< Օգոստոս ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի
05.08.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ամառային վարունգի մշակություն

Տաք ամառային ամիսները, համեմատաբար մեղմ, երկարատև աշունը, ոռոգելի ջրի բավարար առկայությունը ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները` խոզանացան վարունգի արդյունավետությունը բարձրացնելու, հարուստ, որակյալ պտուղ և սերմ ստանալու համար: Ամառային ցանքերը կատարվում են վաղահաս մշակաբույսերից ազատված հողերում (աշնանացան ցորեն, վաղահաս կաղամբ, կարտոֆիլ, լոբի, գարի և այլն): Խոզանացան վարունգը պետք է մշակել երկկողմանի և միակողմանի ժապավենաձև սխեմայով` (90+70)/2x25-30 սմ, ընդ որում` ժապավենի գծերի միջև լայնությունը պետք է լինի 90 սմ, միջ-ժապավենային տարածությունը` 70 սմ, իսկ միջբուսային հեռավորությունը շարքերում` 25-30սմ:   Սերմերի նախապատրաստումը Ցանքի համար ընտրվում են ամենախոշոր և լիքը սերմերը, որոնք կարելի է ցանել չոր և թրջած վիճակում: Թրջած սերմերը սովորաբար ցանում են ձեռքով, որպեսզի ծիլերը չջարդվեն: Ցանքը կատարում են ակոսի թմբի հողի վրա` 25-30 սմ հեռավորության փոսիկներում, 2-3 հատ սերմերով և ծածկում 3-4 սմ հողաշերտով: Խոզանացան վարունգի ցանքը կատարվում է հուլիսի 15-20-ը: Խորհուրդ է տրվում ցանքի ժամանակ յուրաքանչյուր բնի շուրջ շաղ տալ թունավոր գրավչանյութ (1:10` բազուդին և համակցված կեր)`ծիլերը հողաբնակ վնասատուներից պաշտպանելու համար: Բվիկների դեմ սրսկում են ամբուշի կամ ցիմբուշի 0.2 %, ինչպես նաև`սումիցիդինի 0.1 % էմուլսիայով: Շոգ և չորային եղանակային պայմաններում, վարունգի խոզանացան մշակության դեպքում, խորհուրդ է տրվում ցանքից 2-3 օր հետո դաշտը մեկ անգամ ևս ջրել և, մինչև 5-6 տերևի առաջ գալը, ջուր տալ չափավոր կերպով, բացառապես օրվա զով ժամերին: Իսկ այն դեպքում, եթե բույսերը դիմանում են, գերադասելի է չջրել: Դրա փոխարեն ծիլերը ժամանակին նոսրացնել` թողնելով յուրաքանչյուր բնում 2-ական բույս, իսկ խոնավությունը պահպանելու համար դաշտը քաղհանել ու փխրեցնել: Հինգից վեց տերևի առաջ գալուց հետո, դաշտը ջրել, իսկ հողի քեշի գալուց հետո նոսրացնել վերջին անգամ, յուրաքանչյուր բնում թողնելով մեկ բույս: Այնուհետև նորից քաղհանել և կատարել խորը բուկլից: Գլխավոր ցողունի աճին զուգընթաց, անհրաժեշտ է կատարել բույսերի ուղղում: Խորը բուկլիցից հետո դաշտը լրիվ մաքրել մոլախոտերից, մինչև ծաղկելը և մինչև առաջին պտուղների կազմակերպվելը չջրել կամ ջրել չափավոր: Դրանից հետո, պտղաբերության ամբողջ շրջանում, յուրաքանչյուր բերքահավաքից հետո, դաշտը 4-5 օրը մեկ անգամ ջրել` ելնելով բույսի պահանջից: Վարունգի մշակման ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում ջրման ռեժիմին, որը խախտելիս, բերքն ամբողջապես կարող է փչանալ: Վարունգի դաշտի քաղհանն ու փխրեցումներն ավարտվում են հիմնականում մինչև առաջին պտուղների տեխնիկական հասունացումը, որից հետո, նպատակահարմար է, որքան հնարավոր է, դաշտ քիչ մտնել և բույսերին ձեռք չտալ: Ամբողջ վեգետացիայի շրջանում վարունգը 1-2 անգամ փխրեցվում է, 2-3 անգամ քաղհանվում: Բացի այդ, անհրաժեշտ է 2 անգամ սնուցել ազոտական պարարտանյութերով` 90 կգ/հա ազդող նյութի հաշվով: Առաջին սնուցումը տալ խորը բուկլիցի ժամանակ, երկրորդը` բերքը 1-2 անգամ հավաքելուց հետո: Վարունգի բերքը հավաքել վաղ առավոտյան կամ երեկոյան հովին: Բերքը հավաքել մեծ խնամքով, թաղերը հնարավորինս շատ չխառնելով, միաժամանակ բույսերն ուղելով: Բերքի հաճախակի (2-3 օրը մեկ անգամ) հավաքումը նպաստում է բերքատվության բարձրացմանը:Պահածոյացման նպատակով բերքը հաաքել պտուղների 8-12 սմ երկարության հասակում:



To top