< Սոխ, որ բացում է արյունատար անոթները և աշխուժացնում արյան շրջանառությունը
10.06.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Խաղողի վազի հիմնական հիվանդությունները

1.Միլդիու կամ կեղծ ալրացող - Արարատյան հարթավայրում միլդիուն հայտնի է «չոռ», հյուսիս-արևելքում՝ «կարմրուկ», այլ շրջաններամ նաև «խորշուկ» անուններով: Հիվանդության զարգացումը պայմանավորված է եղանակային պայմաններով և հաճախ սկսվում է արդեն մայիսի սկզբներին: Տերևների վրա ի հայտ են գալիս դեղնավուն, կլոր բծեր, խոնավ եղանակին տերևի հակառակ մակերեսին, բծերին համապատասխան տեղերում առաջանում է ալրանման (կեղտասպիտակավուն) փառ: Հետագայում տերևի վրայի բծերր ստանում են կարմրագորշավուն երանգ՝ այրվածքի նման: Հիվանդաթյան զարգացմանը հատկապես նպաստում են օդի բարձր հարաբերական խոնավությունը, տևական անձրևները: Պայքարի միջոցառումները - Միլդիուի և խաղողի վազի մյուս հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է վաղ գարնանը հեռացնել վարակված տերևներն ու շվերը, ժամանակին կատարել շվատում և բճատում, չոր և կանաչ կապ, համալիր պարարտացում: Քիմիական պայքար` առավել արդյունավետ է ֆունգիցիդներով, նախազգուշական /մինչև հիվանդության հանդես գալը/ սրսկումները, առաջին սրսկումը կատարել, երբ օդի միջին ջերմաստիճանը 10–12ՕC է, տևական անձրևներից հետո: Սրսկման ժամկետն ընտրելիս ճիշտ կլինի կողմնորոշվել վազի զարգացման փուլերով: Այսպես, առաջին սրսկումը պետք է կատարել, երբ առաջացել են 3-5 իսկական տերևներ, երկրորդը՝ ծաղկումից առաջ, երրորդը՝ ծաղկումից հետո: Անհրաժեշտության դեպքում սրսկումները շարունակել 10-15 օր ընդմիջումներով: Առաջարկվում է բորդոյան հեղուկի 1%-անոց (10լ ջրին 100 գրամ չհանգած կիր + 100 գրամ պղնձարջասպ: Կիրը և պղնձարջասպը պատրաստվում են առանձին ոչ մետաղյա տարաներում, ապա պղնձարջասպը լցվում է կրաջրի վրա), ռիդոմիլ գոլդ 68-ի 2,5%-անոց (10 լիտր ջրին 25 գրամ), կուպրօքսատի 0,5%-անոց (10 լիտր ջրին 50 գրամ) պատրաստուկներից որևէ մեկը: Ցանկալի և արդյունավետ է վերը նշված պատրաստուկների փոխեփոխ` մեկընդմեջ կիրառումը: Չպետք է մոռանալ, որ բորդոյան հեղուկը համատեղելի չէ այլ պատրաստուկների հետ:   2.Օիդիում կամ իսկական ալրացող - Արարատյան հարթավայրում անվանում են «սև», հյուսիս արևելքում «թոզ»: Զարգացումը սկսվում է սովորաբար մայիսի կեսերին: Տերևների վրա առաջանում են փոքր կլոր բծեր, որոնք պատված են սպիտակ, ալրանման փառով: Շիվերը կարող են վարակվել մինչև վազի ծաղկելը և վարակը տարածվում է ծաղիկների, տերևների ու պտուղների վրա: Վաղ վարակի դեպքում պտուղները դադարում են աճել, չորանում ընկնում են, ուշ վարակվելիս պտուղը պատվում է սպիտակամոխրագույն փառով, պատռվում է, վարակը կարող է հասնել մինչև սերմերը, կորիզը: Խոնավ եղանակին այդպիսի պտուղները արագ փտում են: Պայքարի միջոցառումները - Առաջարկվում է վարակված շվերը հեռացնել ու ոչնչացնել: Արդյունավետ են ծծմբային պատրաստակները՝ աղացած ծծումբ` 25-30 կգ/հա, կոլոիդ ծծումբ` 9-10 կգ/հա (1%-անոց կախույթ): Լավ, բարձր արդյունավետաթյուն են ցուցաբերում բայլետոնի կամ տոպազի հեկտարին 250-300 գրամ/մլ սրսկումները (ձեռքի սրսկիչներով սրսկելիս 5 գրամ 10 լ ջրին): Ճիշտ և արդյունավետ է առաջին սրսկումր կատարել բողբոջների ուռչման փուլում, երկրորդը՝ ծաղկումից առաջ, երրորդը՝ ծաղկումից հետո, անհրաժեշտության դեպքում 14-15 օր ընդմիջումներով կատարել հաջորդ սրսկումները: Սրսկումներն հարկ է դադարեցնել բերքահավաքից առնվազն 20-25 օր առաջ:   3.Մոխրագույն փտում - Հիվանդությունը ուժեղ է զարգանում հատկապես տևական անձրևներից հետո: Վարակվում են միայն պտուղները, որոնք պատվում են մոխրագույն փառով, ունեն անդուր համ: Վաղ վարակի դեպքում պտուղները կարող են լրիվ չորանալ, փչանալ: Հիվանդությանը նպաստում են վնասատուներով, հատկապես` ողկուզակերով, վարակվելը: Պայքարի միջոցառումները - Արդյունավետ են բայլետոնի և տոպազի 0.03%-անոց, ռավրալի 0.15%-անոց լուծույթներով սրսկումները: Առաջին սրսկումը ծաղկումից առաջ, երկրորդը՝ պտուղների կազմակերպման սկզբում, հետագայում 15-18 օր ընդմիջումներով: Ժամանակին ու ճիշտ պայքար տանելով վնասատուների, հատկապես ողկուզակերի դեմ:   4.Խաղողի անտրակնոզ - Այս հիվանդությամբ վարակվում են վազի բոլոր կանաչ օրգանները՝ շիվերը, պտուղները, տերևները, տերևակոթերը: Ամենից շատ հիվանդությունն արտահայտվում է տերևների վրա, տերևների առաջանալուց անմիջապես հետո, սկզբում հազիվ նկատելի բաց դարչնագույն կետերի, բծերի տեսքով: Հետագայում բծերը մեծանալով՝ դառնամ են գորշավուն, մուգ մանուշակագույն երիզով` օղակով, որից հետո, հիվանդ հյուսվածքի տեղը թափվում, ընկնում է, տերևը ծակծկվում է: Տերևակոթունների, ինչպես նաև տերևի ջղերի վրա, բծերն ընդունում են խոցերի տեսք: Պայքարի միջոցառումները - Աշնանը կտրել հեռացնել անտրակնոզով վարակված շիվերը, մաքրել այգիները թափված տերևներից, չորացած պտուղներից, ճյուղերից (մատերից): -ժամանակին կատարել չոր և կանաչ կապը, ծերատումը, բճատումը: -Կատարել նախազգուշական /մինչև վարակվելը/ սրսկումներ այն ֆունգիցիդներով, որոնք առաջարկվում են միլդյուի դեմ (բորդոյան հեղուկ 1%-անոց, կուպրօկսատ 5 կգ/հա, անտրակոլ՝ 2 կգ/հա, պոլիխոմ՝ 6 կգ/հա, պղնձի օքսիքլորիդ՝ 6կգ/հա, ռիդոմիլ գոլդ 68՝ 2.5 կգ/հա և այլն): Շատ արդյունավետ է տելդոր պատրաստուկի 1լ/հա /10լ ջրին 10 մլ/ սրսկումը: Շատ կարևոր, որոշիչ նշանակություն ունի սրսկման ժամկետը: Առաջին սրսկումը կատարել առաջին տերևների հայտնվելուն պես, Երկրորդ սրսկումը կատարել ծաղկումից առաջ, Երրորդը սրսկումը կատարել ծաղկումից անմիջապես հետո: Կուպրօքսատը, անտրակոլը, բորդոյան հեղուկը կոնտակտ թույներ են, հարկ է սրսկել այնպես, որ ծածկվի տերևի երկու երեսը: Այս պատրաստուկները կարող են լվացվել անձրևներից, և եթե սրսկմանը հաջորդել են անձրևներ, հարկ է սրսկումը կրկնել: Բայլետոն, տոպազ, տելդոր պատրաստուկները սիստեմային, ներբուսային, ռիդոմիլը կազմված է և սիստեմային և կոնտակտ ազդող նյութերից: Սիստեմային պատրաստուկները սրսկումից 1,5-2 ժամ անց ներծծվում են բույսի մեջ և տեղացող անձրևները չեն նվազեցնում դրանց արդյունավետությունը: Բոլոր սրսկումները պետք է դադարեցվեն բերքահավաքից 25 օր առաջ:



To top