< ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
12.06.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ինչպե՞ս լավ ինքնազգացողություն ունենալ ամռանը

Ամառն իր հետ մի շարք դրական զգացումներ է բերում, բայց շոգը շատերի համար իսկական փորձություն է: Ամռան թունավորումներն ու մարսողական խնդիրները շատանում են, իսկ շոգ եղանակին շատերն իրենց վատ են զգում, թուլանում են: Եթե ուզում եք ամռանը միշտ լավ ինքնազգացողություն և բարձր տրամադրություն ունենալ, ապա.   Շատ մի կերեք: Շատ ուտելը ստիպում է մեր օրգանիզմին ավելի շատ էներգիա ծախսել ավելորդ կերակուրը մարսելու համար` ավելի կարևոր պրոցեսներին էներգիա տրամադրելու փոխարեն: Բացի այդ, շատ ուտելը մեծացնում է ավելորդ քաշ ունենալու հավանականությունը, իսկ ավելորդ քաշը, ինչպես հայտնի է, շատ հաճախ վատ զգալու և առողջական խնդիրներ ունենալու նախադրյալ է դառնում: Այդ իսկ պատճառով, մասնագետները խորհուրդ են տալիս ամռանը ուտել միայն առողջ սնունդ` քաղցը հագեցնելու և օրգանիզմին անհրաժեշտ էներգիա ապահովելու համար:   Ամռանն անհրաժեշտ է ուտել օրական հինգ անգամ՝ փոքր չափաբաժիններով: Եթե սովոր եք ուտել օրը երեք անգամ, նոր սովորություն ձեռք բերեք թեթևակի ուտել նախաճաշի և ճաշի, ինչպես նաև ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածում: Նախապատվությունը տվեք մրգերին, բանջարեղենին և կաթնամթերքին, քանի որ դրանք օգտակար են, թեթև, հեշտ են մարսվում և չեն ծանրաբեռնում ձեր մարսողական համակարգը:   Կերեք միայն թարմ մթերք: Այս խորհուրդը շատ կարևոր է, քանի որ ամռան շոգին մթերքն ավելի շուտ է փչանում, քան ձմռանը: Պետք է շատ զգույշ լինել, քանի որ ամռանը մեծ է թունավորվելու հավանականությունը: Երբ մթերք եք գնում, անպայման ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին:   Շատ հեղուկ խմեք: Ամռանը մեր օրգանիզմին երկու անգամ ավելի շատ հեղուկ է հարկավոր, քան ձմռանը: Հեղուկների մեծ քանակությունն առավել կարևոր է այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են սպորտով, հաճախ են ֆիզիկական վարժություններ անում և ընդհանրապես ֆիզիկապես ակտիվ են: Մեր օրգանիզմին ամռանը հարկավոր է միջինը 2,5-3,5 լիտր ջուր (կամ էլ 30 մլ մարմնի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց): Բայց հիշեք, որ մեր օրգանիզմը հեղուկ է ստանում նաև մրգերից և բանջարեղեններից: Ուստի աշխատեք չափից շատ ջուր չխմել, հակառակ դեպքում կսկսեք ուժեղ քրտնել և օրվա ընթացքում տհաճ ծանրություն կզգաք ձեր մարմնում:   Աշխատեք խուսափել ալկոհոլային խմիչքներից: Ալկոհոլր ջրազրկում է օրգանիզմը, իսկ շոգ եղանակին դա բավական վտանգավոր է: Բացի այդ, ալկոհոլը կարող է ուժեղ քրտնարտադրության պատճառ դառնալ, որը նույնպես մեծ բեռ է օրգանիզմի համար: Բայց եթե շատ եք ուզում խմել, կարելի է խմել կարմիր գինի` օրական 200-250 մլ ոչ ավելի:



To top