բազմասերմ, կարմիր հատապտուղ է: Բույսը ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, սակայն պտուղները երբեք չեն հասունանում: Բույսը բազմանում է միայն վեգետատիվ ճանապարհով (կոճղարմատով):   Այն սերմերով բազմանում է միայն իր հայրենիքում` Չինաստանում և Հնդկաստանում: Մեզ մոտ հանդիպում է միայն եղեգնային խնկեղեգը, որն աճում է կանգնած ջրերում, գետափերին, տղմոտ հողերում, ճահճուտներում` հաճախ տալով համատարած բուսուտներ: Մեր հանրապետությունում խնկեղեգն աճում է միայն Էջմիածնի շրջանում, այն էլ սահմանափակ տարածքներում: Ամբողջ բույսն ունի հաճելի բույր և դառը համ: Մեկ բույսի կոճղարմատի տարեկան աճը չի անցնում 150 գ-ից:   «Ակոռուս» բառը հունական ծագում ունի: Պլինիոսը այն բացատրել է որպես հակաակնախտային, ելնելով այն բանից, որ դեղաբույսը հնում կիրառվել է աչքի հիվանդությունների դեպքում: Իսկ «կալամուս» հունարեն նշանակում է եղեգ, ելնելով այն բանից, որ բույսը հաճախ աճում է եղեգնուտներում: Հայերեն խնկեղեգ բառը կապվում է այն բանի հետ, որ անցյալում բույսից հայ եկեղեցականները պատրաստել են խունկ:   Քիմիական բաղադրությունը: Կոճղարմատում և տերևներում պարունակվում են 1-3,5% եթերայուղ, դառը գլիկոզիդ` ակորին, դաբաղանյութեր, կուպր, խեժ, էքստրակտիվ նյութեր, մինչև 21% օսլա, կարոտին, C, E վիտամիններ, խոլին, ալկալոիդներից` կալամին, կալամենոլ, պալմիտինաթթու:   Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում է բույսի կոճղարմատը, որն աշնանը հանում են բահով, լվանում, հեռացնում են արմատները և տերևները, թողնում 1 օր արևի տակ, ապա կտրատում 15-20 սմ երկարության ու չորացնում տանիքում կամ լավ քամհարվող սենյակում: Պատրաստի հումքը պահում են թղթով փաթաթված վիճակում` թիթեղյա տուփերի մեջ, 3 տարի ժամկետով: Դեղաբույսն ունի կիրառման հին պատմություն: Նրա մասին դեռևս նշել են Հիպոկրատը, Թեոֆրաստը, Պլինիոսը, Դիոսկորիդը և Գալենը` որպես նյարդային համակարգը տոնուսավորող, ստամոքսաաղիքային խիթերը հանգստացնող, լուծը դադարեցնող, հակաջերմային և միզամուղ միջոց: Համաձայն Ս.Ա. Վարդանյանի տվյալների, Ամիրդովլաթը դեղաբույսը օգտագործել է որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող, կոճղարմատը` որպես ստամոքսային և խուխամուղ միջոց: Բժշկապետի նշումով կոճղարմատի ծուփն օգնում է հին հազին, իսկ եփուկը կամ թուրմը` լյարդի և ստամոքսի ուռուցքներին, մեզի քանակի ավելացմանը և այլն:   Առաջավոր և միջին Ասիայի ժողովուրդները դեղաբույսն օգտագործում են կրծքավանդակի օրգանների մի շարք հիվանդությունների, ինչպես նաև անեմիաների ժամանակ: Հնդկաստանում այն համարում են որպես միջատասպան և տոնուսավորող` նևրոզների ժամանակ, նաև ասթմայի և օձի կծելու դեպքերում: Տիբեթում ևս կոճղարմատը համարում են օրգանիզմը տոնուսավորող, ինչպես նաև ճիճվամուղ: Դեղաբույսն այստեղ օգտագործում են միաժամանակ եղունգային հիվանդությունների դեպքերում կիրառվող սպեղանիների մեջ: Չինաստանում խնկեղեգը ճանաչում են որպես օրգանիզմի ընդհանուր ուժերը խթանող, հակալուծային և փքահան միջոց: Այստեղ դեղաբույսն օգտագործում են նաև ռևմատիզմի, խոցային հիվանդության, թերսեկրետոր քրոնիկական գաստրիտների ժամանակ: Ըստ չին բժիշկների, բույսի ոգեթուրմը լավացնում է տեսողությունը և լսողությունը: Կոճղարմատը` տերևների հետ, եփուկի ձևով տալիս են ջերմերի ժամանակ, իսկ նույնը` լոգանքի ձևով, նշանակում են որպես թարմացնող միջոց: Դեղաբույսն օֆիցինալ է մեզ մոտ և մի շարք այլ երկրներում: Փորձերով պարզված է, որ կոճղարմատում պարունակվող դառը գլիկոզիդ ակորինը բարձրացնում է համզգաց նյարդերի ռեցեպցիան, ռեֆլեկտոր կերպով ուժեղացնում ստամոքսահյութի, հատկապես աղաթթվի արտազատումը, բարձրացնում է լեղարտադրությունը, լյարդի և լեղապարկի տոնուսը, ավելացնում` դիուրեզը: Բացի այս բոլորից, դեղաբույսը ցուցաբերում է նաև հակաբորբոքիչ ազդեցություն (Ա.Դ. Տուրովա): Մեր կողմից խնկեղեգի կոճղարմատն օգտագործվել է քրոնիկական տարբեր սեկրետոր և մոտոր շեղումներով ընթացող գաստրիտով հիվանդների մոտ: Մենք փորձել ենք պարզել ինչպես ժողովրդական, այնպես էլ գիտական բժշկության մեջ գոյություն ունեցող այն փաստը, թե ինչով է պայմանավորված դեղաբույսի օգտակարությունը և´ թերսեկրետոր, և´ գերսեկրետոր գաստրիտների պայմաններում: Մեզ հաջողվեց պարզել, որ դեղաբույսի փոքր դոզաները` 0,1- 0,2 գ, փոշու ձևով, օրական 3 անգամ ուտելուց առաջ օգտագործելիս, ստամքսի սեկրետոր և մոտոր ֆունկցիաներն ակտիվանում են. հետևաբար, թերսեկրետոր բնույթի գաստրիտով հիվանդների համար նման դեղաչափերը միանգամայն բավարար արդյունք են տալիս: Գերսեկրետոր բնույթի գաստրիտով հիվանդների մոտ փոքր դոզաները ոչ միայն չեն նորմալացրել հյութի և նրա բաղադրատարրերի պատկերը, ընդհակառակը, հաճախ ի հայտ են բերել արդեն դրդված ֆոնի վրա` նոր դրդում: Այս խմբի հիվանդներին կոճղարմատի փոշին նշանակել ենք մեծ դոզաներով` 0,3-0,5 գ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ, և արդյունքը եղել է այն, որ առաջ է եկել հիվանդների մեծամասնության ստամոքսահյութի ժամային լարվածություն և նրա կարևոր բաղադրատարրերի արտազատման որոշակի արգելակում, մի հանգամանք, որը միանգամայն բարելավել է այս բնույթի հիվանդների վիճակը: Այսպես, մեր տվյալներով, խնկեղեգի կոճղարմատի պատրաստուկները (բացի փոշուց, խոսք է գնում նաև ջրաթուրմի և եփուկի մասին) փոքր դոզաներով ցուցված են միայն թերսեկրետոր, իսկ մեծ դոզաներով` գերսեկրետոր քրոնիկական գաստրիտների և խոցային հիվանդության ժամանակ:   Կիրառման եղանակները: Կոճղարմատից ջրաթուրմ պատրաստելու համար 3-4 գ մանրացրած հումքը 1 ժամ թրմում են 250 մլ եռման ջրում և ըմպում միանվագ, օրը 2 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ: Ավելի թունդ ջրաթուրմ պատրաստելու համար վերոհիշյալ դոզան նույն քանակի ջրի մեջ կրկնապատկվում է կամ 1 թեյի գդալ հումքը նույն ձևով թրմում են 200 մլ եռման ջրում, ապա ընդունում միանվագ` օրական 2 անգամ, կամ` 1 թեյի գդալ հումքը 1 բաժակ սառը ջրում 5 ժամ թրմելուց հետո եռացնում են ու գոլ վիճակում ողողման ձևով օգտագործում ստոմատիտների և լարինգիտների ժամանակ:   Եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 2-3 բաժակ ջրում, փակ ամանի մեջ եփում են 15 րոպե, հովացնում ու քամում, ապա ըմպում 1-ական բաժակ, օրական 3 անգամ` մարսողության խանգարումների ժամանակ, կամ` 15 գ (1 ճաշի գդալ) հումքը 1 բաժակ ջրում եփում են 20 րոպե, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ: Կամ` 8-10 գ հումքը 1 լ ջրում 30 րոպե եռացնելուց հետո ըմպում են 150-ական մլ, օրական 2 անգամ, ուտելուց առաջ: Կոճղարմատի փոշին ընդունում են 0,3-0,5 գ (մեծ դոզաներ) օրը 3 անգամ` գերսեկրետոր քրոնիկական գաստրիտների և խոցային հիվանդությունների ժամանակ: Ոգեթուրմ պատրաստելու համար 20 գ կոճղարմատը, 100 մլ 70° սպիրտի մեջ տաք տեղում թրմում են 8 օր, ապա ընդունում 20-ական կաթիլ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ` ջրով կամ շաքարով: Այս ոգեթուրմով թրջված տամպոնը կարելի է օգտագործել նաև ատամնացավի ժամանակ: Կանացի հիվանդությունների դեպքում նստած լոգանքի համար վերցնում են 30 գ հումք` 1 լ եռման ջրին:   Եթերայուղը` 1-2 կաթիլ կաթեցնելով շաքարի վրա, տալիս են ծծելու հիսթերիայի և հիպոխոնդրիայի ժամանակ: Վիկալինը և վիկաիրը բաց են թողնվում հաբերի ձևով. օգտագործվում են քրոնիկական գերսեկրետոր, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ:Այլ օգտակար հատկանիշները: Տերևարմատից պատրաստում են մուրաբա: Բույսից ստացվող եթերայուղը մտնում է մրգային էսենցիաների բաղադրության մեջ: Այն ավելացնում են թխվածքներին, օշարակին, օգտագործվում է պարֆյումերիայում, ձկնարդյունաբերության մեջ, ոգելից խմիչքների և օճառի արտադրություններում:



To top