<  ՔԼՈՐՈԶ
21.07.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Խաղողի այգիներում հանքային պարարտանյութերի համալիր պարարտացման օպտիմալ չափաքանակների ներդրում

Ծրագրի նպատակները: Հանքային պարարտանյութերի համալիր պարարտացմամբ բարձրացնել խաղողի այգիների արդյունավետությունը, հողի բերրիությունը, բերքի քանակը և որակը:   Խնդիրները. 1. Խաղողի այգու պարարտացում ազոտական, կալիումական և ֆոսֆորական պարարտանկութերով՝ օպտիմալ չափաքանակներով: 2. Պարարտանյութերի կիրառման ժամկետների խստիվ պահպանում: 3. Համեմատական ուսումնասիրության իրականացում ներդրվող և ֆերմերի կողմից ավանդական եղանակով պարարտացվող տարբերակների միջև: 4. Հողի բերրիության, բերքի որակի ուսումնասիրություններ: Տեխնոլոգիայի նկարագրությունը. Խաղողի վազը պատկանում է գյուղատնտեսական այն կուլտուրաների շարքին, որոնք նրբին ձևով ենթարկվում են արտաքին պայմանների ամենափոքր փոփոխություններինԽաղողի բարձր ու կայուն բերք հնարավոր է ապահովել միայն բոլոր ագրոմիջոցառումների ճիշտ և ժամանակին կիրառելու դեպքում: Անհնարին է բարձր բերք ստանալ ամբողջ կոմպլեքսից որևէ միջոցառում աչքաթող անելու դեպքում: Խաղողի բարձր բերքի ապահովման և նրա որակի կանոնավորման գործում շատ մեծ է պարարտացման դերը: Ապացուցված է, որ հանքային պարարտանյութերի ճիշտ օգտագործման դեպքում, բերքատվության բարձրացման հետ միասին, պահպանվում է նրա որակը, և, ընդհակառակը, վազի սխալ սնման ռեժիմի դեպքում պարարտանյութերը բացասաբար են ազդում բերքի որակի վրա: Պարարտանյութերից յուրաքանչյուրը բույսի կյանքում ունի որոշակի տեղ և որևէ մեկի բացակայության դեպքում խախտվում են բույսի կենսական գործընթացները և իջնում է բերքատվությունը: Ագրոմիջոցառումների թվում կարևոր աշխատանքներից մեկը օրգանական և հանքային պարարտանյութերի համատեղ կիրառումն է: Հիմնական օրգանական պարարտանյութը գոմաղբն է և չնայած այն լիարժեք պարարտանյութ է, սակայն անհնար է խաղողի այգիները լիարժեքորեն պարարտացնել գոմաղբով/ գոմաղբի քանակը սահմանափակ է/: Հանքային պարարտանյութերը այգու համար ունեն մեծ նշանակություն: Խաղողի այգիներում կանոնավոր կերպով պարարտանյութեր մտցնելով` հողը հարստացնում են քիմիական նյութերով, դրանով իսկ նպաստում վազերի աճեցմանը, զարգացմանը, ինչպես նաև նրանց բերքատվության բարձրացմանը: Հարկավոր է խուսափել խաղողի այգիներում միակողմանի կամ սահմանված նորմայից ավելի ազոտական պարարտանյութեր կիրառելուց: Երբ ազոտական պարարտանյութերը օգտագործվում են միակողմանի, առանց ֆոսֆորականի և կալիումականի, բացասաբար են ազդում բերքի որակի վրա՝ իջնում է խաղողի շաքարայնությունը, և, ընդհակառակը, բարձրանում է թթվությունը: Բացի դրանից, երիտասարդ տերևները հեշտ են վարակվում սնկային հիվանդություններով, ազոտի պարունակությունն ավելանալու պատճառով պտուղները լավ չեն գունավորվում, իջնում է սեղանի գինու որակը, պակասում է դաբաղանյութերի քանակը, գինին դառնում է հեշտ պղտորվող: Ազոտական պարարտանյութեը անհրաժեշտ է օգտագործել գարնանը ՝ կանաչ մասսա ստանալու նպատակով: Ֆոսֆորական պարարտանյութերը արագացնում են վազի հասունացումը, նպաստում նրա աճին ու բերքատվության բարձրացմանը: Ֆոսֆորը մտնում է բարդ սպիտակուցի կազմի մեջ, որը մեծ դեր է խաղում բջջակորիզի կազմավորման գործում: Ֆոսֆորաթթվային միացությունները նպաստում են խաղողահյութի լավ խմորմանը: Կալիումական պարարտանյութերի դերը այգիների համար չափազանց մեծ է, մասնավարապես, նպատում է շվերի փայտացմանը, բարձրացնում է բույսերի ցրտադիմացկանությունը: Հանրապետությունում հիմնականում օգտագործում են ազոտական պարարտանյութեր, քանի որ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի քանակը խիստ սահմանափակ է: Հայտնի է, որ խաղողի միջին բերքատվության դեպքում ամեն տարի վազերը մեկ հեկտար տարածությունից վերցնում են մոտավորապես 50-80կգ ազոտ, 30-60կգ ֆոսֆոր և 50-100կգ կալիում, հետևապես վազը հողում պետք է այդ նյութերի բավարար պաշարը ունենա, հակառակ դեպքում կխախտվի վազի նորմալ աճը, կընկնի նրա բերքատվությունը: Ծրագրի սկիզբը`ապրիլի սկիզբ, ավարտը` նոյեմբեր: Ակնկալվում է, որ արդյունքում կբարձրանա տնկարկների արդյունավետությունը, բերքատվությունը, բերքի որակը, կբարելավվի հողի բերրիությունը: Ծրագիրը իրականացվում է Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում, ֆերմեր` Տիգրան Հարությունյանի խաղողի այգում: Ծրագրի հետազոտողներն են Գ Մելյանը, Ա. Վարդանյանը, Սամվել Սարգսյանը



To top